Անցած շաբաթ օրը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման գրասենյակը եւ շարժման հիմնադիրներ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանները: Վերջիններիս նաեւ հարցաքննել են: Խուզարկությունների առիթը փողերի լվացման կասկածանքին է առնչվում. խուզարկությունն իրականացնողները Վ. Շիրխանյանի բնակարանից 28 հազար, Ա. Արզումանյանի բնակարանից` 50 հազար դոլար են հայտնաբերել: Խուզարկվողներն այդպիսի մեղադրանքը ծիծաղելի են համարում` նկատելով, որ առայժմ չգիտեն, թե ինչի՞ մասին է խոսքը: Ա. Արզումանյանը հրաժարվել է ցուցմունք տալ` ասելով, որ այդ կանի, եթե իրեն մեղադրանք ներկայացնեն: Նրա կարծիքով` տեղի ունեցածը քաղաքական պատվեր է, ընտրություններից առաջ մարդկանց վախեցնելու փորձ, մանավանդ որ առգրավվել են շարժման համակարգիչներն ու տարբեր փաստաթղթեր: Ըստ Վ. Շիրխանյանի` այս բոլորը տեղի ունեցան այն ժամանակ, երբ շարժումն ակտիվացրեց իր գործունեությունը եւ մտադիր էր իշխանություններին փոխելու համար աջակցել ընդդիմությանը:
Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, հակադրվելով լրագրողի կարծիքին, տեսակետ է հայտնել, թե խուզարկությունները չեն կարող կապ ունենալ ընտրական գործընթացների հետ, իսկ այդ բոլորին նրա կարծիքով կարելի է գնահատական տալ, երբ ավելի հստակվի իրավիճակը: ԱԱԾ-ի տեղեկությամբ էլ` խուզարկվածները 2005 թվականից հետախուզման մեջ գտնվող մոսկվաբնակ գործարար Լեւոն Մարկոսի հետ պայմանավորվածություն են ունեցել կասկածելի փողեր Հայաստան բերելու եւ օրինականացնելու վերաբերյալ: Ճշմարտանման թվալու համար խանգարում է խուզարկությունների` ընտրություններից մեկ շաբաթ առաջ կատարված լինելու հանգամանքը. «Եթե ինչ-որ մեկը փող է լվացելՙ գնացեք գտեք. ես հրաժարվել եմ այդ թեմայով խոսել ընդհանրապես», լրագրողներին ասել է Ա. Արզումանյանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ