ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այս տարի բուժսպասարկման առաջնային օղակում անվճար դեղորայք կարող են ստանալ ոչ թե մինչեւ 3, այլ մինչեւ 7 տարեկան երեխաները:
Հիշեցնենք, որ պոլիկլինիկաներն անվճար դեղորայք տրամադրում են միայն հիվանդանոցային էպիկրիզի կամ պոլիկլինիկայի բժշկի նշանակման հիման վրա:
Տարվա մյուս կարեւոր նորույթը ապրիլի 1-ից քաղաքացիների զանգվածային գրանցումներն են տեղամասային մանկաբույժների, թերապեւտների, ընտանեկան բժիշկների մոտ: Միջոցառման նպատակը անկետային թվայնացված բազայի ստեղծումն է: Արդեն սկսած հոկտեմբերի 1-ից, գործողության մեջ կմտնի բժշկի ազատ ընտրության նոր իրավունքը: Պարտադիր չէ, որ ընտրված բժիշկը լինի նույն պոլիկլինիկայից, որ մինչ այդ սպասարկել է բնակչին:
Նորույթը գործողության մեջ մտնելուն պես բժիշկների ֆինանսավորումը կիրականացվի իրենց մոտ գրանցված քաղաքացիների թվին համապատասխան: Այս մեխանիզմը հնարավոր է, որ նաեւ բժիշկների մասնագիտական ու մարդկային որակի բարձրացման ազդակ դառնա, քանի որ բժիշկն ակամա կախյալ վիճակում է հայտնվում այն քաղաքացիներից, որոնք իրեն ընտրելու են հանուն իր մասնագիտական արժանիքների: Հռչակված, հայտնի մասնագետների մոտ կուտակումների վտանգ չի առաջանա, քանի որ, ըստ սահմանված կարգի, մի բժշկի մոտ կարող են գրանցվել 2300-ից ոչ ավելի բնակիչներ: Իսկ ի՞նչ է լինելու այն բժիշկների հետ, որոնց չի հաջողվի անգամ նվազագույն` 1000 բնակչի չափ հիվանդներ հավաքագրել: Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը երեկ տեղեկացրեց, որ դեռեւս հստակեցված չէ, թե ինչպես են վարվելու այսպիսի դեպքերում:
Ինչ վերաբերում է հիվանդանոցների վերանորոգումներին ու նորացմանը, ապա Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցներով արդեն ավարտվում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան վերանորոգումը:
Այստեղ մոտավորապես 744 մլն դրամի նորագույն սարքավորումներ են տեղադրվել եւ ավելի քան 275 մլն դրամի շինարարություն է իրականացվել: Շինարարություն է սկսվել նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատանն ու պոլիկլինիկայում: Այստեղ եւս մոտ 1 մլն 800 հազար դոլարի նորագույն սարքավորումներ կտեղադրվեն: Այս բոլոր միջոցառումների շնորհիվ երկու հիվանդանոցները կդառնան ժամանակակից, նորագույն բժշկական կահավորումով ծառայություններ: Համաշխարհային բանկի փորձագետների հետ նախատեսվում է նաեւ մշակել եւ կիրառել միջազգային ստանդարտների համապատասխան զարգացման նոր ծրագրեր: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երրորդ խոշոր բժշկական կենտրոնը` Քանաքեռ-Զեյթունը, ժամանակակից բժշկական սարքավորումներ կստանա ու կնորոգվի Բեռլինի բժշկական կազմակերպություններից մեկի հետ ակնկալվող համագործակցությամբ:
Համատեղ համագործակցության ծրագրեր են նախատեսվում իրականացնել նաեւ ավանդական գործընկեր Մոսկվայի, Լոս Անջելեսի, Բեռլինի եւ Պոտսդամի բժշկական կազմակերպությունների հետ: