Մայիս ամիսը մեր ազգի համար հաղթանակների ամիս է ու մշտապես մեծ շուքով նշում ենք այդ տոները: Մայիսի ութին լրանում է Շուշիի ազատագրման 15-ամյակը եւ հենց մայիսի ութը հայտարարվել է երկրապահի օր: Հայկական բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձների տոնակատարությունների շրջանակում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը փետրվարից-մայիս ամիսներին ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում եւ հայկական բանակի զորամասերում անց է կացնում տոնական համերգաշար: Հերթական միջոցառումը կայացավ Վաղարշապատ քաղաքի մշակույթի պալատում: Միջոցառմանը հրավիրված էին եւ մասնակցում էին ՊՆ ներկայացուցիչներ, Էջմիածնի տարածքում տեղակայված զինվորական 3 զորամասերի զինվորներ ու զինծառայողներ, ազատամարտիկներ, Հայրենական պատերազմի վետերաններ, զոհված ազատամարտիկների հարազատներ եւ ուրիշներ:
Համերգային ծրագրին մասնակցեցին Երեւանից ժամանած համույթներ, որոնց էլ միացել էին նաեւ Էջմիածին քաղաքի մշակույթի տան համույթներն ու անհատ կատարողները: Տոնական համերգին մասնակցում էին նաեւ ՊՆ Սպայի տան, «Զորական» վոկալ համույթի զինվորները, որոնք երկու ամսից զորացրվելու են: Համերգի ավարտին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը հանդիսությանը ներկա երեք զորամասերի հրամանատարություններին, Էջմիածնի Երկրապահ կամավորական միության տարածքային բաժանմունքի նախագահ Ժորա Հովսեփյանին հանձնեց հիմնադրամի շնորհավորական ուղերձները, իսկ 13516 զորամասի շարքայիններ Տիգրան Մելիքսեթյանին, Կոնդալով Արթուրին, Հայկազ Օհանյանին, 86365 զորամասից ավագ Էսկար Գեւորգյանին, 41096 զորամասիցՙ Գեւորգ Մանվելին հանձնվեց թանկարժեք ժամացույցներ: Տոնական այդ օրը չմոռացվեցին երկրապահ կամավորականները, որոնք առաջինը անձնուրաց կերպով մեկնեցին հայրենիքի սահմանները թշնամուց պաշտպանելու: Ցավոք նրանցից շատերը տուն չվերադարձան, սակայն երբեք չմոռացվեցին... Միջոցառման ընթացքում պատանի երկրապահ ակումբի սաները ցուցադրեցին հրաշալի վարժական ելույթներ ու ծաղկեփնջեր, նվերներ մատուցեցին զոհված ազատամարտիկների հարազատներին: Էջմիածնի քաղաքապետարանը ի դեմս քաղաքապետ Գարիկ Ավագյանի եւ ԵԿՄ նախագահ Ժորա Հովսեփյանի դրամական նվերներ հանձնեց զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, մաղթելով նրանց համբերություն ու գալիքի նկատմամբ հույս ու հավատ: Մայիսի 8-ի հաղթանակի տոնի, Երկրապահի օրվա առիթներով շնորհավորական ուղերձից բացի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամարա Պողոսյանը ջերմ ու անկեղծ խոսքեր հղեց մեր ազգային ազատագրական պայքարում վարած հաղթանակներին մասնակցած երկրպահներին, կամավորական ջոկատներին ու զինվորներին եւ որպես հիշատակ ԵԿՄ-ը անդամներ Մարտին Մովսիսյանին, Գագիկ Պետրոսյանին, Ֆյոդոր Սահակյանին, Բենիկ Ջանգիրյանին եւ Վրեժ Սարգսյանին հանձնեց ժամացույցներ: Մ. Մովսիսյանը երկրապահի կողմից շնորհավորեց բոլորին ու դիմեց զինվորներին. «Երկրապահը ձեզ պարգեւել է խաղաղ երկինք, այն սրբությամբ պահեք, որ ոչ մի թշնամի չփորձի ոտք դնել մեր սուրբ հողը...»: «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրեն Ռուբեն Շարբաթյանը այդ օրը դարձել էր 55 տարեկան եւ այդ առիթով Թ. Պողոսյանը նրան հանձնեց հիմնադրամի շնորհավորական ուղերձը եւ հուշանվեր: Անմասն չմնաց հիմնադրամը, լավագույն տոնական միջոցառում կազմակերպելու համար Էջմիածնի քաղաքապետարանի կողմից Թ. Պողոսյանին հանձնվեց շնորհակալական ուղերձներ եւ Վարդան Բալայանի մանրանկար աշխատանքներից մեկը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ