ՓԱՐԻԶ, 7 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը ասել է, որ եթե իր մեծերը չզոհվեին ցեղասպանության ժամանակ, այժմ ինքը կլիներ աշխարհի ամենահայտնի թուրք երգիչը: Ինչպես հաղորդում է «Haberler.com»-ը, այս մասին Ազնավուրն ասել է «France-2» հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի մարդկանց կյանքի մասին պատմող «Vivement Dimanche» ծրագրին մասնակցելու ժամանակ:
«Vivement Dimanche» ծրագրի հաղորդավար Միշել Դրյուկերնը խոսելով Ազնավուրի կյանքի եւ ստեղծագործական գործունեության մասին, նշել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը եւ ավելացրել, որ նախորդ տարի կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթը մեկնաբանելու ժամանակ ինքը հույս է հայտնել, որ մի օր էլ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչի պատճառով իր խոսքերին բազմաթիվ հաղորդագրությունների միջոցով հակազդեցություն են ցույց տվել թուրքերը:
Հաղորդավարի հարցին, թե «մի՞թե դուք թուրքահայ չեք», Ազնավուրը պատասխանել է. «Այո, ես թուրքահայ եմ: Ընտանիքս Իզմիրից է: Երբ անցած տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ Թուրքիան Հայաստանին 10 միավոր տվեց, անկեղծորեն ողջունեցի այդ քայլը եւ ասացի, որ Թուրքիային 12 միավոր եմ տալիս, ինչի համար ինձ ոչ ոք շնորհակալություն չհայտնեց: Բայց եթե իմ մեծերը չզոհվեին ցեղասպանության ժամանակ, ես հիմա կլինեի աշխարհի ամենահայտնի ոչ թե ֆրանսիացի, այլ թուրք երգիչը»: