Ընտրարշավն այսօր ավարտվում է, եւ կարելի է փաստել, որ համարյա ընթացավ նախօրոք գծված սխեմաներով: «Փիար» տեխնոլոգիաներ են կոչվում դրանք, թե այլ կերպ` համենայն դեպս երկու մեծ ուժերի` ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» ընտրարշավի բոլոր դետալները գոնե վերջին տասնօրյակում լավ մտածված էին, եւ դրանց գլխավոր դերակատարներն այդ սխեմաներից դուրս գալու փորձեր համարյա չեն արել: Ընդ որում` ԲՀԿ «փիար» մասնագետները նույն մարդիկ են, որոնք 98-ից հետո կազմակերպում էին նախագահ Քոչարյանի եւ նրան սատարողների քարոզարշավները, հատկապես դրանց հեռուստատեսային տարբերակը, եւ հիմա մի փոքր ավելի հղկել ու կատարելագործել են իրենց աշխատաոճը` բացթողումները նվազագույնի հասցնելով:
Այս քարոզարշավը հավակնորդ հիմնական ուժերը, կարելի է ասել, կառուցել են ընտրազանգվածի պահանջարկի վրա: Ծրագրերի մրցակցության կամ ծրագրային դրույթներով քարոզարշավ անելու բացակայությունից խոսելը ճիշտ եւ իրատեսական չէ ոչ թե այն պատճառով, որ ծրագրերն են միմյանց նման կամ այդպիսիք բացակայում են, այլ` որ քաղաքական ուժերի մեծ մասը շատ լավ պատկերացրել է ընտրողների սպասելիքները. ընտրողներին ավելի շատ հուզում են սոցիալական կարգախոսները, եւ հենց դրանցով էլ խաղ էին անում քաղաքական ուժերը: Այստեղ հարկ է գծել այսօրվա ընտրողի նկարագիրը: Մի քանի տարի առաջվա համեմատ` այն բավական փոխվել է, եւ նրանց մեծ մասին ոչ մեկի ծրագիրն էլ չի հետաքրքրում: Ժամանակին, երբ ասում էինք, թե ժողովուրդն օտարվում է քաղաքական գործընթացներից` այս ընտրարշավի ընթացքում շատ լավ հայտածվեց. մարդկանց մեծ մասին իրենց սոցիալական վիճակի բարելավումից բացիՙ այլ բան չի հետաքրքրում, որովհետեւ այլ բանի համար պետք է կարողանաս օրվա հաց վաստակելու հոգսից ուղեղն անջատել եւ քաղաքականությամբ հետաքրքրվել: Իսկ քաղաքական գործընթացներով հետաքրքրվածները համեմատաբար քիչ են, եւ դա բոլորովին իրենց մեղքը չէ: Երբ ընդդիմության մի շերտն ասում է` այս ու այն անձերին հեռացնենք, ընտրազանգվածի մեծ մասն անհաղորդ է մնում, քանի որ վստահ չէ` մի խումբ անձանց մի այլ խմբով փոխարինելը իրենց վիճակը բարելավելու է, թե ոչ: Այդ պատճառով իշխանություններին հեռացնելու կարգախոսներով հանդես եկող քաղաքական ուժերի շուրջը գուցե քարոզարշավի հետեւանքով ընտրազանգվածը մի փոքր ստվարացել է, բայց կրիտիկական զանգված նրանց չի սատարելու, քանի որ հայ ընտրողին մեծ մասամբ կարելի է «սոցիալական ընտրող» պայմանական անունը տալ: Ահա այս հանգամանքի հետ են հաշվի նստել հիմնական քաղաքական ուժերը եւ ծրագրերը ներկայացնելը երկրորդ պլան մղելով` սոցիալիստական ՀՅԴ-ից ավելի սոցիալական կարգախոսներով են հանդես եկել, իսկ նրանց մեջ սոցիալական խոստումներով ամենաառաջնային տեղում ԲՀԿ-ն է: ԲՀԿ-ի ուրվագծվող հաջողության գրավականն էլ այդ է` նրա սոցիալական խոստումները այս վիճակից դուրս գալու եւ բարգավաճելու մասին, սոցիալական առօրյա փոքրիկ խնդիրները լուծելու նրա գործելակերպը սիրելի են ընտրողների լայն շերտի ականջին: Նույն կերպ ՀՀԿ-ն է վարվել` քարոզարշավի առաջին տասնօրյակում ավելի ծրագրերից խոսելով, ուրիշներին էլ ծրագրային քարոզարշավի հրավերներ անելով, սակայն տեսնելով, որ դա անտարբեր է թողնում ընտրողին, քարոզարշավի վերջում` կոնկրետ խոստումներ, այդ թվում` բավական սոցիալական բնույթի խոստումներ տալով: Այդպես էր վարվում «Ժառանգությունը»` ավելի լայն մտահոգություններ ներկայացնելով եւ բարելավման լուծումներ առաջարկելով ի հակադրություն «Իմպիչմենտի»` անձերի հեռացմանն ուղղված կարգախոսների: Առանց երկմտելու կարելի է ասել, որ սոցիալական հաճկատար քարոզչություն էր ծավալել ՕԵԿ-ը, Արտաշես Գեղամյանն իր թվերով եւ ահռելի ստվերից լայն զանգվածներին եկամուտների մեծ աճ խոստանալով: Ստեփան Դեմիրճյանի քարոզչությունը մշուշոտ ապագա էր ուրվագծում վատ ապրողներին` վառ պոպուլիզմի ու մեծ-մեծ խոստումների պակաս կար այնտեղ:
ԱԺԿ-ն եւ ՄԱԿ-ը խոսում էին շատերի համար բարձր ու անհասանելի բաներից: Կարապետիչի կուսակցությունը ոչ միայն խոստանում էր, այլեւ անցած բարեգործություններն էր հեռուստադիտողի աչքը խոթում:
Մի խոսքով` ով ոսկե սարեր չէր խոստանում, նա, ժողովրդի լեզվով ասած, «քաշվելու» է: Որ քարոզարշավը բարձր քարոզչությունից հեռու էր, ծրագրերի ու բարձր գաղափարների մասին շատ չեն խոսել` թելադրված էր ընտրազանգվածի պահանջներով ու բնութագրով: Այսինքն` մեր քաղաքական ուժերը հասկացան, որ չեն կարող խոսել մի բանից, ինչն ընտրողը չի ընկալում, եւ իրենք մոտեցան ընտրողի մակարդակին, չնայած ընտրողի մակարդակն ու պահանջարկը վերջին տարիների իրենց գործունեության արդյունք են. ընդդիմությունը հուսահատեցրել էր իր ընտրազանգվածին անվճռականությամբ եւ անմիաբանությամբ, իշխանական կուսակցություններից եւս նրա սպասելիքները չարդարացան: Արդյունքում ունենք այնպիսի ընտրող, որը տեղավորվեց առաջարկվող քարոզչական սխեմաներում, ակամա ենթարկվեց քարոզչության սոցիալական կարգախոսների թելադրանքին եւ հենց այդպես էլ ընտրելու է, որն ուրվագծված է քարոզչական սխեմաներում: Այդ սխեմաներում էր ՀՀԿ-ԲՀԿ առաջատարության` հեռուստատեսային-լրատվական առաջարկը, որը նաեւ ամրապնդվում էր սոցիոլոգիական հարցումների պաշտպանիչ գոտով: Իսկ քաղաքական ուժերից նա, ով սոցիալական խնդիրների լուծումից քիչ էր խոսում եւ առաջարկում էր բարձր գաղափարներ, դուրս էր նախօրոք գծված քարոզչական սխեմաներից, մեծ հույսեր թող չունենա, մեր ընտրողին բարձր գաղափարների ընտրող դարձնելու համար դեռ պետք է աշխատենք: Իհարկե, կա նաեւ քարոզարշավի ազդեցությանը չենթարկված ու գուցե մի ստվար զանգված ընտրողների բանակ, որոնց ընտրությունը սակայն տեղավորվելու է մեր գծած սոցիալական շրջանակում` տարբեր դրդապատճառներով: Կան նաեւ գաղափարական կուսակցությունների մշտական ընտրազանգվածները, որոնք սակայն որեւէ անակնկալ չեն մատուցի: Անակնկալներ կարող են մատուցել ընտրությունների օրը բաժանվող դրամն ու նյութական այլ շահագրգռիչները` միմյանցից ընտրողներ, իմա` տոկոսներ փախցնելու հնարավորություն տալով այս կամ այն ուժին:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ