«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2007-05-08 | #85, 2007-05-09 | #86, 2007-05-10


«ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ» ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ

Համոզված է արդարադատության նախարարը

Հիմնականում նախընտրական կացությանն էին առնչվում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված լրագրողների հարցերը երեկ «Ռեգնում» գործակալությունում: Ինչպե՞ս էր պատասխանում դրանց արդարադատության նախարարն ու միաժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության միջազգային դիտորդների հետ աշխատանքը համակարգող պատասխանատուն:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինի քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանն այն կարծիքը հայտնեց, որ խորհրդարանում ներկայացված կլինեն 6-7 կուսակցություններ եւ ընդդիմությունը «շատ լուրջ ձեւով ներկայացված կլինի»:

ՀՀԿ-ն, արդարադատության նախարարի հավաստմամբ, դեմ է մարդկանց հարկադրաբար նախընտրական միջոցառումներին բերելուն, բայց ավտոբուսներով բերելը կազմակերպչական հարց է: Համենայն դեպս, ըստ նրա, կուսակցությունը քայլեր ձեռնարկում է, որ նման դեպքեր չկրկնվեն: Եղած որոշ խախտումների համար կուսակցությունում կարգապահական գործընթացներ են գնում: Դավիթ Հարությունյանը նաեւ վստահ է, որ Հանրապետականը թույլ չի տա, որ խախտումներ լինեն ընտրություններում, բայց փողոցներ դուրս չի գա: Այդ ուղղությամբ, համաձայն նախարարի, հիմա քայլեր արվում ենՙ ուսուցողական ձեռնարկներից մինչեւ իրազեկման նպատակ ունեցող ֆիլմեր:

Հայաստանի վարչապետն օգտագործո՞ւմ է իր պաշտոնական դիրքը եւ խախտում ընտրական օրենքը, երբ նախընտրական հանդիպումների է մեկնում: Այս հարցին Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ վարչապետը կատարում է օրենքով տրված լիազորություններն ու պարտավորությունները:

Դավիթ Հարությունյանի կարծիքով, կուսակցությունների գործառնական ծախսերը չի կարելի շփոթել նախընտրական քարոզչության հետ: Դահլիճների վարձակալում, պաստառներ եւ այլնՙ դա քարոզչություն է, իսկ կուսակցական տարածքային գրասենյակների օգտագործումըՙ ոչ: Իսկ «մանր-մունր խախտումներ», ըստ նախարարի, ամեն երկրում լինում են: Օրինակՙ ընտրացուցակների ճշգրիտ չլինելն արդեն օրենքի խախտում է, բայց դա չի նշանակում, որ դա հիմք է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար: Միաժամանակ չբացառվեց հավանականությունը, որ որոշ քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքների առնչությամբ կդիմեն դատական ատյաններին: Վերջիններս, նախարարի հավաստմամբ, պատրաստ են դրան, քանի որ «դատական համակարգը տարեցտարի աճում է եւ կատարելագործվում»:

Հետընտրական ժամանակաշրջանում կարեւորվող ոլորտներից լինելու է դատաիրավական համակարգում բարեփոխումների շարունակումը եւ տեղական ինքնակառավարման համակարգի ուժեղացումը: «Ազգի» այն հարցին, թե ինչո՞ւ է առաջնահերթ կարեւորվում դատավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացման թեզը, այլ ոչ թե դրան համարժեք մյուս քայլերն այս ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարելու համար, նախարարն ասաց, որ մյուս բոլոր խնդիրների առնչությամբ աշխատանքներ տարվում են եւ առաջ շարժվում: Մասնավորապես, ըստ նրա, մշակվել են դատավորների վարքագծի խիստ կանոններ, պատրաստվում է որակապես նոր դատավարական օրենսգիրքը: Դավիթ Հարությունյանն ասաց նաեւ, թե սխալ է այն մեկնաբանությունը, որ դատավորների աշխատավարձերի բարձրացումն արվում է նրանց կաշառք վերցնելուց զերծ պահելու համար: Պարզվում է, դա արվում է դատավորի անկախությունն ապահովելու համար: «Դատավորները այդ անկախությունը հասկանում են որպես օրենքից անկախ գործելու հնարավորություն» մեր ռեպլիկին ի պատասխան, արդարադատության նախարարն ընդամենն ասաց, որ ոչ, անկախությանՙ օրենքի սահմաններում:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շուրջն ստեղծված իրավիճակի վերաբերյալ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը, ինչպես եւ հասարակությունը, չի տիրապետում այն ողջ տեղեկատվությանը, որն առկա է իրավապահ մարմինների մոտ: Սակայն նա այն կարծիքին է, որ եթե նրանք իսկապես խախտել են օրենքը, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն: Միաժամանակ նախարարն ասաց, որ հիշյալ անձինք ամենաակտիվը չէին ընդդիմադիր դաշտում:

Արդարադատության նախարարին նաեւ հարց ուղղվեց Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի դեմ «Գլոբալ գոլդ» ընկերության ներկայացրածՙ կաշառք պահանջելու մեղադրանքին: Դավիթ Հարությունյանը նշեց, որ ուղղակի մեղադրանք ուղղված նախարարին ընկերությունը չի ներկայացրել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4