Մայիսյան հաղթանակների օրը «ԲՀԿ»-ն հյուրընկալվեց Սիսիանում
Ապրիլի 8-ից մեկնարկած ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մոտենում է իր ավարտին: Քարոզարշավի վերջին օրերին սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) շարունակում է իր հանդիպումները հանրապետության տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, որոնք ոչ միայն ծանոթանում են կուսակցության ծրագրերին, լսում նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, այլեւ նրանից ստանում նվերներ հենց իրենց բնակավայրի համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի եւ Շուշիի ազատագրման 15-ամյակի օրըՙ երեկ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղավ Սիսիանում, որտեղ սիսիանցիների համար կազմակերպել էր տոնական համերգ եւ հրավառություն: «ԲՀԿ» քաղաքական խորհրդի անդամներին ու ղեկավար Գագիկ Ծառուկյանին Սիսիանի հրապարակում սպասում էին բազմաթիվ սիսիանցիներ: Մինչ նրանց հետ հանդիպելը ԲՀԿ ղեկավարն ու ներկայացուցիչները այցելեցին Շուշիի ազատամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշարձան եւ ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին:
««ԲՀԿ» ծնունդը ոչ միայն պահանջ էր քաղաքական դաշտում, այլեւ կենսական անհրաժեշտություն էր հասարակական կյանքում», սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ Սիսիանի տարածքային կառույցի համակարգող Աղասի Հակոբջանյանը: Նա ներկաներին հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միայն այս տարի Սիսիանում 5 բարեգործական ծրագիր է իրականացրել, որոնցից չորսը գյուղատնտեսական եւ մեկը առողջապահական: Առողջապահական ծրագրի շրջանակներում 40 եւ ավելի սիսիանցիներ վիրահատվել են Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոնում:
Երկրապահ կամավորական միության վարչության անդամ, պատգամավորության թեկնածու Ռուբեն Գեւորգյանը քաղաքի հրապարակում հավաքված սիսիանցիներին կուսակցության անունից շնորհավորեց մայիսյան հաղթանակների առթիվ: Նա շեշտեց, որ ԲՀԿ-ն հաղթանակների արժեւորմամբ է կերտելու բարգավաճ երկիր: «ԲՀԿ-ն մարտական ոգով, գաղափարների եւ ծրագրերի հարուստ զինանոցով մտել է քաղաքական դաշտՙ հոգալու ժողովրդի խնդիրները: ԲՀԿ-ն ձեր կողքին է, ձեր հետ. մենք սիրում ենք մեր հայրենիքը, մեր հողը եւ չունենք անիրագործելի խոստումներ տալու ցանկություն», հայտարարեց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, պատգամավորության թեկնածու Արեւիկ Պետրոսյանը:
«Սիրելի սիսիանցիներ, կուսակցության ստեղծումը անձնական շահեր չի հետապնդում, ես պաշտոն չեմ ուզում, ես պաշտոն ունեմ, ես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն եմ: Այսօր բոլորս մի նավի մեջ ենք եւ բոլորիս հետաքրքրում է մեր նավի ապագան, մեր երկրի ապագան, եւ ես ուզում եմ իմ հնարավորությունների սահմաններում օգնել ժողովրդին», սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանըՙ միաժամանակ իր խոսքն հասցեագրելով նաեւ Սյունիքի մարզի մյուս բնակավայրերիՙ Գորիսի, Կապանի, Մեղրիի բնակչությանը, որոնց հետ կուսակցությունը ժամանակի սղության պատճառով չի կարող հանդիպել:
Գագիկ Ծառուկյանը, սիսիանցիներին հավաստիացրեց, որ ժողովրդի հույսն ու հավատն իզուր չի անցնելու, ժողովուրդը չի խաբվելու, կուսակցության ծրագրերն իրականացվելու են, եթե կուսակցությունն ունենա ակնկալած հաղթանակը: Կուսակցության նախագահը մեկ անգամ էլ նշեց, որ կուսակցության ծրագրերը կազմվել ենՙ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրության հիման վրա, ինչպես նաեւ հաշվի են առնվել երկրի հնարավորությունները: Վերջում Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ ինչպես մարզաշխարհում են հաջողություններ գրանցել, այնպես էլ այս ասպարեզում են ձեռքբերումների հասնելու:
ՀԱՍՄԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆ, Սիսիան-Երեւան