«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2007-05-08 | #85, 2007-05-09 | #86, 2007-05-10


ԱԺՄ-Ի ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾՆ ԱՆՏԵՐ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ՆՐԱ ՏԵՐԸ ԱԺԿ-Ն Է

Ազգային ժողովրդավարական կուսակցությունն իր հաղթանակի գրավականը տեսնում է սեփական ուժերի հանդեպ մարդկանց հավատը վերականգնելու մեջ։ Քանիցս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն, որովհետեւ ավելի քան համոզված է, որ այս ընտրություններին մասնակցելու է ընտրողների 40 կամ 50 տոկոսը, գուցե եւ ավելի, նախորդ ընտրությունների 30 տոկոսի փոխարեն։

«Ուրբաթ» ակումբում երեկ հրավիրած ասուլիսում ԱժԿ նախընտրական շտաբի պետ Աշոտ Ավետիսյանը փաստեց, որ դրա համար կան ակնհայտ նախադրյալներՙ ստեղծված ոչ թե իշխանության, այլ հենց ժողովրդի կամքով, քանի որ վերջինս հոգնել է ու ձգտում է իր կյանքում փոփոխություն մտցնել։

Ընտրությունների կանխորոշված լինելու մասին խոսում են նրանք, ովքեր ջանում են ամեն գնով ժողովրդին հետ պահել ընտրություններին մասնակցելուցՙ երկրում ամեն ինչ նույնը թողնելու հեռահար նպատակով։

Այդ մտայնությունը կոտրելու համար իրենք իրենց քարոզարշավն անցկացրել են ոչ թե հանրահավաքներ անցկացնելով, բարձրախոսով խոսելով, այլ ժողովրդի հետ անմիջական զրույցի բռնվելով։ Տարիների կուտակած փորձառությունը ԱԺԿ-ին համոզել է, որ ընտրողին հարկադրաբար հանդիպման բերելը նրա մեջ ըմբոստություն է առաջացնում, ավելինՙ իր քվեն մեկ ուրիշին տալու անզուսպ ցանկություն։ Ընտրական տեխնոլոգիաներում մեծ փորձ ունեցող Ավետիսյանի համոզմամբ, մեծ զանգվածի հետ բարձրախոսով շփվելը չի ունենում այն ներգործությունն, ինչ դեմառդեմ զրուցելը։ Ժողովրդի դարդին դարման գտնելու համար կուսակցությունը ստեղծել է այսպես ասած քարոզչական մասնագիտացված խմբեր, օրինակ գյուղական վայրեր են մեկնել այդ ոլորտի խնդիրներին քաջատեղյակ մարդիկ, լսել գյուղացիներին, բանավիճել կամ ընդհանուր հայտարարի եկել։ Հանդիպումների ընթացքում իրենց համար պարզել են, որ կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանի հետ անմիջական զրույցի բռնվածների գերակշիռ մասը, ենթադրենք 20 հոգուց առնվազն 13-ը անմիջապես համակրում է նրան ու իր քվեն նրան տալու որոշում կայացնում։

Ավետիսյանն ընդունելի չի համարում վերջերս հնչած այն արտահայտությունը, թե «ԱԺՄ -ի ընտրազանգվածն անտեր է մնացել», որովհետեւՙ «նախ ձեւակերպումն է կոպիտ, եւ հետո այդ ընտրազանգվածն իր կողմնորոշմամբ հստակորեն ուղղորդված է դեպի ԱԺԿ։ ԱԺՄ-ի բազմաթիվ անդամներ ու կառույցներ տեղերում աշխատում են մեզ համար, Աժ Մ-ից պոկված այլ բեկորներ համագործակցում են մեզ հետ։ Այնպես որ, այդ ընտրազանգվածը հստակ կողմնորոշված է եւ ունի տեր, որը ԱԺԿ -ն է»։

Նրա դիտարկմամբ, բազմաթիվ բաղադրիչների առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ արդարության առումով այս ընտրություններն էապես տարբերվելու են նախորդներից, թեպետ ընտրողի ազատությունը կարող է որոշ չափով սահմանափակվել։ Արդարության հույս է ներշնչում նաեւ այն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կեղծման հնարավորությունները հասցվել են նվազագույնի։ Ավետիսյանը հավելեց, որ քարոզարշավը լուսաբանելիս նկատելի անկողմնակալություն են դրսեւորել գրեթե բոլոր լրատվամիջոցները։ Ընտրությունների «թափանցիկության» մասին խոսելիս նա առանձնացրեց հետեւյալը. «Այս ընտրությունները գուցե շատ «թափանցիկ» են անցնում, այն աստիճանի, որ նույնիսկ նախընտրական քարոզչության շրջանում բացահայտորեն ոտնահարվում է ընտրական օրենսգիրքը, հատկապես հոդված 22.1-ը։ Տպավորություն է ստեղծվում, թե մեր կառավարությունը կամ արձակուրդում է, կամ օրվա 24 ժամը ընդմիջման մեջ է։ Այս առումով, իհարկե, կան որոշակի մտավախություններ»։

Աշոտ Ավետիսյանը վերջերս լույս տեղած «Ընտրական օրենսդրության եւ ընտրական վարչարարության մասին» ձեռնարկի համահեղինակներից է։ Ձեռնարկում ներկայացված են ընտրություններին եւ ընտրական իրավունքին վերաբերող ՀՀ օրենսդրությունը, միջազգային փաստաթղթերը, փորձն ու չափորոշիչները։ Հրատարակվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Իտալիայի կառավարության եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աջակցությամբ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4