«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2007-05-08 | #85, 2007-05-09 | #86, 2007-05-10


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՆԿԱՐԵԼԸ ԿԸՀ-Ն ԱՐԳԵԼԵՑ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի երեք մասանոց որոշման անհրաժեշտությունը ծագել էր ընտրական գործընթացներով հետաքրքրված շերտերի մտահոգություններով, որոնց կարծիքով ընտրական օրենսգրքի համապատասխան կետերը միանշանակ պատասխան չէին տալիս այդ մտահոգություններին: ԿԸՀ նիստի երեք մասանոց որոշումը վերաբերում էր մայիսի 12-ի ընտրություններին ԸՕ-ի` ընտրողների գրանցմանն ու քվեարկությանը վերաբերող 55 եւ 56 հոդվածների միատեսակ կիրառության ապահովմանը, կարեւորելով քվեարկության գաղտնիությունը:

Այսպիսով ԿԸՀ-ն իր որոշմամբ ամրագրեց, որ քաղաքացին, ներկայանալով տեղամասային ընտրական հանձնաժողով, իրավունք ունի մասնակցելու երկու ընտրակարգով քվեարկություններին, բայց եթե նրանցից մեկը որոշի (եւ իրավունք ունի այդպես վարվելու), որ քվեարկելու է միայն մեկ ընտրակարգով, պետք է հիշի, որ երկրորդ անգամ ընտրատեղամաս ներկայանալ եւ հաջորդ ընտրակարգով քվեարկել նրան չի թույլատրվում: Նման դեպքում հանձնաժողովի քվեարկության համար պատասխանատու անդամը, մինչեւ համապատասխան սյունակում ստորագրելը, գիծ է դնում ընտրողի կողմից չստորագրված սյունակում` բացառելով նույն ընտրողի` երկրորդ անգամ տեղամաս ներկայանալու եւ քվեարկելու հնարավորությունը:

Որոշման երկրորդ կետը վերաբերում էր նրան, որ ընտրողը կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք ամրագրված են օրենքով. որոշմամբ արգելվում է քվեաթերթիկը դուրս տանել, ծրարի մեջ չդնել, քվեաթերթիկում նշումը նկարահանել: Հատկապես վերջինը ենթադրվող ընտրախախտումների շարքում է, եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները պետք է ուշադիր լինեն, որպեսզի վճարված ընտրողների կողմից բջջային հեռախոսով քվեարկությունը չնկարահանվի:

Երրորդ մտահոգությունը քվեարկության օրը տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկաններին էր վերաբերում. որոշվեց, որ վերջինս մեծամասնական կարգով քվեարկությանը մասնակցում է, եթե հաշվառված է այդ տեղամասն ընդգրկող ընտրատարածքում: Այս դեպքում խոսքը վերաբերում է տեղամասային կենտրոնում ընտրության օրը ծառայող եւ այդ տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված ոստիկանին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4