«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2007-05-08 | #85, 2007-05-09 | #86, 2007-05-10


«Prometeo» ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Թեեւ «Ազգային պատկերասրահ» 3-րդ երաժշտական փառատոնը նոր է մեկնարկել, կարծում ենք, իտալական «Prometeo» լարային քառյակի համերգը կարելի է դասել դրա առավել նշանակալի իրադարձությունների շարքին: Քառյակի կազմում են Մարկո Ֆիորին (առաջին ջութակ), Ալդո Կամպանյարին (երկրորդ ջութակ), Կարմելո Ջալլոմբադոն (ալտ), Ֆրանչեսկո Դիլլոնը (թավջութակ): Իտալիայի տարբեր քաղաքներից եկած այդ երաժիշտները, որոնք սկզբում նվագում էին սիմֆոնիկ նվագախմբում, 1993 թ. ստեղծեցին լարային քառյակ: Վերջինս Եվրոպայում լայն համբավի արժանացավ. մի շարք մրցանակներ ստացավ մրցույթներում (Բորդո, 1999 թ. Մյունխեն, 2000 թ.), միջազգային փառատոների մասնակցեց Վիեննայում, Պրահայում, Համբուրգում, Օլդբորոյում, Բելֆաստում եւ հայրենիքում:

Երեւանյան ելույթը հաստատեց քառյակի արժանի համբավը, նրա անհատական արտիստական «կողապատկերը»: Այն մեծապես պայմանավորված է «Պրոմետեոյի» ղեկավար Մարկո Ֆիորինիից բխող ընդհանուր երաժշտական կուլտուրայով: Համույթի ներդաշնակությունը, գործիքների տեմբրերի ստուգված համակշռությունն այդ քառյակում զուգորդվում են հնչողության բնականության հետ: Նրա ընդհանուր ներկապնակը տպավորվում է իր նրբագեղ քնարական կոլորիտով, մեղմ երանգավորմամբ եւ երաժշտական վիճարկելի աննկատ անցումներով: Իտալիայից եկած երաժիշտները մեզ ըստ էության առաջարկեցին զուսպ ոճով դասական լարային քառյակ, որի կողմնակիցներն այսօր միայն հին ավանդույթ ունեցող քառյակներն են: Այդ երեւույթն ուսանելի է նաեւ մեր հայկական կոլեկտիվների համար:

Երեկոյի ծրագրում են Յոզեֆ Հայդնի ռե մաժոր Լարային կվարտետը (երկ 20, N4) եւ Ֆելիքս Մենդելսոն-Բորտոլդիի թիվ 2 լա մինոր Կվարտետը (երկ 13): Այդ կվարտետները ներկայացան որպես տարբեր աշխարհներ, տարբեր հնչյունային բնապատկերներ: Հայդնի առավել պատմողական կվարտետում առանձնացավ ծավալուն 2-րդ մասը. դրա խորությունն ու խոհականությունը համահունչ էին Որմնանկարների սրահի խստությանը, որտեղ անցկացվում են «Ազգային պատկերասրահ» փառատոնի համերգները:

«Պրոմետեոն» արտահայտչականության ուրիշ կողմ ցուցադրեց Մենդելսոնի քնարական-հայեցողական կվարտետի կատարման ժամանակ: 18-ամյա կոմպոզիտորի կերտած քառամաս կվարտետը հնչեց որպես ուշ ռոմանտիզմն ու իմպրեսիոնիզմը կանխած երաժշտություն: Հենց Մենդելսոնի համար դա նաեւ ապագա ստեղծագործություններիՙ նրա գիշերերգերի եւ գիշերային տեսիլքների, առաջին հերթին «Ամառային գիշերվա երազի» կանխազգացումն է նրա վաղանցիկ, նուրբ կերպարներով, որոնցով կոմպոզիտորը հարստացրեց ռոմանտիկ դարաշրջանը:

Մենդելսոնի միաթեմա հայեցակարգ ունեցող կվարտետը կատարելիս «պրոմետեականները» մի կողմից ընդգծեցին անցողիկ սենտիմենտալ մոտիվի պահպանվածությունը (այստեղ առանձնահատուկ դեր խաղաց առաջին ջութակի պարտիան հանձին Ֆիորինիի), մյուս կողմից նրբագծերով առանձնացրին ֆակտուրայի հակադրությունները, ի հայտ բերեցին ստեղծագործության կերտման ժամանակի (1827 թ.) համար անսովոր հնչյունային գունագեղությունը:

Մենդելսոնի երկի կատարումից հետո Բելա Բարտոկի երկու ջութակի մի քանի դուետները («44 դուետ» շարքից) դարձան նեոֆոլկլորիզմի թարմ շիթ, ինչում 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտորը տիպար էր իր բազմաթիվ գործընկերների համար: Մ. Ֆիորինին եւ Ա. Կամպանյարին պարզապես հրաշալի նմանակեցին ժողովրդական գործիքների հնչողությունները:

Համերգում մեծ տեղ հատկացվեց հայտնի երգչուհի Աննա Մայիլյանի (մեցցո-սոպրանո) ելույթին, որը «Պրոմետեո» քառյակի հետ ստեղծագործական բարեկամության մեջ է: Նա մեներգում է Էռնեստ Շոսոնի ձայնի, լարային քառյակի եւ դաշնամուրի «Հավերժական երգում» (խոսքըՙ Ժ. Կրոյի), որտեղ դաշնամուրի պարտիան նրբորեն կատարում էր երիտասարդ, բայց արդեն իր տաղանդը զարգացրած Հայկ Մելիքյանը: Հատկապես վառ տպավորություն մնաց Յոհաննես Բրամսի ձայնի, ալտի (Կ. Ջալլոլոմբարդո) եւ դաշնամուրի (Հ. Մելիքյան) համար գրած «Երկու երգի» (երկ 91) կատարումից: Մայիլյանն այդ երկու երգերըՙ «Մեղմացած թախիծը» (խոսքը Ֆ. Ռյուկկերտի) եւ «Հոգեւոր օրորոցայինը» (խոսքՙ Է. Գայբելիՙ ըստ Լոպե դե Վեգայի) կատարել էր Երեւանում երկու տարի առաջ:

Աննա Մայիլյանի երգեցողության ոճը գրավում է զգացմունքների զսպվածությամբ, ինտելեկտուալությամբ, գեղարվեստական ճաշակով: Նա յուրաքանչյուր ֆրազին հաղորդում է բնորոշ ամբողջականություն, ընդսմին շեշտելով բառի նշանակությունը: Միաժամանակ նրա աշխատանքն արգասավոր է ստեղծագործության տեմբրային գուներանգի վրա: Երգչուհին իր թավշյա, ջերմ ձայնը ենթարկում է պատկերավոր խնդրին (հոգեբանական, պատմողական, կատակերգական, ողբերգական), ունկնդրին ստիպելով հուզականորեն վերապրել այն:

Այդ հատկանիշները լիուլի դրսեւորվեցին ծրագրի հայկական մասի կատարման ժամանակ: «Պրոմետեո» քառյակի եւ դաշնակահար Մելիքյանի հետ Մայիլյանը կատարեց ժողովրդական եւ հոգեւոր երգերի (Կոմիտաս, Շնորհալի) մշակումներ, որոնք մեծ վարպետությամբ իրականացրել է կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը (ծնվ. 1939 թ.): Իսկ իտալացի հյուրերը պարզապես ապշեցրին հայկական կոլորիտի եւ ազգային խառնվածքի իրենց ստույգ զգացողությամբ:

Շնորհավորելով «Պրոմետեո» քառյակի հաջող կազմակերպված հյուրախաղերի առթիվ, ուզում ենք մաղթել, որ փառատոնի հետագա համերգների ծրագրերը լինեն առավել ճշգրիտ եւ անպայման նշեն ստեղծագործության մասերի քանակը, որպեսզի երաժշտությունը չընդհատվի անտեղի ծափահարություններով:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4