«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2007-05-08 | #85, 2007-05-09 | #86, 2007-05-10


ԵՐԵԿ ՏՈՆ ԷՐ, ԲԱՅՑ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ

Մայիս ամիսը հայերիս համար հաղթանակների ամիս է ու մեծ շուքով նշվում է: Սակայն երեկ, մայիսի 9-ին Երեւանը մռայլ էր ու տոնական տրամադրություն չկար: Չկային դրոշներ, փուչիկներ, այգիներում ու պուրակներում մարդկանց եռուզեռ: Մի խոսքով, սովորական օր էր: Վաղ առավոտից Հաղթանակի այգի էին գնում Մեծ հայրենականին մասնակցած, կրծքերը շքանշաններով զարդարված ճերմակած զինվորները, ծոռների ձեռքը բռնած: Սակայն նրանք էլ չէին զգում տոնական տրամադրությունը ու նրանց հետ զրույցից հասկացա, որ որպես պարտք զոհված ընկերների ու ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի պարտադրված են եկել, թե չէ ով է նրանց մասին մտածում: «Մի քանի տասնյակ հազիվ թե կենդանի ենք մնացել այժմ, բայց մեզ էլի սին խոստումներով են հուսադրում, որ լավ կլինի, մեզ ընտրեք... Ե՞րբ լավ կլինի, երբ մենք այլեւս չենք լինի», ասում էր Բեռլին մտած Սահակ պապը: Շուշիի ազատագրմանը մասնակցած վիրավոր ազատամարտիկը տխուր ու մտամոլոր դանդաղ քայլում էր Հանրապետության հրապարակում: Շնորհավորելով նրան զրույցի բռնվեցի. «Ի՞նչ տոն, ի՞նչ ուրախություն: Դա մեզ համար չէ, այլ ասֆալտի գեներալների ու թալան անողների համար է, որ այսօր նրանք Շուշիում մասնակցում են զորահանդեսին, իսկ մենք վերապրում ենք, թե ինչ զոհողությամբ ազատագրեցինք ու մնացինք ստվերում: Ինձ ճշգրիտ հասկացեք, ես փառքի հետեւից վազող չեմ, սակայն մեծ ցավ եմ զգում, որ իմ մարտական ընկերները, որոնք չվերադարձան, կամ այսօր հաշմանդամ են, նրանց ընտանիքներում նաեւ սգի օր է, ո՞վ նրանց դուռը բացեց ու կիսեց ցավը: Իսկ Ղարաբաղում թալան անողները այսօր Շուշիում քեֆ են անում, ապահովված են ու ոչ մի դժվարություն չունեն: Հենց այսպես էլ ապրում ենք ու «տոնում» մեր հաղթանակները»:

Երիտասարդների մի խմբի հետ զրույցը կրկին տոնական տրամադրությանն էր վերաբերում: Նրանցից երեքը հստակ չկարողացան անգամ նշել, թե ինչ տոներ են, չնայած ԵՊՀ-ի 2-րդ կուրսի ուսանողներ էին: Գոհ էին, որ մի օր էլ ազատ ժամանակ կանցկացնեն ու ձրի համերգ կլսեն հրապարակում, թե անձրեւ չլինի: Մանկական զբոսայգիները, կենդանաբական այգին նույնպես կիսադատարկ էին: Կարուսելների աշխատակիցները դժգոհեցին, որ տոն օրով ավելի քիչ մարդ է եկել, քան շաբաթ-կիրակի օրերին: «Դե տեսեք, քանի մարդ կա, էսենց տո՞ն է լինում: Ժողովուրդը կամ հավես չունի տոն անելու, կամ էլ փող չունի», ասում էին նրանք: Ճերմակազարդ Հովհաննես հայրիկը հիշեց, թե ինչ ոգեւորությամբ էին սպասում մայիսի 1-ին, 9-ին ու ամբողջ թաղով մայիսի 2-ին «մայովկայի» էին գնում: «Ում տանը ինչ կար, վերցնում էինք, գնում մոտակա անտառը ու մի լավ ուրախանում: Իսկ հիմա, ոչ անտառ թողեցին, ոչ հավես ու տրամադրություն: Մեկ ամսից ավելի է մեր բնականոն կյանքը կաթվածահար են արել ճանապարհները փակելով, միտինգներ ու հավաքներ անելով: Ո՞ւմ են խաբում իրենց սուտ խոստումներով, մի՞թե չեն հասկացել, որ այլեւս ոչ մեկին չենք հավատում, ինչքան ուզում են, թող իրենց կոկորդները պատռեն, միեւնույնն է, մենք իրենց չենք ընտրելու: Հենց դա գիտակցելով էլ վախեցած բոլորը ասում ենՙ կեղծիքներ չեն թողնի, որ լինեն: Եվ չգիտեն, որ կեղծողն էլ են իրենք, քողարկողն էլ, դատողն էլ, իշխողն էլ: Ժողովուրդը միայնակ է իր հոգսի ու ցավի հետ, իսկ նրանք հազարներ են` խաբեբաների բանակ ու իրենք էլ տոնական տրամադրություն ունեն: Իսկ մենք ցավ ենք ապրում նման ղեկավարների ու կուսակցությունների համար, որ մի բուռ հայ ժողովրդին մասնատեցին 76 մասի (կուսակցության) ու իրար դեմ հանեցին»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4