«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2007-05-10 | #87, 2007-05-11 | #88, 2007-05-13


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐ ԼԻՆԵՆ»

Հայաստանի չորրորդ գումարման խորհրդարանում ընդդիմության ներկայությունը ցանկալի է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Այսօր ես չեմ կարող կոնկրետ անուններ տալ, կամ կուսակցություններ թվարկել խուսափելու համար շահարկումներից, բայց մի բան իհարկե ցանկանում եմ, որ մեր խորհրդարանում Հայաստանի ընդդիմադիր ուժեր լինեն, ոչ թե արտասահմանյան ներկայացուցչություններՙ տարբեր խմբակցությունների ձեւով»: Ցանկությունն այս երեկ ի պատասխան լրագրողների հարցի բարձրաձայնեց ՀՀ նախագահը Կենտրոն համայնքի 9/11 ընտրատեղամասում քվեարկելուց հետո: Իսկ քվեարկեց Ռոբերտ Քոչարյանը իր իսկ խոսքով. «Հայաստանի ապագայի, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների օգին»: «Մեզ մոտ ուղղակի կան արմատական ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն նախանձելի համառությամբ նույն սխալները կրկնելու տարօրինակ սովորություն: Իսկ այդ սովորությունը մեկնաբանելը դժվար է», սա էլ ռուսաստանյան լրատվամիջոցի ներկայացուցչին ՀՀ նախագահի տված պատասխանն է: Հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ վստահեցում, որ խորհրդարանական այս ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած ուժերը նախագահական ընտրություններին մասնակցելու ավելի լավ մեկնարկային հնարավորություններ կունենան. «Չեմ կարծում, որ այս ընտրությունների արդյունքները կանխորոշում են նախագահական ընտրությունները: Պետք է գնահատել նոր սահմանադրության տեսանկյունից. նախագահը, որը կունենա լավ լծակներ խորհրդարանում, կլինի ռեալ ֆիգուր եւ պետության ռեալ ղեկավար: Այս առումով պետք է գնահատել, թե ինչպիսին կլինի խորհրդարանի աջակցությունը նախագահին. կաջակցի մեծամասնությունըՙ կունենանք ուժեղ նախագահ: Չի լինի աջակցությունՙ կլինի ինչ-որ առումով նոմինալ ղեկավար»: Նախագահն ընդգծեց նաեւ, որ մինչեւ այժմ ընտրական հանգիստ ընթացք է եղել եւ շեշտեց. «Ամենից կարեւորն այն է, որ ընտրություններից հետո շատ արագ վերադառնանք նորմալ աշխատանքային վիճակի, ամեն մեկը զբաղվի իր գործերով, ձեւավորվի կառավարություն շատ արագ, եւ երկիրը մտնի նորմալ հունի մեջ»: Լրագրողների հետ զրույցից առաջ Ռոբերտ Քոչարյանն ընտրական տեղամասի նախագահից տեղեկացավ ընտրությունների ընթացքի մասին, իսկ հետո զրուցեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյի հետ: Նախագահը քվեարկության ներկայացել էր տիկնոջ եւ դստեր հետ, որոնց սպիտակ վարդերի փնջեր նվիրեցին քվեարկելուց հետո:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4