Շատ յուրօրինակ երկրում ենք ապրում: Երբ փորձում ես քաղաքակիրթ ու ընդունված տարբերակով մոտենալ ուզածդ հարցի լուծմանը, անպայմանորեն արժանանում ես, լավագույն դեպքում, անտարբերության, անգամ արհամարհանքի: Երեկ, ինչպես կարծես մեզանից շատերը, քաղաքացիական պարտքի կատարման գիտակցությունից դրդված հասնելով ընտրատեղամաս` բացահայտվեց, որ գոյություն չունեմ ընտրացուցակներում:
Թե ինչո՞ւ նախապես չէր լրացվել այդ թերությունը, այնքան էլ կարեւոր չէ: Ավելի հետաքրքրական ստացվեց, որ, համաձայն անձնագրային սեղանի համակարգչում եղած տվյալների, անձս ապրել էր Հայաստանում գրեթե 7 տարի` գրանցված չլինելով որեւէ տեղ, ինչպես ասում են, օդից կախված: Ու թեեւ անձնագրային բաժնի աշխատակիցները քարտային հիմքով շտկեցին իրավիճակը, եւ քվեարկությունս կայացավ, զարմանքը չանհետացավ, թե ինչպես էր «օդից կախված» անձն առանց համակարգչային ստուգումների ընթացքում խնդիր ունենալու բազմիցս հատել էր Հայաստանի Հանրապետության սահմանը:
Ինչեւէ, ընտրական «ոդիսականն» այդքանով չավարտվեց: Իրավիճակը հստակ դարձնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով զանգին պատասխանեցին այնպիսի տհաճությամբ, կարծես անհանգստացրել էի նորին մեծություն, անգամ սրբություն Անգլիայի թագուհուն ամենաքիչը, այն էլ գիշերվա կեսին զանգահարելով նրա բջջային հեռախոսահամարով:
Ուղղակի ապշել կարելի է, թե Հայաստանում որեւէ մեկից նորմալ պատասխան ակնկալող յուրաքանչյուր անձ ինչպիսի առանձնահատկությունների կարող է հանդիպել` ուղղակի փորձելով իրազեկվել, տեղեկանալ սեփական իրավունքներին: Իսկ ավելի տխուր հանգամանքն այն էր, որ իմացության «եղած-չեղած պաշարն» ի հայտ եկավ նույն ԿԸՀ-ում, երբ ներկայացա որպես լրագրող:
Եվ ընդհանրապես էլ պետք է ցավով փաստել, որ երբ, թերեւս, «պատահաբար» զանգահարել էին ու փորձում էին ճշտել, թե տան բնակիչներից (նկատի ունեցեք - այդ տանը գրանցված բնակիչներից) ովքեր են հանրապետությունում եւ արդյոք պիտի մասնակցե՞ն քվեարկությանը, բարեհամբույրությունն ու տեղեկացվածությունն ակնհայտորեն ավելի բարձր մակարդակի վրա էր, քան անունս ընտրացուցակում չգտնելու մասին հայտարարելը: Ավելին, ամենայն համառությամբ չնշելով, թե ով է «ստուգում» ընտանիքի անդամների ֆիզիկական ներկայությունը Հայաստանում, զանգահարողն այդպես էլ չբավարարեց հետաքրքրությունս, թե գրանցվածներից մեկի բացակայության մասին ինչպես է տեղեկացել: Ի դեպ, տանը գրանցվածների թվից այդ «հարցման» ժամանակ իմ անուն-ազգանունը չէր բացակայում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ