«Քվեարկեք ....նրա օգտին, մեր ախպերն ա ինքը»
«Այլանս» քաղաքացիական նախաձեռնության մոտ 300-350 դիտորդները երեկ հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում արձանագրել են ընտրախախտումներ, որոնց մասին տեղեկացանք կազմակերպության նախագահ Արման Վարդանյանից:
Երեկ ժամը 19-ի դրությամբ արձանագրություններ էին կազմվել հետեւյալ փաստերի վերաբերյալ, որոնք հաստատվել են կազմակերպության արագ արձագանքման խմբի անդամների այցելություններից հետո:
Կանազի մշակույթի տան պատերին փակցված են եղել թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանի ընտրապաստառները: Օրենքով արգելվում է ցուցապաստառների առկայությունն այն տեղամասում, որտեղ ներկայացված է տվյալ թեկնածուն:
Այս ընտրատեղամաս են մտել նաեւ երիտասարդ տղաներ եւ կոչ արել` «ընտրեք Զոհրաբ Զոհրաբյանին, մեր ախպերն ա ինքը»:
Ահազանգ է եղել այն մասին, թե թիվ 149 դպրոցի բակում փող են բաժանում, բայց երբ դիտորդները մոտեցել են դպրոցին, «Ջիպ» մակնիշի մեքենան արագ հեռացել է:
Էրեբունի համայնքի 11.09 ընտրատեղամասում մոտ 45-50 րոպե 25-30 մարդ է կուտակված եղել, մինչդեռ օրենքը չի թույլատրում, որ 15 հոգուց ավելի մարդ լինի ընտրատեղամասում:
Աջափնյակ համայնքում եւս արձանագրվել են (միանգամից 40-50 մարդ) կուտակումներ: Շատ տեղերում ոստիկաններ են եղել ընտրատեղամասերում, մինչդեռ նրանք միայն միջադեպերի ժամանակ հայտնվելու իրավունք ունեն: Ընտրատեղամասերի նախագահները 2 դեպքում էլ նախազգուշացվել են, եւ ընտրական կարգը վերականգնվել է:
Լցոնումների կոնկրետ փաստեր դիտորդները չեն արձանագրել, թեեւ այս մասին ահազանգեր եղել են Նոր Նորքից, Նորագավիթից: Երբ խումբն արագ հայտնվել է այդ տեղերում, որեւէ հետք չի կարողացել հայտնաբերել: Ընդ որում, ահազանգերը եղել են ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց կողմից, բայց տեղում հայտնված դիտորդները չեն գտել նրանց, «ըստ երեւույթին, վախեցել, թողել, գնացել էին»: Իսկ նրանք, ովքեր եղել են տեղում, խուսափել են համագործակցել նրանց հետ: «Ալյանսի» դիտորդների դիտարկումների համաձայն, մարդկանց մեջ որոշակի վախի զգացողություններ են առկա: Երեկ Քաղաքացիական նախաձեռնությունը նաեւ հեռախոսային հարցումներ է կատարել, 370 մարդուց փորձելով տեղեկանալ, թե ում օգտին են նրանք քվեարկել: Սակայն հարցվածների 60 տոկոսը անգամ հեռախոսով վախեցել է պատասխանել, թե ում համար է քվեարկել: Համարձակվել է պատասխանել միայն 123-ը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ