Երբ քվեաթերթիկի վրա բացակայում է «բոլորին դեմ եմ» տողը
Թե ինչո՞վ այս ընտրությունները աչքի ընկան եւ հատկապես ի՞նչ հետք կթողնեն պատմության վրա, ցույց կտա զորավոր ժամանակը: Այս պահին ընդամենը կարող ենք փաստել, որ մեր աչքաչափով, ընտրական տեղամաս այցելողների թիվն անցյալ ընտրությունների համեմատ ավելին էր: Մեր ուշադրությունը գրավեց նաեւ թվացյալ մի մանրուք: Քվեաթերթիկներում (հուսով եմ` ոչ միայն իմ) բացակայում էր ընտրության «բոլորին դեմ եմ» տարբերակը: Այդ մասին հնչեցրած մեր հարցին, որ տրվեց թիվ 9/12 ընտրատարածքում, հսկիչներից մեկը պատասխանեց, եթե բոլորին դեմ եք, քվեաթերթիկը մի՛ լրացրեք, ուղղակի ծալեք եւ այդպես նետեք ընտրատուփի մեջ: Մեր հեգնական «Ի՜նչ խելոքն ես»-ը պահելով մտքում, կեսժամանոց հերթից ձանձրացած կատարեցինք մեր քաղաքացիական պարտքը եւ հեռացանք ընտրատեղամասից, որ շրջապատված էր մի քանի թանկագին մեքենաներով ու հատկապես օրվա պատասխանատվությանը համապատասխան հագնված, սափրված բակի հարեւաններով: Ի դեպ, վերջիններս այս ընտրություններում աչքի ընկան զսպվածությամբ եւ հանուն «իրենց խաթեր» եւ բարեկեցության չխնդրեցին քվեարկել իրենց համար նախընտրելի թեկնածուի օգտին:
Սակայն վերադառնանք 2007 թվականի նորամուծությանը, որ ընտրողին փաստի առաջ է կանգնեցնում: Այն է` «բոլորին դեմ եմ» տարբերակի բացակայությունը: Ասել կուզի` ամե՛ն դեպքում, անկախ քո քաղաքացիական դիրքորոշումից, քվեարկի՛ր որեւէ մեկի օգտին: Հակառակ դեպքում վար դիր ներքին դաստիարակությանդ սկզբունքները եւ նկարիր քվեաթերթիկի վրա, որ այն անվավեր համարվի: Իսկ եթե փորձես այն առանց որեւէ նշման գցել արկղը, միամիտ լավատեսությունն ունեցիր հավատալու, որ գիշերվա բերած շղարշի ներքո ճարպիկ մեկը չի օգտագործի քո նշում չպարունակող քվեաթերթիկը իր թեկնածուի օգտին` եւս մեկ չվստահված ձայն նկարելու համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ