«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2007-05-10 | #87, 2007-05-11 | #88, 2007-05-13


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ, ՈՒ ՈՉ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՅԵՐԸ ՔՎԵՐԱԿՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆ ՕՐԸ

Աշխարհի որ անկյունում էլ հայն հաջողություն ունենա, դրանից մաս է հանում բոլոր ազգակիցներին, եթե անգամ մաս էլ չի հանումՙ վերցնում ենք ինքներս ու անկեղծորեն ոգեւորություն ապրում։ Լավ է, թե վատՙ կարեւոր չէ թերեւս, բայց իրողություն է, այն էլ միավորող։ Որպես միավորման մի հնարավորություն է դիտարկվում նաեւ Հայաստանի մասնակցությունը «Եվրոտեսիլ»-ին։ Դրանից էլ հենց բխում էր նախորդ տարվա այն անբնական հետաքրքրվածությունը, որ վերածվեց դժգոհության աղմուկի, ինչին մասնակից դարձավ գրեթե յուրաքանչյուր հայաստանաբնակ, գաղափար ունե՞ր եվրոպական այդ մրցույթից, թե՞ ոչ։ Բացառիկ դեպք էրՙ դաս քաղեցինք նախորդ տարվա փորձից ու այս տարի համբերությամբ եւ համարյա առանց ակնհայտ հետաքրքրվածության սպասում ենք հաջող մասնակցության։ Սակայն լռությունն այդ թերեւս մեծապես բացատրվում է այն փաստով, որ երկիրն այս տարի ուրիշ օդ էր շնչում եւ ուրիշ խնդիրներով էր տարվածՙ նախընտրական եւ երեկ ու այսօր արդեն ընտրական ու հետընտրական։

Ինչպես ասում են առավել կարեւորի նշանկությունը ծածկեց նվազ կարեւորը։ Բայց արի ու տես, որ բացառիկ ենք նաեւ առաջնայինն ու ամենակարեւորը նվազ կարեւորից զատելու սկզբունքների ընտրությամբ։ Այս խնդրում հայոց մտածողության բացառիկությունը հավասար նժարների դրեց երկրի խորհրդարանի ընտրությունն ու «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունը։ Աշխարհասփյուռ եւ հայաստանաբնակ հայությունը նույն օրը պիտի կարողանար մեծ ակտիվություն ցուցաբերել երկու տարբեր քվեարկություններում։ Հանրապետությունով մեկ տեղի ունեցած քվեարկության ընթացքի մասին տեղեկատվությունը Հանրային հեռուստաընկերությունը հարկ համարեց լրատվական գլխավոր թողարկման ընթացքում ընդհատել Հելսինկիի հետ ուղիղ կապով։ Ինչպե՞ս կարելի էր նկատի չառնել կայանլիք եւս մի քվեարկություն եւ կոչ չանել սփյուռքի մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել «Եվրատեսիլի» քվերակությանը։ Նկատի առան ու կոչն արեցին եւ ապա շարունակեցին անդրադարձը խորհրդարանակն ընտրություններին։

Բացառիկության եւս մի առհավատչյա մատուցվեցՙ ապացուցեցինք, որ միակ երկիրն ենք, որտեղ գոնե Հանրային հեռուստաընկերության հաշվարկներով երկրի խորհրդարանի ընտրությունն ու մասնակցությունը «Եվրատեսիլ» մրցույթին հավասարազոր կարեւորության երեւույթներ են։ (Այո, հենց այդպես էլ ասաց «Հայլուրի» թղթակիցը)։

Հայաստանում եւ դրանից դուրս երկու խիստ տարբեր քվեարկությունների մասնակցած հարգարժան հայեր եւ հատկապես Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձինք, ուրախ լինելով յուրաքանչյուրիդ մասնակացությանը եւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Հայկոյին հաջողություն մաղթելով հանդերձ չենք կարծում, որ տեղին է երկիր խորհրդարանի եւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացվածության միջեւ հավասարության նշան դնելը։

ՆՈՒՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4