«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


«ՍԱ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՇԱԳԻՐՆ Է, ՉԻ ԿՐԿՆՎԵԼՈՒ»

Հայերին է զգուշացնում քեմալական ազգայնականությունը

Երեկ «Գլոբալ հայ» լրատվական ծառայությունն «Ազգի» խմբագրություն ուղարկեց այն հաղորդագրության պատճենը, որն Ստամբուլի Թոփգափու թաղամասում գործող Սբ. Լեւոն Վարդուխյան հնգամյա դպրոցին ֆաքսով հասցեագրել է ստամբուլաբնակ ոմն Թեմել Մալաթյալըն: Դրա առաջին էջում հետեւյալ մակագրությունն է. «Ուղարկված է խնդրին առնչվող բոլոր հիմնարկներին: Այս շարժումն սկսել ենք ձեռնարկել թուրք ազգի ապագայի եւ միասնության հարատեւության համար: Հարգանքներով»:

Երկրորդ եւ երրորդ էջերում «Վերջին նախազգուշացումն ու հուշագիրը» վերնագրով շարադրված է հաղորդագրության տեքստը, որտեղ «անջատողական» այլ խմբավորումների մեջ առաջինն սպառնալիքի են ենթարկվում հայերը, ընդ որում նաեւ Հրանտ Դինքի սպանության բացահայտմանը հետամուտ լինելու համար:

Հաղորդագրության մեջ նշվում է. «Որքան էլ ցավալի լինի միջադեպը, պետությունը կատարել է սպանությունն իրագործողներին իրավապահ մարմիններին հանձնելու իր պարտականությունը: Ավելին, պահանջել եւ ոմանց թերացումների համար պաշտոնանկ անել բոլորին նշանակում է առաջնորդվել պատասխանատու բոլոր գործիչների անդորրը խախտելու մտայնությամբ: Մոռանալով միեւնույն ազգի մասը կազմելու հանգամանքը, սպանությունից հետո բացականչելը. «Մենք բոլորս հայ ենքՙ բոլորս Հրանտ Դինք», շովինիզմի դրսեւորում է եւ ապստամբության նպատակամղված գործողության փորձ: Չմոռանալ, որ այս երկրում բացի մեր հայ քաղաքացիներից կան նաեւ հայաստանցի հայեր, որոնց ընդհանուր թիվը շուրջ 100 հազար է, եւ հայտնի են ինչպես նրանց բնակության հասցեն, այնպես էլ աշխատանքային վայրը: Հետայսու ցանկանում ենք մեր հայ քաղաքացիներին տեսնել Հայոց ցեղասպանության կամ այլ իրադարձությունների առնչությամբ ճշմարտությունը հրապարակավ ասողի եւ թուրքական պետությունը պաշտպանողի դերում: Ուշիուշով հետեւելու ենք մատնանշված դերի կատարմանը, այլապես դագաղների մեջ նորից դուք եք հաշվելու, թե ժամանակին որքան հայ կար եւ որքան էր թուրքերի թիվը: Այս հողը երբեք չներեց դավաճանությունը եւ չի ներելու: Ով կողմ չէ մեր դրախտ հայրենիքին, կոչնչանա»:

Տեքստն ավարտվում է հետեւյալ ասույթով. «Չկա պաշտպանության գիծ, այդ գիծը ողջ տարածքն է: Եթե խնդրո առարկան հայրենիքն է, ապա մնացածըՙ մանրամասնություն», Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք: Ասույթին է հաջորդում «Սա վերջին հուշագիրն է, չի կրկնվելու» նախադասությունը:

Թուրքական ազգայնականության հերթական դրսեւորումը հանդիսացող այս հաղորդագրությունն անստորագիր է: Սակայն դրա վերջում զետեղված Քեմալ Աթաթուրքի ասույթից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ազգայնականության քեմալական տարատեսակի հետ: Քանի որ քեմալական ազգայնականները ծառայում են «խորքային պետության» նպատակներին, իսկ այդ պետությանը վերահսկում է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների վարչությունը, ուստի հաղորդագրությունը պետք է վերագրել ներկայումս երկրում ծավալվող քաղաքական ճգնաժամին պատճառ դարձած բանակին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4