«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴՐԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ՀՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ

Այդ մասին են վկայում դրանց ազատ, թափանցիկ եւ արդար մթնոլորտում անցկացման եզրակացությունները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն, անկախ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից, մեծ հետաքրքրություն էին առաջացրել նաեւ Թուրքիայում: Թուրքական շրջանակներին գլխավորապես հուզում էր ընտրությունների արդյունքների հնարավոր անդրադարձը հայ-թուրքական հարաբերությունների վրա: Ի դեպ, այդ մասին դեռեւս ընտրությունների նախօրյակին նշել էին թուրքական հանրային հեռուստատեսությունը, կենտրոնական թերթերը, ինչպես նաեւ Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը:

Մայիսի 13-ի համարում «Ազգը» նշել էր, որ անկախ թուրքական կենտրոնական որոշ թերթերի ցանկատեսության դրսեւորումներից, պաշտոնական Անկարան ընդհանուր առմամբ զուսպ մոտեցում է ցուցաբերում ՀՀ ԱԺ ընտրություններին: Նման կարծիքի համար հիմք էր ծառայել թուրքական հանրային հեռուստատեսության բավականին հավասարակշիռ հաղորդումը: Ըստ երեւույթին նույնը պետք է ասել նաեւ Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի մոտեցման առնչությամբ:

Մայիսի 11-ին այս ինստիտուտի կայքէջում նրա տնօրեն Օմեր Էնգին Լյութեմն ուշադրություն էր հրավիրել մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրվելու հարցին եւ նշել, որ Հայաստանի ընտրական համակարգում դժվարացել է մեծամասնականով պատգամավոր ընտրվելը: Այնուհետեւ նա ավելացրել է. «Պետք է նաեւ խոստովանել, որ այդ առումով իրավիճակն ավելի ծանր է մեր երկրում, որովհետեւ չափազանց դժվար է մեծամասնական ընտրակարգով ընտրություններում հաղթելը»:

Ընտրությունների հաջորդ օրը թուրքական լրատվամիջոցների կայքէջում մշտապես թարմացվում էին արդյունքների մասին տվյալները: Դրանք արդեն ամփոփվել են: Թեեւ Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը դեռեւս հանդես չի եկել վերլուծականով, սակայն թուրքական թերթերն արդեն մեկնաբանել են ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները:

Դրանցից «Ռադիկալն» ընտրությունների արդյունքներին անդրադառնում է «Հայերը նախընտրեցին իշխող կուսակցություններին», «Զամանը»ՙ «Հայաստանում հաղթողը Քոչարյանի իրավաժառանգորդն է. հիմնարար փորձեր նախագահական ընտրություններից առաջ», «Միլիեթը»ՙ «ԵԱՀԿ-ն հաստատեց Հայաստանի ընտրությունների արդյունքները», իսկ «Ենի շաֆաքը»ՙ «Հայաստանում ընդվզում է 5 տոկոսի արգելքին բախվող ընդդիմությունը» վերնագրերով:

Այս թերթերն ընտրախախտումների մասին հիշատակելիս դրանք անպայման վերագրում են ընդդիմության հայտարարություններին եւ ընդգծում, որ ընտրությունները եղել են ազատ ու արդար, իսկ ԵԱՀԿ-ն հաստատել է դրանց ժողովրդավարական մթնոլորտում անցկացման փաստը:

Ինչ վերաբերում է թուրքական հանրային հեռուստատեսությանը, ապա այս լրատվամիջոցը «Հայաստանում հստակեցվել են ընտրությունների արդյունքները. խորհրդարանական ընտրություններում ճնշող առավելության հասան Քոչարյանին աջակցող կուսակցությունները» վերնագրով նշեց, որ ընտրությունների հաղթողը Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն է:

Օգտվելով առիթից պետք է ասել, որ թուրքական լրատվամիջոցներն անվիճելի են համարում առաջիկա նախագահական ընտրություններին վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակը եւ ընդգծում Թուրքիայի հետ առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նրա պատրաստակամությունը: Այսպիսի մոտեցմամբ ՀՀ ԱԺ ընտրությունների թուրքական մեկնաբանություններն ստանում են յուրատեսակ ազդանշանի երանգ, որին դրականի բնույթ են հաղորդում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացման վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատականի ընդգծումները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4