«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


«ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ԿԱՇԱՌՎԵԼ ԵՆ ՈՒ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԱԶԱՏՈՐԵՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԻՐԵՆՑ ԿԱՄՔԸ»

Այդ դեպքում ինչո՞ւ խաղից դուրս մնաց Տիգրան Կարապետյանը

Գյումրու արագ արձագանքման շտաբը ընտրությունների օրը նկատել է, որ «երկաթգծի տեխնիկումի հանդիպակաց մայթին կայանել են 3 դատարկ գազելներ, մեկից ընտրողներ են իջել քվեարկելու: Կայարանամերձ հրապարակի մերձակայքում, «Էդեռա Պիցցայի» մոտ կայանել են 3 սպիտակ դատարկ գազելներ, 35-28 տեղամասից ելել են երջանիկ դեմքերով դիտորդներ, ձեռքներինՙ 5 հազարանոցներ, խոսում էինՙ «համ էլ գազի վարձը կտանք: Մեր դիտորդի հարցերին հրաժարվեցին պատասխանել: Ախուրյանի շրջանի Մուսայելյան գյուղի 35-15 տեղամասում խոսում էին, թե ԲՀԿ-ն փող է բաժանում, իսկ նրա վստահված անձը միջամտում է ընտրողներին: Ըստ ՀԺԿ շտաբի տվյալների, Ախուրյանի շրջանի Կառնուտ, Հովիտ, Ախուրյան գյուղերում ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանումՙ 15 հազար դրամ: Այլՙ անստորագիր զանգով մեկը պատմում էր, թե ՀԺԿ-ն Ախուրյանի բոլոր գյուղերում ընտրակաշառք է բաժանում»:

«Ուրբաթ» ակումբում երեկ հրավիրված ասուլիսում «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ու Վանաձորի մամուլի ակումբի նախագահ Արթուր Սաքունցը խոսեցին հանրապետության 2 խոշոր քաղաքներում թույլ տրված ընտրախախտումների եւ ընտրությունների արդյունքների վրա դրանց ազդեցության մասին: Ընտրողների մասնակցության նկատելի աշխուժությունը Բարսեղյանը բացատրեց միկրոավտոբուսներով նրանց ընտրատեղամասեր հասցնելու հանգամանքով: Դիտորդներից ու քաղաքացիներից իրենք բազմաթիվ ահազանգեր են ստացել ընտրակաշառքներ բաժանելու մասին: Ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում ընտրատեղամասերի մոտ առաջացած կուտակումները տեղի են տվել տհաճ միջադեպերի, մինչեւ անգամ քաշքշուկների: Իսկ երեկոյան, տեղամասերի մոտ կանգնած մեքենաները վերածվել են ընտրությունների ընթացքը վերահսկող «շտաբների»: «Այդ մեքենաներում գտնվողները ձեռքներին ունեցել են ընտրողների ցուցակները եւ ընտրակաշառք բաժանելով հսկել են, որ մտնեն քվեարկության», ասաց Բարսեղյանը, առանձնացնելով իր նկատած հիմնական բացթողումները: Նախ ինքը գոհացուցիչ չի համարում ընտրողների տեղեկացվածությունըՙ վերջիններս նույնիսկ չեն իմացել, թե որ կուսակցություններն են ընդգրկված քվեաթերթիկում: Բացի այդ, ընտրությունները չեն ցրել երկրի ապագայի անորոշության մշուշը: Նրանց հանդեպ կիրառվել են ճնշման զանազան մեթոդներՙ սպառնալիքներ, վարչական հրահանգներ: «Հանրապետական» կուսակցության հանրահավաքը բազմամբոխ է եղել զուտ այն պատճառով, որ պետական բոլոր հաստատություններին վերեւից հրահանգ է տրվել առնվազն 50-ական հոգու ներկայություն ապահովել: Ինքնակամ մասնակիցներ գրեթե չեն եղել, պարզապես բնակիչների մի մասը ցանկացել է տեսնել մահափորձից հետո ապաքինված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հանրահավաքում զգալի թիվ են կազմել նաեւ ոստիկանները: Մի խոսքով, դիտարկումներից արված նրա եզրահանգմամբՙ «ընտրողները չեն կարողացել ազատորեն դրսեւորել իրենց կամքը»: Բարսեղյանը նաեւ հավելեց, որ քարոզարշավի ժամանակ քաղաքական կուսակցությունների համար չեն ստեղծվել հավասար պայմաններ, ակնառու է եղել վարչական լծակների օգտագործումը:

Սաքունցն էլ իր հերթին պնդեց, որ թե՛ Վանաձորում, թե՛ Ալավերդիում, նաեւ հեռու ու մոտ գյուղերում քաղաքական ուժերը ընտրողների վրա վարչական ճնշումներ են գործադրել, չնչին ընտրակաշառքով նրանց քվեին տիրացել: Այսպես, օրինակ, Ալավերդու «Էյ -Սի- փի» գործարանի տնօրենը բացահայտորեն քարոզել է քվեարկել հօգուտ հանրապետականների: Նրա ասելով, ընտրողները առանց քաշվելու ընտրակաշառք են պահանջելՙ «եթե փող չտաք, չենք գնա ընտրատեղամաս»: «Ժամը 19-ին սկսվեց «գնված» քաղաքացիների հոսքն ընտրական տեղամասեր»: Ինքը դեմ է ընտրություններն ազատ ու արդար որակելուն, հետեւաբար անընդունելի է համարում ԵԱՀԿ-ի գնահատականը: Այս ընտրությունների միակ դրական գիծը համարում է այն, որ իրավապահ մարմիններն ուղղակիորեն չէին վերահսկում ընթացքը:

Ընտրակաշառքների մասին Բարսեղյանի եւ Սաքունցի համառ պնդումների համոզչականությունն այնքան էլ ուժեղ չէր, մանավանդ եթե հաշվի առնենք ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի պարտությունը, որը տարին բոլոր ադամանդներ ու հեռուստացույցներ էր նվիրում, քեֆեր ու զբոսանքներ կազմակերպում: 15 հազար դրամը նրա նվերների համեմատ, իրոք, շատ խղճուկ գումար է: Սաքունցը ասվածի հետ համաձայնեց, թեեւ նախորդ օրը բաց էր թողել Տիգրան Կարապետյանի մեկնաբանությունները: Ամեն դեպքում, պարտված կուսակցություններից շատերը համոզվեցին, որ մեր ժողովրդին «առնելն» այդքան դյուրին չէ, «ժողովուրդը թացը չորից տարբերել գիտի»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4