Նոր` չորրորդ գումարման խորհրդարանում գերակշիռ ուժի` ՀՀԿ-ի ներկայությունը կարելի է ոչ միանշանակ դիտարկել: Հիշեցնենք, որ մեծամասնական ընտրակարգով, ըստ ընտրատարածքներից ստացված նախնական տվյալների, ՀՀԿ-ից պատգամավոր են դարձել 20 առաջադրվածներ, ընտրված անկուսակցականներից եւս 3-4-ը ՀՀԿ աջակցությունն են ստացել եւ կարող են ապագա խորհրդարանում ՀՀԿ խմբակցությանն անդամակցել: Եթե գումարվեն խորհրդարան չանցած կուսակցությունների տոկոսներից եւս 8-9 պատգամավոր, համամասնականի 30 ընտրվածների հետ` գուցե իսկապես ՀՀԿ ապագա խորհրդարանական խմբակցությունը հատի 66-ի սահմանը: Այդպիսով, անկախ նրանից` կոալիցիա կկազմի ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ, ՀՀԿ-ն, հիմա արդեն պարզ է, որ ապագա խորհրդարանի օրենսդրական քաղաքականության, ինչպես նաեւ կառավարության բոլոր կարեւոր քայլերի պատասխանատվությունն ստանձնում է: Բայց այս դեպքում մյուս երկու իշխանական ուժերը միշտ էլ, անկախ ունեցած նախարարների թվից, կարող են ասել, որ իրենք միայն հատվածական պատասխանատվություն են կրում, իսկ այս կամ այն ճակատագրական որոշման պատասխանատուն, իհարկե, ճնշող մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն է: Այսինքն` ՀՀԿ-ն ոչ միայն կարող է իշխանության ողջ բարիքների ու լծակների տիրապետողը լինել, եւ դա նրան կօժտի մի շարք առավելություններով եւ հնարավորություններով, այլեւ, մյուս կողմից, հաղթանակաը նրան առավել խոցելի կդարձնի` զրկելով մանեւրելու հնարավորությունից:
Նրան կքննադատեն աջից եւ ձախից` արտախորհրդարանական ընդդիմությունը, խորհրդարան մտած երկու ընդդիմադիր եւ երկու իշխանամետ ուժերը: Ձախողումները չեն ներվի, բոլոր սխալները կնայվեն մանրադիտակով, իսկ հատկապես ղարաբաղյան խնդրի եւ համազգային նշանակության նուրբ խնդիրներին ՀՀԿ մոտեցումների յուրաքանչյուր մանրամասն բոլոր կողմերից շուռումուռ կտրվի: Իհարկե, ՀՀԿ-ի առաջին դեմքերն այդ բոլորը հասկանում են, սակայն նախագահական ընտրություններից առաջ շատ բան էր դրված խաղասեղանին, եւ նրանք պետք է բոլոր հնարավորությունները հաշվարկեին խորհրդարանում ճնշող մեծամասնություն ունենալու համար, այլապես մշուշոտ կարող էր դառնալ ՀՀԿ-ի նախագահական թեկնածուի` Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսինքն` բոլոր մոտեցումներից ընտրվել է ամենաճակատայինը եւ ուղիղ դեպի հաղթանակ տանողը, որը սակայն բավական թերություններ ունի. արագ թափ հավաքողին ավելի հեշտ է ոտք պահելը եւ մարաթոնից հանելը: Ընդ որում` այդ անելու ախորժակը կունենա ամեն ուժ, ով չի ալարի: Օրինակ` արտախորհրդարանական ընդդիմությունը, դաս քաղելով այս ընտրությունների իր ցավալի սխալներից` կարող է միավորվել եւ բազմամարդ հանրահավաքներ անել` պահանջելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայում կամ նախագահական արտահերթ ընտրություններ, եւ արդեն այդպիսի հեռանկար ուրվագծվում է: Այդ ընտրապայքարին կարող է գնալ փոքրիկ շահագրգռությունների դիմաց իր ձայնը վաճառած ու զղջացած մի շատ ստվար ընտրազանգված, քանի որ մեկ օրում ընտրակաշառքը սպառած կլինի ու նույն դատարկ տաշտակի դիմաց կնստի, իսկ ապագա հանրահավաքների ստվարությունը կարող է ուղիղ համեմատական լինել ընդդիմության միավորվելուն:
ՀՀԿ-ն նույնպես կարող է հաշվարկած լինել այս բոլորը, մանավանդ հիշում է, թե 97-ին ինչպես թվում էր անդարձ հաստատված մեծամասնությունը մեն-միայն ղարաբաղյան հիմնախնդրի գործոնով սասանվեց եւ գնաց հրաժարականի: Այո, Հանրապետականն այս բոլորը պետք է որ հաշված լինի, թեեւ եթե լավ հաշված լիներ` այդքան վատ հայերեն խոսողների նոր խորհրդարան չէր տանի: Իսկ լավ, թե վատ է հաշվել` կերեւա նրանից, թե համագործակցության ի՞նչ մթնոլորտ կստեղծի նա ապագա խորհրդարանում, կվանի, թե՞ կձգի մյուս խորհրդարանական ուժերին, իր շահերի ինչ-որ տոկոս կստորադասի՞ հանուն համագործակցության եւ քաղաքական դաշտը գոնե խորհրդարանի ներսում չմասնատելու:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ