«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

Երեւանի քաղաքապետարանի երեկվա ճեպազրույցի հյուրը «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանն էր: Նա անդրադարձավ գլխավոր հատակագծի հիմնադրույթներին եւ դրա իրականացման` արդեն հաստատված ծրագրին: Մինչեւ ամսվա վերջ վերջնականապես պատրաստ կլինի Կենտրոն համայնքի գոտեւորման նախագիծը, որը, փաստացի, կկոնկրետացնի գլխավոր հատակագծի հիմնադրույթներն այս համայնքի վերաբերյալ: Արդեն սկսվել է նաեւ Աջափնյակ համայնքի, Դավթաշենի, Արաբկիրի, Նորք-Մարաշի գոտեւորման նախագծերի մշակումը: Շինարարական ու քաղաքաշինական որեւէ ծրագիր` թե՛ ինքնակամ, թե՛ իշխանությունների թույլտվությամբ իրականացված շինարարություն, այդ դեպքում արդեն անմիջական կախման մեջ կլինի գոտեւորման նախագծից` զսպաշապիկի դեր կատարելով կամայականությունների համար: Գոտեւորման նախագծերի նպատակը նաեւ Երեւանի խեղաթյուրված կերպարի հնարավորինս վերականգնումն է:

Կենտրոնն այլեւս անկարող է կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք այսօր փորձում է կատարել: Մշակութային օջախները, սրճարանները, հյուրանոցները, համակարգչային կենտրոնները, դեղատները, բաղնիքները, այն ամենը, ինչ մարդու հանգստի ու կենցաղի համար նվազագույնն ապահովում են, կենտրոնացած են այստեղ: Կենտրոնն այսօր շնչահեղձ է լինում տրանսպորտային հոսքերի առատությունից, որովհետեւ Երեւանի այն բնակելի թաղամասերից, որոնք սոցիալական ենթակառուցվածքներ չունեն, ձգտում են այստեղ:

Երեւանի համար նախատեսվում է եւս 3 նոր վարչագործարարական կենտրոնների ստեղծում:

Ուշադրություն է դարձվելու, որ յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր տարածք իրեն անհրաժեշտ քաղաքաշինական ինֆրաստրուկտուրաներն ունենա: Այդպիսի մի կենտրոնի նախագիծ նախատեսվում է Տիչինայի փողոցին հարակից տարածքում, որը գտնվում է Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքների հատման հատվածում:

Երեւանի քաղաքաշինական կերպարի ամբողջականության պահպանման կամ այն վերականգնելու տեսանկյունից չարիք են դարձել կցակառույցներն ու ձեղնահարկերը, որոնք այնքան են կլանել շենքերը, որ շատերի նախնական դիմագիծը լիովին կորել է: Եվ երեւի թե որեւէ քաղաքում այս խնդիրն այնպես արտահայտված չէ, ինչպես Երեւանում` իբրեւ մեր բնակչության հնարամիտ, խայտաբղետ երեւակայության արտահայտություն:

Եվ ամբողջ Երեւանով մեկ շենքերի տարբեր հատվածներում ձեղնահարկերի առատությունն աղավաղել է Երեւանի ճարտարապետական ընդհանուր նկարագիրը: Խնդրի լուծումն առանձնահատուկ մոտեցում է պահանջում, քանի որ ըստ օրենքի, շենքերն այլեւս պետության սեփականությունը չեն: Դրանք հանձնվել են համատիրություններին, եւ բնականաբար, սրանք պիտի հոգան ե՛ւ տանիքների, ե՛ւ կցակառույցների խնդիրը: Սակայն համատիրությունների խղճուկ վարձավճարներով հնարավոր չէ նման խնդիրներ լուծել, իսկ եթե պետությունն ինքը ձեռնարկի նման միջոցառում, ստացվում է, որ պիտի բանակցի բնակիչների հետ, ստանա նրանց թույլտվությունը: Խնդիրը լուծելու համար հավանաբար նույնիսկ օրենսդրական շտկումների, կամ Երեւանի մասին օրենք ստեղծելու անհրաժեշտություն կա: Մասնավոր ներդնողների վրա եւս հույս դնել չի լինի, քանի որ սա չափազանց անշնորհակալ ոլորտ է: Ոչ ոք հատուկ մի շենքի կամ շենքերի համար ներդրումներ անելու նախաձեռնություն չի ցուցաբերի, այնքան էլ հրապուրիչ ոլորտ չէ:

Երեւանի համար լուրջ պրոբլեմ են նաեւ կցակառույցները: Նոր Նորքի զանգվածներում կցակառույցները հաճախ շատ ավելի մեծ են բուն շենքից:

Կցակառույցների եւ տանիքների ճակատագրի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Գուրգեն Մուշեղյանը հավաստիացրեց, որ դրանց համար եւս առաջիկայում կառուցապատման խելամիտ ծրագրեր ու լուծումներ կմշակվեն:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4