«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


30 ՀԱԶԱՐ ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՅ ԹՌՉՆԱԲԱՆ ԿԱՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ

Հայաստանցի թռչնաբան 34-ամյա Կարեն Աղաբաբյանը շահել է Միացյալ թագավորության բնապահպանական ամենախոշոր` «Վիթլի» բնապահպանական հիմնադրամի ոսկե մրցանակը, որը կազմում է 30 հազար ֆունտ ստեռլինգ: Կարեն Աղաբաբյանը հայ գիտնականներից առաջինն է, որ արժանացավ այս խոշոր մրցանակին: Այն գիտնականին շնորհվել է 2 օր առաջ, Լոնդոնի Royal Geographical Society-ում: Նման բարձր շնորհի արժանանալու համար կենսաբանական գիտությունների թեկնածուն պարտական է Հայաստանի ճահճային տարածքները փրկելուն նվիրված իր հետազոտական աշխատանքներին:

Հայաստանում խոնավ տարածքները հարյուրամյակներ օգտագործվել են գյուղատնտեսական նպատակներով: Այստեղ թռչնաբանները գրանցել են 350 տեսակի թռչուններ: Սակայն խորհրդային տարիներին կառավարության որոշմամբ դրանք չորացնելու ակտիվ միջոցառումներ իրականացվեցին: Դա ջրաճահճային թռչունների արտագաղթի, նրանց բնադրավայրերի ոչնչացման, էնդեմիկ բույսերի անհետացման, մի խոսքով, այս տարածքներում էկոհավասարակշռության խախտման պատճառ դարձավ: Այժմ ջրաճահճային տարածքների վերականգնմանն այլ վտանգ է սպառնում. Հայաստանին տրված 200 մլն դոլար գումարով նախատեսվում է գյուղական համայնքների սոցիալական ենթակառուցվածքների զարգացում, որոնք իրենց հերթին ճահճային տարածքների ցամաքեցում են ենթադրում:

Կարեն Աղաբաբյանը որպես ճահճային տարածքների վերականգնման եւ դրանց առկա իրավիճակի ինդիկատոր օգտագործել է սպիտակ արագիլը: Նա նախաձեռնել է «Բների հարեւաններ» ծրագիրը, որով հանրությանը նաեւ իրազեկում է սպիտակ արագիլների եւ նրանց բնադրատարածքների մասին: Այսօր 500 ընտանիք ներգրավված է «Բների հարեւաններ» ծրագրում, որոնք մշտապես հսկում են սպիտակ արագիլներին: Թեեւ ժամանակին սպիտակ արագիլը բավական տարածված է եղել, սակայն ջրաճահճային տարածքների ցամաքեցման պատճառով նրա պոպուլյացիան խիստ նվազել է:

Վիթլի հիմնադրամի բնապահպանական գործունեությանը ակտիվորեն ներգրավված են գյուղական համայնքները: «Սպիտակ արագիլի օգտագործումը լավ միջոց է մարդկանց ուշադրությունը ճահճային տարածքների ցամաքեցման վրա հրավիրելու համար, որ անտեսված կենսամիջավայր է: Աշխատելով բավական դժվար պայմաններում, Կարեն Աղաբաբյանն իր գործունեության մեջ ներգրավել է տեղական բնակչությանը, հետաքրքրություն առաջացրել Հայաստանի խոնավ տարածքների պաշտպանության հանդեպ», մրցանակաբաշխության ժամանակ ասել է «Վիթլի» հիմնադրամի հիմնադիր ու խորհրդի նախագահ Էդվարդ Վիթլին:

Կարմրակտուց ու կարմրոտն գեղանի արագիլը բույն է հյուսում տանիքներին, ծխնելույզներին, ծառերին: Եթե արագիլները բույն են հյուսում մարդկանց տների մոտ, դա հաջողության նշան է համարվում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4