Երեկ Դերասանի տանը հոբելյանական ցերեկույթով եւ կիսադատարկ դահլիճով նշվեց հայ մեծ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միքայել Թավրիզյանի 100-ամյակը: Ճիշտ 100 տարի առաջ մայիսի 14-ին Բաքվում ծնվել է տաղանդավոր երաժիշտ Մ. Թավրիզյանը: Նա ավարտել է ոչ միայն Բաքվի, այլեւ Լենինգրադի կոնսերվատորիաները, ընդ որում Լենինգրադում ավարտել է ե՛ւ ալտի, ե՛ւ դիրիժորների կատարելագործման դասարանները: Մ. Թավրիզյանը 1935-ից Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում դիրիժորի, գլխավոր դիրիժորի ու գեղարվեստական ղեկավարի պաշտոններ է զբաղեցրել եւ բեղուն գործունեություն ծավալել: Մ. Թավրիզյանը բեմադրել է Մ. Գլինկայի «Իվան Սուսանին», Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբեյերի «Հուգենոտներ» եւ այլ ստեղծագործություններ, որոնք ապահովել են սովետահայ թատրոնի աճը: Մ. Թավրիզյանը նաեւ սիմֆոնիկ դիրիժոր էր: Նրա ղեկավարությամբ հնչել են Ա. Խաչատրյանի Երկրորդ, Դ. Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիաները, «Արշակ Երկրորդ» եւ «Հերոսուհի» բեմադրությունների համար արժանացել է պետական մրցանակների: Նրա արվեստի գիտակներն ասում են, որ Մ. Թավրիզյանի կատարմանը բնորոշ էր ռոմանտիկական ոգեշնչվածությունը, մեղեդիական ճկունության եւ ռիթմի սուր զգացողությունը:
Մեծանուն դիրիժորի հիշատակի ոգեկոչման ցերեկույթը փայլեց օպերայի երգչուհի Լիանա Մսրլյանի կատարումներով (դաշնակահարուհի` Օլգա Խաչիկյան): Կանայք, որոնք «Ազգի» հետ զրույցում ներկայացան Մ. Թավրիզյանի ձեւավորած բարձրարվեստ դպրոցի շարունակողներ, բեմից կատարեցին օրվա հոբելյարի սիրելի եւ նրան փառք ու ճանաչում բերած առաջին ստեղծագործությունները: Սակայն նույն հանդիսավոր միջոցառումը հասարակ ու մռայլված էր դերասանի տան գորշ ու հնացած պատերի ու ճռճռան հատակի մաշվածությամբ: Ուշագրավ է նաեւ, որ հանրաճանաչ արտիստին հիշել եւ ցերեկույթին մասնակցելու էին եկել ընդամենը երկու տասնյակ, հիմնականում պատկառելի տարիքի արվեստագետ-արվեստասերներ: Մինչդեռ, ինչպես «Ազգի» հետ առանձնազրույցում նշեց Կոմիտասի անվ. երաժշտանոցի վոկալի ամբիոնի պրոֆեսոր Օ. Խաչիկյանը. «չնայած Օպերայի եւ բալետի թատրոնում Թավրիզյանի 100-ամյակի առթիվ ներկայացվում է «Արշակ Երկրորդը», սակայն, իմ կարծիքով, Թավրիզյանն այն գանձն է երաժշտական արվեստում, որ նրա հոբելյանն ավելի ճոխ ու հանդիսավոր պայմաններում պետք է տոնվեր»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ