Կեցցես, Հայկո:
Երեւույթներ, պահեր կան, որ որքան էլ կամենում ես ժամանակի մեջ մեղմել դրանց թողած տպավորությունը, մոռանալ, միեւնույն է, չի ստացվում:
Խոսքս վերաբերում է մայիսի 12-ին «Եվրոտեսիլ-2007»-ից անմիջապես առաջ Հ1-ով ցուցադրված հաղորդմանը` Հայկոյին բարեմաղթանքներ հղող լսարանին: Ամեն դեպքում, չնայած այդ մրցույթի արդյունքների անկանխատեսելիությանը, հետաքրքրական, սպասված իրադարձություն էր: Լսում էի կարծիքները: Բնավ հակված չեմ ասելու, որ նման դեպքերում մարդիկ (կոնկրետ` հայ երգարվեստի ներկայացուցիչները, որոնց պարագայում, ի դեպ, անցանկալիորեն շատ է շահարկվում «աստղեր» ասվածը) լարված, ակադեմիական միտ-բառապաշարով խոսեն: Թող խոսեն, ոչինչ, ինչպես խոսում են` անմիջական հղումներով, դիտարկում-տեսակետներով, ժարգոնով` թեկուզ... Բայց թող մի քիչ, գոնե, ինքնավերահսկումով խոսեն. խոսքս, մասնավորապես վերաբերում է հանդիպման այն մասնակիցներին, ովքեր սկսեցին մեր Հայկոյին ու նրա երգը համեմատել հարեւան երկրների (առանձնապես` Վրաստանի, Թուրքիայի) մասնակիցների ու երգերի հետ: Եվ, մեղմ ասած, չմնացին իրենց բարձրության վրա: Օրինակ` վայե՞լ էր քեզ, Ալլա Լեւոնյան, որ դու Թուրքիա բառը վանկատեցիր եւ այն էլ` այնքա՜ն քեզ եւ, առավելապես, մեր ազգին չվայելող միմիկայով ու շեշտադրմամբ...
Չմանրանամ: Չսազեց քեզ:
Մի հորդոր. մի մոռացեք, որ դուք մի ողջ աշխարհին ասելիք ունեցող ու աշխարհի ուշադրությունն ակնկալող ազգ եք ներկայացնում: Այնպես մի արեք, որ մեր դաստիարակությունը եւ, ինչու ոչ, մշակութային ու պրոֆեսիոնալ իմացությունն ու զգացողությունը կասկածի տակ առնվեն: Տեսա՞ք, որ մեր հարեւաններն ավելի ... հարեւան եւ դիվանագետ գտնվեցին...
Թո՛ղ ների Հայկոն, որ իրեն մոռացա. կեցցես, Հայկո, բեմին ե՛ւ երգ կար, ե՛ւ արվեստ, ե՛ւ միտք: Հա՛յը կար... Բարձր հայ մնանք եւ մենք` բոլորս...Թե չէ մի վայրկյանում ամեն վարկանիշ ու նկարագիր, թեկուզ օժտվածությամբ ու աշխատասիրությամբ ամրակայված, հնարավոր է ի չիք դառնան. արվեստագետի մեջ առաջին հերթին փորձում են գտնել ու տեսնել մարդուն, դաստիարակված ու զուսպ մարդուն: Ձեր զսպվածությամբ փայփայեք ձեր մեջ...նստած մարդուն...
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս