«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԷԴՎԱՐԴ ՍԱՍՈՒՆԻ ՀԵՏ

Երկար տարիներ բացակայելով հայրենիքից (ապրել է Բանգկոկում (Թայլանդ), ժամանակակից իրապաշտական (ռեալիստական) գեղանկարչության ներկայացուցիչ Էդվարդ Սասունը (Ավագյան) վերադարձել է հայրենիք իր հնդկուհի կնոջ եւ 5 զավակների հետ: Մեծացել է Սասնո երկրից գաղթած մտավորականների գերդաստանում, Շղարշիկ գյուղում (Թալինի շրջան): Ուսանել է համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում: Սակայն դեռ մանկուց սիրել ու նկարել է, եւ ինչպես խոստովանեց «Ազգի» հետ զրույցում. «Երիտասարդ տարիքում ինձ հանճար էի պատկերացնում, իսկ երբ ուսանեցի Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում, հասկացա, որ հեռու եմ հանճար լինելուց եւ սկսեցի քրտնաջան աշխատել ու կատարելագործվել գեղանկարչության բնագավառում»: Կերպարվեստի դասական ավանդույթներին հավատարիմ նկարիչը պատկերել է բազմաթիվ դիմանկարներ, նատյուրմորտներ, բազմապլան կոմպոզիցիաներ` կոլորիտային ինքնաբուխ լուծումներով: Նկարիչը հասցրել է վրձնել մոտ 700 կտավ: «Ցայտուն կերպով, գունային բազմաշերտ լուծումներով եւ արեւելյան ջերմությամբ ողողված բնանկարների եւ նատյուրմորտների շարքերը, դիմանկարներն արտահայտում են հնդկական եւ թայլանդական մշակույթն ու սովորույթները», այսպես բնորոշեց Էդ. Սասունի այդ տարիների ստեղծած կտավները ազգագրագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Երեկ կայացավ «Էդվարդ Սասուն» գրքույկի շնորհանդեսը: Թայլանդի պատկերասրահներից մեկի նորվեգացի տնօրեն Ջորն Միդլբորգը որպես կոլեկցիոներ բարձր գնահատեց Էդ.Սասունի աշխատանքները, որոնցից շատերն այսօր գտնվում են Անգլիայի, Մալայզիայի, Թայլանդի, Ինդոնեզիայի, Նորվեգիայի, Չեխիայի եւ այլ թանգարաններում ու անհատների մոտ (շուրջ 400 կտավ): Գեղանկարիչը «Ազգի» այն հարցին, թե իր համար արվեստը ի՞նչ դեր ու նշանակություն ունի, ասաց. «Արվեստի միջոցով է, որ ես փորձում եմ ներկայացնել այն ամենն, ինչ զգում եմ»:

Այսօր «Ալբեր եւ Թովե» պատկերասրահում կբացվի Էդ. Սասունի 30 աշխատանքներիՙ Հայաստանում առաջին ցուցահանդեսը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4