Պարզաբանում է թուրքական հանրային հեռուստատեսության ղեկավարը
Մայիսի 12-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացված երգի «Եվրոտեսիլ-2007» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Հայկոն, վաստակելով 138 միավոր, 24 երկրների շարքում գրավել էր 8-րդ տեղը: Հայ երգչի այս անժխտելի հաջողությանը «Բանավեճՙ Հայաստանին տրված ամենաբարձր միավորի շուրջը» վերնագրով անդրադարձել է «Սաբահ» թերթը, նշելով, որ Քենան Դողուլուի 4-րդ տեղը գրաված այս մրցույթում Թուրքիան Հայաստանին 12 միավոր է տվել: Այնուհետեւ թուրքական թերթը գրել է. «Թեեւ Հայկոյի համար ուղարկված SMS-ների թիվը դեռեւս ճշտված չէ, սակայն անցյալ տարի Աթենքում կազմակերպված համանուն մրցույթին թուրք հեռուստադիտողների ուղարկած շուրջ 100 հազար հաղորդագրությունները նպաստել էին, որ Հայաստանը Թուրքիայից 10 միավոր ստանա»:
«Սաբահի» վկայությամբ, Հայաստանին տրված միավորների հարցը պարզաբանելիս թուրքական հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ալի Գյունեյն ասել է. «Սա մրցույթ է: Միավորներ են տալիս այն երգին, որը հավանության է արժանանում: Հայաստանը 12 միավոր ստացավ Թուրքիայից այնպես, ինչպես մենք նույնքան միավոր ստացել ենք Անգլիայից: Հայաստանին ամենաբարձր միավորը տվեց նաեւ Վրաստանը»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ