«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


ՆՈՐ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳՐՔԵՐԸ

Հայ գրական անդաստանը հարստացավ մի շատ սպասված ու գեղեցիկ մատենաշարով, որի կարիքը վաղուց էր զգացվում: «Իրավունք» հրատարակչությունը անակնկալ է մատուցել` մեր մտավոր դաշտում հիմք դնելով «Համաշխարհային պոեզիա» մատենաշարին, որի շնորհիվ հայ ընթերցողը բնագրից կծանոթանա համաշխարհային դասական եւ ժամանակակից բանաստեղծներին:

Նոր մատենաշարի առաջին ծիծեռնակները օրերս լույս տեսած Ալեքսանդր Պուշկինի «Դյութիչ այդ պահն եմ հիշում ես» եւ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Երգերի գիրք» հատորյակներն են` Ֆրունզիկ Կիրակոսյանի վարպետ թարգմանությամբ: Ինչո՞ւմն է պուշկինյան ու լորկայական թարգմանությունների սպասված ու ցանկալի հաջողությունը. ոչ միայն եւ ոչ այնքան բառի, այլ բառի պոետիկ այն դաշտի զգացողության մեջ, ուր հոսում է բանաստեղծության սյուժեն, ոչ միայն տեքստը, այլ նաեւ` ենթատեքստը, այդ արտիստիկ, ազնիվ ու դիմահայաց խաղն էլ նրան թույլ է տալիս մտնել բանաստեղծի պոետական համարժեք կենսադաշտ: Թարգմանչին հաջողվել է իլյուզիոնիստի պես իրար մոտեցնել ու միացնել հեղինակի եւ իր «արյան խմբերը», ազատագրված կաշկանդող կավից ու կաղապարներից` հասնելով գրեթե բնագրի մակարդակին:

Կարդում ես այս գողտրիկ հատորյակները եւ հոգիդ լցվում է սարսռուն, կենդանի թրթիռներով եւ պոեզիայի ապրող ու ապրեցնող ձայնով:

Բարի երթ ու շարունակություն այս գեղեցիկ եւ սպասված մատենաշարին:

ԿԱՐՈ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4