«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ՆՇԱՆԱՎՈՐ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂ ՀԱՐՐԻ ՔՈՒՆԴԱԿՉՅԱՆԻՆ

«Լրագրությունը առաքելություն է եւ այդ առաքելությունն իրագործելիս, դժբախտաբար, իրենց կյանքն են կորցնում թերթերի թղթակիցները: Նրանց կյանքն արժեւորում են եւ անունը անմահացնում հազվագյուտ խիզախ ֆոտոլրագրողներ, որոնք իրենք իրենց կյանքը վտանգի ենթարկելով պատմության էջերն են հարստացնում ամրագրելով այդ իրադարձությունները առանց խտրականություն դրսեւորելու», ասել է իր ողջույնի ելույթում Հայկազյան համալսարանի պրեզիդենտ դոկտ. Պոլ Հայդոստյանը Լիբանանում մայիսի 8-ին նշվող «Լիբանանյան մամուլի զոհերի օրվա» առթիվ համալսարանի «Արթուր Մաթոսյան» պատկերասրահի դահլիճներում բացված «50 տարի ֆոտոլրագրության ասպարեզում» խորագրով ցուցահանդեսի առթիվ, որը նվիրված է եղել միջազգային ճանաչման արժանացած վաստակավոր լուսանկարիչ Հարրի Քունդակչյանին:

Միջոցառմանը, որն անցկացվել է երկրի տեղեկատվության նախարարության եւ անձամբ նախարար Ղազի Արիդիի հովանավորության ներքո, ներկա են եղել բարձրաստիճան անձնավորություններ, որոնց թվումՙ պատգամավոր Բահիջա Թաքարան, Լիբանանի ֆոտոլրագրողների սինդիկատի նախագահ Ջամալ Սաիդին, Բելգիայի թագավորության դեսպան Ստեֆանի դը Լոքերը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի ներկայացուցիչ հայր Գրիգոր Չիֆթչյանը եւ կենտրոնական բանկի փոխկառավարիչ Ալան Բալյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են եղել Քունդակչյանի 75 լուսանկարները, որոնցում պատկերված են եղել պատմական իրադարձություններ, կատաղի հակամարտություններ, ինչպես նաեւ հայտնի քաղաքական գործիչներ եւ դերասաններ:

Քունդակչյանն իր մասնագիտական կարիերան սկսել է 1952-ին, երբ աշխատակցել է Բեյրութի «ԼՕրիան» (ֆրանսերեն) եւ «Ջարիդա» (արաբերեն) թերթերին որպես Լիբանանում առաջին ֆոտոլրագրող: Այնուհետեւ 1967-ին աշխատակցել է «Ասոշիեյթեդ պրեսին» եւ նշանակվել Միջին Արեւելքում ֆոտոլրագրողների ղեկավար: Որպես անկախ ֆոտոլրագրող աշխատակցել է նաեւ «Փարի մաչին», «Ֆրանս սուարին», «Լայֆին», «Դեյլի թելեգրաֆին» եւ «Էկոնոմիստին»:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4