Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ ավազակ...
Հովհ. 10:1
Երկրային եկեղեցին անվանվում է «մարտնչող», ի տարբերություն երկնային` մարտիրոսաց եկեղեցու: Հոգեւոր պատերազմը փաստում է աստվածաշնչյան գրեթե ամեն էջ, նույնիսկ աղանդներն ընդունում են այդ պայքարի առկայությունը եւ հաճախ նույնիսկ հիվանդագին երանգավորում հաղորդում դրան: Պատերազմի առկայությունն ընդունում են նաեւ մյուս բոլոր կրոները` հարավամերիկյան տոլտեկյան դիցարանից մինչեւ դաոյիզմ, կրիշնայիզմ, հինդուիզմ, բուդդիզմ, իսլամ, հուդայիզմ եւ այլն: Հատկանշական է, որ բոլոր կրոններն էլ հանդես են գալիս պաշտպանողի, փրկողի դերում, ձգտում են արդարության հաղթանակին եւ խաղաղությանը: Նույնիսկ եթե կրոնական տարբեր ուղղություններ հակամետ են, հանդես են գալիս պաշտպանվողի դերում: Դա հիշեցնում է պետությունների պաշտպանական համակարգը. չկա ոչ մի պետություն, որն ունենա հարձակողական նախարարություն, բայց բոլոր երկրներում առկա են պաշտպանության նախարարություններ: Արդյոք դրանից պակասո՞ւմ են պատերազմները, նվազո՞ւմ է զենքի արտադրությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ` ոչ: Բոլորը հասկանում են, որ այդպիսին են խաղի կանոնները. ամենավտանգավորը նա է, ով փորձում է հանդես գալ որպես խաղաղության տարածաշրջանային կամ համաշխարհային երաշխավոր: Աշխարհում շարունակվում են ստեղծվել ռազմական դաշինքներ, եւ դրանց հեղինակները շարունակում են հայտարարել, որ այդ դաշինքները ոչ թե ինչ-որ պետության դեմ են, այլ հանուն խաղաղության: Ատոմային տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ հնարավոր չէ բոլոր առճակատումները լուծել ուժային մեթոդներով, լայնորեն կիրառվում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Հսկայական երկրներ նվաճվում կամ իշխանափոխվում են առանց կրակոցի (հիշենք վերջին տարիների Վրաստանի, Կիրգիզիայի, Ուկրաինայի օրինակները): Որտեղ հնարավոր է, օգտագործվում է ազգային հակամարտությունների խաղաքարտը, իսկ այն երկրներում, որտեղ ազգային փոքրամասնությունները փոքր տոկոս են կազմում, լայնորեն կիրառվում են աղանդների տարածման տեխնոլոգիաները: Ծախսվում են միլիոնավոր դոլարներ, աշխատում առաջնակարգ մասնագետներ: Եթե որոշ աղանդներ Հայաստան ներխուժեցին մեր եկեղեցու նկատմամբ ակնհայտ թշնամանքով (ինչպես, ասենք, Եհովայի վկաները, որոնք հետզհետե փոխում են մարտավարությունը), ավելի խելացիները թափանցեցին աննկատ` ձեւանալով բարեկամ եւ հավատակից: Դրանցից ամենավտանգավորները ամենից «խաղաղարարներն» են, որոնք թափանցում են աննկատ, անաղմուկ, բարեկամ եւ համախոհ են ձեւանում ու քայքայում են ներսից: Դարերի փորձը ցույց է տվել, որ Հայ առաքելական եկեղեցին, որքան ավելի շատ է հալածվել, այնքան զորացել է: Մեր եկեղեցին մի բանակ է, որին հնարավոր չէ հաղթել ռազմի դաշտում: Բոլորը, ովքեր պատերազմ են հայտարարել մեր եկեղեցուն, պարտվել են:
Այս հոդվածում կուզենայինք անդրադառնալ մի չհայտարարված պատերազմի, մերկացնել կեղծ բարեկամի եւ գաղտնի հակառակորդի թշնամական մտադրությունները, մեր լուման ներդնել նրանց բացահայտման գործում` ձգտելով, որպեսզի մեր եկեղեցին սրանց եւս դասի իր հակառակորդների շարքը: Աղանդներին նվիրված մեր հոդվածաշարը հենց այս մտայնությամբ էլ սկսում ենք մեր պատկերացմամբ ամենավտանգավոր աղանդից, աղանդ, որը թերեւս բոլորից շատ հոգիներ է առեւանգել մեր եկեղեցուց: Խոսքը, այսպես կոչված, «քույր»` հայ ավետարանական եկեղեցու մասին է:
Սրանք Հայաստան թափանցեցին դեռեւս նախանցած դարում: 19-րդ դարում «Բորդ» ընկերության եւ «Բրիթիշ բիբլիքլ ասոսիեյշն»-ի միսիոներական ջանքերով նպատակ ունեին քրիստոնեացնել (իմա` բողոքական դարձնել) Մերձավոր Արեւելքի երկրների բնակիչներին: Նպատակը գովելի էր եւ մեր եկեղեցին դրան որեւէ կերպ չի ընդդիմացել, սակայն շուտով այդ միսիոներները սկսեցին ավելի շատ ժամանակ եւ գումարներ ծախսել Կ. Պոլսում բնակվող հայերին դավանափոխ անելու համար` թաքնվելով «բարեգործական նկատառումների» շղարշի տակ: Սրանց գործունեության հենց ամենասկզբից ենթադրվում է որոշակի միտում. առանց առճակատման, աննկատ թափանցել հայերի մեջ եւ ներսից քայքայել, դավանափոխ անել նրանց: Հենց միայն այն, որ միսիոներներն ամենից շատ ժամանակը ծախսել են հայերի, հույների եւ այլ քրիստոնյա ժողովուրդների մեջ քարոզելու համար եւ ոչ թե այլակրոն ազգերի, վկայում է վերջիններիս իրական նպատակի մասին, այն է` դավանափոխությունը: Քրիստոնեություն` արդեն քրիստոնյա ժողովուրդներին: Անտրամաբանական է, սակայն ոչ միսիոներների համար, որոնց իրական թիրախը հենց բողոքականության տարածումն է քրիստոնյա աշխարհում:
Նման օրինակներ պատմությունը շատ գիտի. բերենք միայն մեկը: Սուրբ Ֆրանցիսկը, երբ ստեղծեց իր օրդենը, նպատակադրվել էր, ի շարս այլ խնդիրների, քարոզել Ավետարանը անհավատների (մուսուլմանների) շրջանում, ինչին ձեռնամուխ եղավ անձամբ, բայց նրա հետեւորդներն աշխարհիկ քաղաքական իշխանության ձեռքին խաղալիք դարձան եւ փորձեցին դավանափոխ անել կիլիկյան հայությանը, նույնիսկ հաջողացրին Կիլիկիո Հեթում Բ թագավորին ֆրանցիսկյան դարձնել: Դրան ընդդիմացան թե՛ կաթողիկոսը, թե՛ Կիլիկիայի հայությունը: Ներքին այդ պառակտումը Կիլիկիայի թագավորության անկման պատճառներից մեկը դարձավ: Կաթոլիկ մեկ այլ միաբանություն` Դոմինիկյանը, նույն գործունեությունը ծավալեց Արեւմտյան Հայաստանում:
Եվ ահա կաթոլիկների փորձը կրկնեցին բողոքականները: Սրանք սակայն ավելի խորամանկ են: Նկատի ունենալով իրենց նախորդ «լուսավորիչների» սխալները, սրանք կաշվից դուրս են գալիս ցույց տալու համար, թե քույր եկեղեցի են, առերես դատապարտում են մյուս աղանդները, սակայն համագործակցում են դրանցից շատերի հետ, որովհետեւ դավանաբանական տարաձայնությունները երկրորդ պլան են մղվում այնտեղ, ուր նպատակները քաղաքական են: Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներն անգամ փորձ են անում խեղաթյուրելու ավանդաբար առաքելական եկեղեցուն պատկանող «հայ եկեղեցի» անունը` պնդելով, որ «հայ եկեղեցի» ասելով հարկ է հասկանալ Հայ առաքելական, Հայ կաթողիկե եւ Հայ ավետարանական եկեղեցիները: Նրանք մոռանում են, որ դարեր ի վեր «հայ եկեղեցի» է կոչվել միայն Հայ առաքելական եկեղեցին, իսկ ավետարանականությունը հայոց մեջ 19-րդ դարում թափանցած օտարամուտ երեւույթ է: Դեռեւս Խորենացին իր «Պատմություն հայոց» աշխատության մեջ «Հայաստանյաց եկեղեցի» անունը հիշատակում է որպես առաքելական եկեղեցու հատուկ անուն, ինչպես «Հռոմեական եկեղեցի»` կաթոլիկների համար եւ «Հույն եկեղեցի»` ուղղափառների համար: Ավելին, քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ ավետարանականները կոչ են անում «70 տարվա լռությունից հետո քարոզել քրիստոնեությունը հայերին»` մոռանալով, որ կոմունիստական հասարակարգի ժամանակ էլ Հայ առաքելական եկեղեցին երբեք չփակեց իր դռները, մինչդեռ «այս մաքուր քրիստոնեության քարոզիչները» ձախորդ օրերն անցկացնում էին արտասահմանյան տաքուկ գրասենյակներում` սպասելով, թե դրանք երբ ձմռան նման կերթան:
Իսկ հայ ավետարանականները հաճախ խեղաթյուրում են նաեւ պատմական փաստերը` հօգուտ իրենց ճշմարտացիության ապացուցման: Սրանց որոշ հեղինակներ նույնիսկ փորձ են անում ավետարանականության արմատները տեսնել պավլիկյան եւ թոնդրակյան շարժումների մեջ` հպարտանալով իրենց մտացածին պատկանելությամբ այնպիսի աղանդների (իմա` պավլիկյան եւ թոնդրակյան), որոնք բազմիցս բանադրվել են հայոց կաթողիկոսների կողմից: Հաշվարկը հավանաբար մեր ազգային սնափառության վրա է. պետք է նախ պնդել, որ եվրոպական վերածննդի սկիզբը դրել են թոնդրակյաններն ու պավլիկյանները: Ամեն ինչի հայացման բանահյուսական ժանրը թերեւս ամենասիրվածն է մեր մեջ եւ այստեղ այնքան էլ կարեւոր չէ, թե խոսքն ինչի կամ ում մասին է: Կարեւորը դրանց հայկական ծագումն է, մեր անսահման սնափառության բավարարումը: Դրա փոխարեն ավելի լավ կլիներ բուն հայկականը ճանաչեինք ու նախ եւ առաջ մերին տեր կանգնեինք: Նրանք, ովքեր կուլ են տալիս հայկական դիմագծերով եվրոպական Ռենեսանսի խայծը, առաջարկվում է հաջորդ փայլուն գաղափարը, այն է` ներկայիս հայ ավետարանականները պավլիկյանների ու թոնդրակյանների «իրավահաջորդն» են: Եթե սրանք այդքան ուզում են թոնդրակյանների հոգեզավակը լինել, թող գիտակցեն, որ վերցնում են իրենց ուսերին մեր եկեղեցու բանադրանքը, թող չփորձեն «քույր» հորջորջվել եւ մեկ անգամ էլ թող սերտեն պատմության էջերը տեսնելու համար, թե ինչպիսի ավարտ ունեցան հայոց մեջ պավլիկյան եւ թոնդրակյան հերձվածները:
Սրանք ամեն կերպ փորձում են ցույց տալ, թե դրսից չեն ֆինանսավորվում, որովհետեւ եթե մայր կազմակերպությունը արտերկրում է գտնվում, նման կազմակերպության գործունեությունը հետապնդվում է Հայաստանի օրենքով, բայց միեւնույն ժամանակ հսկայական գումարներ են ծախսում տպագրության եւ քարոզչության վրա, իսկ վերջերս երեւանցիները զարմանքով տեսան, որ ԱՄՆ նախկին դեսպանատան շենքի վրա գրված է «Հայ ավետարանական ընկերություն»: Դե, իհարկե, գերգաղտնի օբյեկտը ամերիկացիները հայ ավետարանականներին տրամադրել են զուտ մարդասիրական իդեալներից ելնելով, բնականաբար ԱՄՆ գաղտնի ծառայությունների եւ հայ ավետարանականների միջեւ որեւէ կապ չկա եւ չի կարող լինել, եւ դեսպանատան նախկին շենքը հայ ավետարանականներին հանձնելով ԱՄՆ-ը, իհարկե, չի փորձում հասկացնել մեր ղեկավարությանը, որ այդ կազմակերպությունը գտնվում է իր առանձնակի հովանավորության ներքո, որ նրան պետք է քաղցր աչքով նայել: Սակայն պարզ է նաեւ մեկ այլ բան. եթե այդ վերջին` արդեն բացահայտ եւ արդեն ոչ թե միայն մեր եկեղեցուն, այլեւ պետությանը նետված մարտահրավերից հետո մեր ազգային անվտանգության համապատասխան վարչությունը լրջագույնս չզբաղվի հայ ավետարանական միության գործունեության ուսումնասիրմամբ, ապա միգուցե իմաստ ունի այդ վարչությունը լուծել մեկ այլ «ազգանվեր գործի»:
Ինչպես 19-րդ դարի կեսերին, այնպես էլ հիմա ավետարանականները չեն փոխել իրենց որդեգրած քաղաքականությունը` օգտվել ժողովրդի սոցիալական եւ բարոյական ծանր կացությունից: Հայ ավետարանականներն իրենց հիմնական գործունեությունը ծավալում են կարիքավորների եւ ֆիզիկական արատներով տառապող երիտասարդների շրջանում: Կան երիտասարդական կազմակերպություններ, որտեղ գեթ մեկ առողջ երիտասարդ չկա: Եթե ավետարանականների հավաքներն օգնում են այդ երիտասարդներին, դա լավ է, բայց ի՞նչ կարող է տալ նրանց ավետարանական եկեղեցին, որ չի կարող տալ Հայ առաքելականը: Եթե հայ ավետարանականները անվճար ավետարաններ են բաժանում, դա գովելի է, բայց բաժանելիս ինչո՞ւ են չարաբանում մեր եկեղեցին եւ ասում. «Ձրի ենք ստացել, ձրի ենք տալիս, իսկ այ, եկեղեցիներում վաճառվում է»: Եթե մեր եկեղեցին նույնքան առատաձեռնորեն ֆինանսավորվեր արտերկրից, ոչ միայն ավետարանը, մոմն էլ ձրի կլիներ: Բայց մեր եկեղեցու գոյատեւման միակ աղբյուրն իր հավատացյալ զավակների նվիրատվությունն է, որն արվում է բացառապես կամավոր: Ոչինչ մեր եկեղեցին չի պարտադրում իր զավակներին, որովհետեւ ճշմարիտ հովիվն է եւ ովքեր նրանն են, ճանաչում են նրա ձայնը եւ հետեւում են նրան կամովին: Յուրաքանչյուր հայ ազատ է գնալ կամ չգնալ եկեղեցի, մասնակցել կամ չմասնակցել նրա արարողություններին, մոմ գնել կամ չգնել, եւ նրան հայ ավետարանականների նման տուն չեն զանգի ու չեն հարցնի. «Իսկ այսօր ինչի՞ չէիր եկել... վատ է, շատ վատ է... աշխատիր չբացակայել»: Սա արդեն կուսակցություն է, ոչ թե կրոնական կազմակերպություն:
Հայ ավետարանականների քույր-եղբայր խաղն արդեն անհամացել է եւ հնդկական կինո է հիշեցնում, որտեղ քույրն ու եղբայրը ճանաչում են իրար խալով: Իսկապես ո՞րն է այն անկյունաքարը, այն միացնող գլխավոր խորհուրդը, որով նրանք կարող են մեզ քույր կոչվել: Միայն մեկ նման խորհուրդ կա` մկրտության խորհուրդը: Հոգեւոր քույր կամ եղբայր մեզ համար կարող է լինել միայն նա, ով մեր եկեղեցու ավազանով է ծնվել, նույն ավազանով, որի ծնունդն ենք նաեւ մենք` հայ առաքելականներս: Հակառակ դեպքում նրանք մեզ ոչ միայն քույր, այլեւ քրոջ զարմիկ չեն կարող լինել: Եթե իսկապես քույր ենք, ուրեմն նույն մորից ենք, նույն արգանդից. երբեք ուշ չէ վերստին ծնվել եւ պետք չէ թերահավատ փարիսեցու պես հարցնել, թե «ինչպե՞ս կարող եմ նորից մտնել իմ մոր որովայնը»: Ապօրինի զավակներ չենք, մեր մայրը մեկն է` Հայ առաքելական սուրբ եկեղեցին, եւ նրա շնորհառատ ու պտղաբեր արգանդը մկրտության ավազանն է, որ մայրական գորովանքով միշտ պատրաստ է ընդունել յուրաքանչյուր հայորդու, արժանացնել մեղքերի թողության, պաշտպանել նրան բազմաբյուր սրբոց բանակով, Աստվածատուր դավանանքով, որ դարերով մկրտվել է իր զավակաց արյունով եւ ինքն էլ դարձել միս ու արյուն, այն աստիճան, որ Կովկասում առաքելական դավանանք ընդունած այլազգուն «հայ առաքելական» էին անվանում, դարձնել հետեւորդն ու հոգեւոր ժառանգը առաքյալների, բազմաբյուր սրբոց եւ հրեշտակաց հետ ցնծալ Միածնի Էջքով, առաջին քրիստոնյա պետության քաղաքացին լինելու պատվաբեր եւ պարտավորեցնող շնորհով: Մեր եկեղեցու դռները բաց են բոլորի առաջ, թե՛ երիցս ուրացածների, թե՛ յոթն անգամ յոթ մեղանչածների, բայց եթե հոտը վտանգի մեջ է, եթե այլ «հովիվներ» ներս են մտնում պատուհաններից եւ քաղցրապատիր խոսքերով իրենց հետեւից տանում մոլորյալ գառներին, ուրեմն այլեւս հուր եւ բաժանություն է եւ որտեղ հինգը կան, երեքը երկուսի դեմ կլինեն եւ երկուսը երեքի եւ այսուհետեւ ամեն ոք թող վաճառի աշխարհիկ պատրանքների շապիկը եւ գնի բազմադարյան հոգեւոր եւ մարմնական պատերազմներում կոփված եւ Բարձրյալի կողմից փառավորված Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ դավանանքի սուրը:
ԳՐԻԳՈՐ ԲԵՐՋԱՆՅԱՆ
Խմբ. կողմից.-Ի տարբերություն հոդվածագրի բացարձակ գնահատականների, հաստատենք, որ պատմական պայմանների բերումով մեր Մայր եկեղեցուց բաժանված հայ բողոքական համայնքում, ի մասնավորի Միջին Արեւելքի երկրներում, կան ազգային ոգով տոգորված, կրոնախոհությամբ չտառապող բազմաթիվ մտավորականներ ու գործիչներ, ովքեր թերթեր են հրատարակում, դպրոցներ ու համալսարան են պահում, եւ հայ առաքելականներից ոչ պակաս նվիրված են հայապահպանության գործին ու հայ արժեքներին: Ի դեպ, նրանցից շատերն են դժգոհ Հայաստանում վերապատվելի Ռ. Լեւոնյանի գործունեությունից: