Մարզասերներին քաջ հայտնի է թենիսի «Մեծ սաղավարտ» մրցանակը, որի խաղարկությունն իր մեջ ընդգրկում է չորս մրցաշարերՙ Ավստրալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բաց առաջնությունները, ինչպես նաեւ Ուիմբլդոնի մրցաշարը:
Եվ ահա շախմատում եւս որոշել են նմանատիպ ձեւով խաղարկել հատուկ մրցանակ: Այս մասին պայմանավորվել են Վեյք Ան Զեեի, Բիլբաոյի եւ Լինարեսի, Մեխիկոյի եւ Սոֆիայի մրցաշարերի կազմակերպիչները: Մրցումների առաջին փուլը կանցկացվի Հոլանդիայում 2008 թ. հունվարի 11-27-ը: Երկրորդը կլինի շախմատի Լինարեսի ավանդական մրցաշարը, որը կանցկացվի փետրվարի 15-ից մարտի 9-ը: Երրորդ փուլը Սոֆիայի մրցաշարն է (մայիսի 6-18-ը): Իսկ ավարտական փուլի մրցումները կանցկացվեն Մեխիկոյում հունիսի 21-ից հուլիսի 6-ը: Այդ մրցաշարերի հաղթողները հանդես կգան եզրափակիչում, որի մրցումները տեղի կունենան իսպանական Բիլբաո քաղաքում սեպտեմբերի 15-27-ը: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը կկազմի 400 հազար եվրո:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ