Ստեփան Վարդանյանին սպանել են մայիսի 9-ին Երեւանումՙ իր սաունայի դիմաց: Այդ գործով առանց ծանուցագրի որպես վկա հարցաքննության է կանչվել 1976 թվականին ծնված Լեւոն Ղուլյանը, որը սաունայի դիմացՙ Մանանդյան 17 հասցեում գտնվող «Պանդոկ» ռեստորանի տնօրենն էր: 31-ամյա երիտասարդի մասին անցյալով խոսելու պատճառը նրա մահն է, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, ինքնասպանություն է.«Օգտվելով քննիչի բացակայությունից (նրանից ջուր էր խնդրել), նա փորձել է դիմել փախուստի: Երկրորդ հարկի պատուհանից վայր է ընկել ու մահացել»: Մինչդեռ մահացածի հարազատների, մասնավորապես տիկնոջՙ Ջեմմա Ղուլյանի համոզմամբ, Լեւոն Ղուլյանին սպանել են հենց իրավապահ մարմինները. «Չեմ հասկանում, ոնց կարող է ոստիկանությունում իրականության բացահայտման փոխարեն ոչնչացնեն վկաներին, որպեսզի մատուցեն իրենց ուզածը: Չեմ հասկանում, ո՞վ է այսպես շահագրգռված դրանում»:
Ինչպես փաստեցին Լեւոն Ղուլյանի իրավահաջորդների պաշտպաններ Արթուր Գրիգորյանը, Ռուբեն եւ Նարինե Ռշտունիները նախօրեին հրավիրած ասուլիսում, Ղուլյանի մահվան պաշտոնական վարկածը լիովին զուրկ է տրամաբանությունից, քանի որ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հարցաքննության կանչված եւ ապօրինաբար մի օր ոստիկանությունում պահված Ղուլյանը ինքնակամ է վերադարձել ոստիկանություն, որտեղ ամեն դեպքում նրան հնարավորություն էին ընձեռել քաղաքացիական պարտքը կատարելուՙ ընտրություններին մասնակցելու: «Եկավ տուն, հանգստացավ մի քիչ ու ասացՙ այնտեղ անելիք չկա այլեւս, երեւի մի ժամից կգամ: Բայց նա տնից գնաց եւ չվերադարձավ», երեկ մեզ հետ զրույցում պատմեց Լեւոնի կինը: Նա նաեւ վստահ է, որ ծեծով ու ճնշումներով իր ամուսնուն մահվան հասցրած հարցաքննությունը Հովիկ Թամամյանի գործն է:
Իրականության եւ արդարության բացահայտման խնդրանք-պահանջով երեկ կառավարություն էին ներկայացել ոչ միայն Լեւոն Ղուլյանի ընտանիքի ներկայացուցիչները, այլեւ մի քանի տասնյակ հայաստանաբնակներ: «Կառավարության շենքի դիմաց մեր բողոքը արտահայտեցինք եւ դիմեցինք վարչապետ Սերժ Սարգսյանին որեւէ կերպ օգնելու կատարվածի բացահայտման հարցում, եւ վստահ եմ, ցանկության դեպքում ամեն ինչ կպարզվի, այսինքնՙ արդարությունը կապահովվի մեղավորների պատժմամբ: Մենք համոզված ենքՙ սա սպանություն է: Մեղավորը պարտադիր պետք է պատժվի», երեկ տեղեկացրեց Ջեմմա Ղուլյանը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ