«Բանակցությունները ներկա պահին այլընտրանք չունեն, բայց մենք շարունակում ենք ամրապնդել մեր ռազմական հզորությունը, որպեսզի Հայաստանի հանդեպ 10- 20 անգամ գերազանցություն ապահովենք», հերթական անգամ սեփական ոճի մեջ, նաեւՙ բովանդակության, հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա նաեւ նշել է, թե Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում երբեք չի գնա «ազգային շահերի ոտնահարմանը, եւ որքան շուտ Հայաստանը դա գիտակցի, այդքան արագ կլուծվի հակամարտությունը»: Բնականաբար, Ադրբեջանի նախագահը երկրի շրջաններից մեկի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը ձգտում է լուծել հակամարտությունը բանակցությունների ճանապարհով, սակայն «հայկական կողմը ցուցաբերում է կեղծավորություն եւ ապակառուցողականություն»:
Յուրօրինակ կերպով Ալիեւի նման հայտարարություններն անարձագանք են մնում միջազգային հանրության կողմից, մինչդեռ տվյալ դեպքում, ինչպես եւ շատ պարագաներում Ադրբեջանի բազմամյա առաջնորդի որդին խոսում է հստակորեն պատերազմի լեզվով: Մյուս կողմից, շատ հետաքրքրական է, որ Ադրբեջանն այնպիսի կարծիք ունի Հայաստանի մասին, թե գերազանցելն անհրաժեշտ է համարում առնվազն 10- 20 անգամ:
Ինչեւէ: Նույն օրն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, թե Սանկտ Պետերբուրգում հունիսին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին պաշտոնապես հայտարարել չեն կարող: ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե բոլոր սկզբունքները համաձայնեցված են իրենց օգտին, Մերզլյակովը նշել է, թե յուրաքանչյուր կողմ խոսում է իրեն ձեռնտու կողմերի եւ լռում մյուսների մասին: Միեւնույն ժամանակ ներկա դրությամբ խոսքը փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլ կարգավորման սկզբունքների համաձայնեցման: