«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2007-05-16 | #92, 2007-05-17 | #93, 2007-05-18


ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑ

«Արմենիա- Մարիոթ» հյուրանոցում երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նախ հայտարարեց, որ ինքն առաջադրելու է իր թեկնածությունը գալիք նախագահական պայքարում, հետո էլ կարծիք հայտնեց, որ ամենայն հավանականությամբ «սեւ ու սպիտակի մեջ» Սերժ Սարգսյանի իրական մրցակիցը կամ ինքն է լինելու, կամ էլ «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նախագահական մարաթոնում հայտնվելու իր որոշումը Արամ Կարապետյանը մեկնաբանում է իրենց կուսակցական դինամիկայի աճով. «Ընտրազանգվածն ընկալում է «Նոր ժամանակներ» կուսակցության գաղափարները, եւ դա անում է բավական արագ: Եթե կարգավորենք վստահված անձանց ինստիտուտն էլ, ես կարծում եմ, որ մեր հաղթանակի խնդիրը լուծված կլինի»:

Արամ Կարապետյանը դժգոհեց ընտրությունների արդյունքներից` ընդգծելով, որ իրենց արդյունքները տասն անգամ իջեցված են ներկայացվել: Իրենց հայտնաբերած ընտրախախտումների մասին «Նոր ժամանակներ»- ը պատրաստվում է բարձրաձայնել Սահմանադրական դատարանում, ինչի նպատակը, կուսակցության առաջնորդի խոսքով, միջազգային հանրությանը ցույց տալն է, որ իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքները: «Մենք խնդիր չենք դնում, որ էնքան վերահաշվարկեն, որ մենք 5 տոկոսն անցնենք: Պարզապես մենք ուզում ենք փաստել, որ ընտրությունները կեղծվել են, եւ դա ընտրությունների արդյունքներին չհամաձայնելու իրավաբանական ձեւակերպումն է», ասաց Արամ Կարապետյանը: Դիտարկմանը, թե ՕԵԿ- ն էլ է դիմելու Սահմանադրական դատարան, կմիանա՞ն նրանց, «Նոր ժամանակների» առաջնորդն ասաց. «Ես երբեք Արթուր Բաղդասարյանին ընդդիմություն չեմ համարել»: ՕԵԿ- ի եւ «Ժառանգության» խորհրդարան անցնելու մասին իր տեսակետն ունի Արամ Կարապետյանը, որն, իր խոսքով, բխում է իշխանությունների տրամաբանությունից: Ըստ նրա, «Ժառանգությունն» անցավ խորհրդարան, որովհետեւ անվտանգ է, իսկ Արթուր Բաղդասարյանն էլ ամեն ինչ ասաց, բայց չպատասխանեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին` իր հասցեին արած որակման համար:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4