«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2007-05-16 | #92, 2007-05-17 | #93, 2007-05-18


ՁԵՌՔԵՐԻՍ ՄԵՋ ՁՎԱԾԵՂ ԱՆԵՆՔ- ՀՅՈՒՐԱՍԻՐԵՆՔ` ԿՀԱՆԳՍՏԱՆԱ՞Ն

Գալուստ Սահակյանը միակն էր, որ մեծամասնություն էր կանխատեսել ՀՀԿ- ի համար

Երեկ Գալուստ Սահակյանի հետ «Փաստարկ» ակումբում հանդիպման եկած լրագրողներիս հետաքրքրում էր, թե ինչպե՞ս էր միայն նա կանխատեսել, որ ՀՀԿ- ն մեծամասնություն է ունենալու նոր խորհրդարանում. հիշելով, որ հենց այդ ակումբում է ինքն առաջին անգամ այդ մասին ասել ընտրարշավի երկրորդ կեսին, նա ճշտեց` դա ոչ թե կանխատեսում էր, այլ վերլուծությունների արդյունք, քանի որ դրա բոլոր հիմքերը կային: Նա Հանրապետականի հաջողությունները մեծ գնահատեց, բայց առավել մեծ հաջողություն համարեց, որ վերջում կարողացան մթնոլորտը փոխել, դրա մասնակիցը եղան բոլոր քաղաքական ուժերը, եւ փաստորեն գնահատականը միանշանակ է, որ ընտրություններն անցել են ընտրական համակարգերի չափորոշիչների համաձայն, եվրոպական ընտրություններին հարիր: Բողոքներ կլինեն, քանի որ ըստ Գ. Սահակյանի` պարտվողները դյուրին չեն իրենց պարտությունն ընդունում:

Նա չի ընդունում, որ զանգվածային կեղծիքներ են եղել: Երբ խոսում են սահմանադրական դատարանում ընտրությունների վիճարկման մասին` որեւէ քաղաքական ուժ չի ասում, թե ի՞նչն է վիճարկելու, ինչպե՞ս է այն պատկերացնում, զարմացավ 3- րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավարը, մինչդեռ այժմ հետընտրական ժամանակաշրջանի համար բավական աշխատանք կա, պետք է մտածել, թե քաղաքական ուժերն իրենց տված խոստումներն ինչպես իրացնեն: Իսկ հեղափոխության հասարակական պահանջ չկա, որքան էլ մեր ընդդիմադիր ուժերն այսօր էլ փորձում են իրենց մեկնաբանություններով գնալ հին ճանապարհով, որովհետեւ եթե ընտրողների գերազանց մասը դժգոհ լիներ, ամսի 13- ին ընդդիմադիրները հանրահավաք էին անում` շատ բազմամարդ կլիներ:

Մյուս ուժերի հետ հարաբերությունների մասին. կուսակցության նախագահն էլ ասել է, Գ. Սահակյանն էլ կրկնեց. «Սկզբունքորեն մենք գնալու ենք համագործակցության ճանապարհով, դա նոր գործելակերպ չէ, տարիներ շարունակ մեր ռազմավարությունն այդպիսին է, եւ այն ուժերը, որոնք համամիտ կլինեն այն ծրագրերին կամ այն գործընթացներին, որոնցով հետագայում պիտի ապահովվեն մեր երկրում կայունություն եւ անվտանգություն, կարծում եմ նրանց հետ համագործակցություն կլինի», ասաց:

Խնդիրն, ըստ նրա, այն չէ` ո՞ր կուսակցությունը քանի՞ նախարար պետք է ունենա, խնդիրը նախարար ունենալը չէ, որովհետեւ ով էլ լինի նախարար` կառավարության ծրագիրն է իրականացնելու, այլ թե` որքանո՞վ են այդ քաղաքական ուժերը ցանկանում համագործակցություն իրականացնել: «Կարող ենք ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցել, առավել եւս այն ուժերի, որոնք մոտ են եղել 5 տոկոս շեմը հաղթահարելուն: Սա հնարավորություն է տալիս կուսակցություններին, առավել եւս 5 տոկոսին մոտ, որոշակի խոստումներն ընտրազանգվածի մոտ իրացնել», նկատեց Գ. Սահակյանը` դա բացատրելով հետեւյալ անհրաժեշտությունից. դասական տեսակետից ՀՀԿ- ն մեծամասնություն ունի, բայց երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը չի կարելի համեմատել եվրոպականի հետ, պիտի բոլորն աշխատեն. «Չենք համարում նաեւ, որ մեր երկրում պետք է քաղաքական մոնոպոլ վիճակ ստեղծել: Մենք առաջարկում ենք` կփորձե՞ն համագործակցել, լավ, չե՞ն փորձի` երկու դեպքում էլ պատասխանատվությունը մեր վրա է: Քաղաքական էթիկայի տեսակետից շփումների միակ բանաձեւը համագործակցությունն է», համոզված է Գ. Սահակյանը, քանի որ Ժողովուրդը ոչ թե Հանրապետականի անունին միայն ձայն տվեց, այլ երկրի անվտանգությանն ու կայունությանը: Ըստ նրա` նույնը «Ժառանգությունը», որն իր մոտիվներով լրացում էր անում երկրի անվտանգությանն ու կայունությանը` ժողովրդի դժգոհ հատվածի հայացքն ընդդիմադիրներից դարձրեց դեպի իրեն, այդ հատվածը տեսավ, որ այստեղ է գաղափարախոսությունը, պետության անվտանգության ու կայունության հանդեպ մտահոգությունը:

Կոնկրետ- փաստացի ֆորմատով` համագործակցության բանակցային գործընթացներ չկան, բայց մոտեցումներ ձեւավորվում են: Պաշտոնների բաշխումը համագործակցության, որոշակի խնդիրների լուծման հետեւանք կարող է լինել: Այսօր կառավարություն կազմելու սկզբունքներն են մշակվում` կադրերը կհամապատասխանեցվեն սկզբունքներին: «Դուք համապատասխանո՞ւմ եք մշակույթի նախարարի սկզբունքին», մամուլի լուրերին ուղերձ անող դիմադարձ հարցին Գ. Սահակյանը պատասխանեց. «Մշակութային անձնավորություն եմ, բայց (նախարար- Մ.Խ.)` ոչ»:

Ըստ ՀՀԿ- ական վերնախավի ներկայացուցչի` առաջիկայում ընդդիմությունն իր դեմքը կփոխի, առավել կառուցողական կդառնա: Նոր խորհրդարան անցած մյուս 4 ուժերին Վազգեն Մանուկյանի խորհուրդը` ՀՀԿ- ի դեմ միավորվելու վերաբերյալ այսպիսի արձագանք ունեցավ. «Պատերազմի կոչ է, թե ձեռնոց նետել` պիտի քաղաքագետները վերլուծեն: Մենք ժամանակ չունենք ամեն հայտարարություն վերլուծելու, շատ գործ ունենք»: Եթե հիշում եք` այդ կոչը նախ ընտրողների մատները թանաքոտելը օրենսդրորեն ամրագրելու շուրջը միավորվելուն էր վերաբերում, որ ապագա նախագահական ընտրությունները չկեղծվեն. «Եթե էդ թանաքոտելով կհանգստանան` ժողովուրդն ասում է` ձեռքերիս վրա ձվածեղ անենք- հյուրասիրենք», ասաց ի պատասխան:

Իսկ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը» 370 հազար անդամի մասին հայտարարելով 200 հազար ձայն ստացավ. ըստ Գ. Սահակյանի` այլ բան է կուսակիցներ ունենալ, այլ բան` բարձր ռեյտինգ ունենալը, այլ բան է ամբողջ ընտրազանգվածին ուղղորդել դեպի ընտրությունները, կազմակերպչական աշխատանք եւ փորձ է պետք... Եթե փորձ ունենային` առավելը կարող էին ունենալ, թեեւ նոր խորհրդարանի ձեւավորման գործում ԲՀԿ- ն լուրջ դերակատարում կարող է ունենալ:

ՕԵԿ- ի հետ համագործակցելն ի՞նչ ապագա ունի. այլ բան է ՕԵԿ- ը, այլ բան` Արթուր Բաղդասարյանի հանդեպ վերաբերմունքը. «ՕԵԿ- ում կան բավականին կազմակերպված անձեր, եւ, ինչու չէ, կարելի է որոշակի խնդիրներում համագործակցել»: Ըստ հանրապետական լիդերի` պարտադիր չէ, որ բոլոր սկզբունքների շուրջը համագործակցեն, օրինակ, ղարաբաղյան հարցում կուսակցությունների մեծ մասը կհամագործակցի: «Երբ ասում են համագործակցություն, չի նշանակումՙ մի կուսակցությունը դառնում է մյուսի վասալը կամ խառնվում է այդ կուսակցությանը», պատկերավոր արտահայտվեց նա:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4