Այդ նրանք են սիրում իրենք իրենց ձայնագրել ու նկարահանել
Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած կուսակցությունները հասկացել են մեղքի իրենց բաժինն, ու հետընտրական շրջանում շարժում ծավալելու նրանց ձգտումն արդեն իսկ ձախողված է: Ժամանակն է նստելու եւ խորհելու սխալների մասին, որովհետեւ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի պահանջները փոխվել են, զուտ պոպուլիստական հայտարարություններն ու քննադատությունը առաջվա պես նրա վրա չեն ներգործում, բացասական երեւույթներ դրսեւորելու դեպքում հնարավոր չէ նրանից դրական պատասխան ստանալ, այսինքնՙ «մտել ենք ընտրական ու քաղաքական նոր որակի մեջ, որը տարեցտարի փոխվելու է դեպի լավը»:
Քարոզչական նոր տեխնոլոգիաների մուտքի մասին խոսելիս Իսագուլյանն առանձնացրեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, որը ժողովրդի քվեն ստացել է անմիջական շփումների շնորհիվ: Նա այցելել է տարբեր շուկաներ, նաեւ «վերնիսաժ», սեղմել յուրաքանչյուր մարդու ձեռքն ու հավատ ներշնչել: «Շատ լավ կարողանում էր օգտագործել մյուս կուսակցությունների կազմակերպած հանրահավաքները: Օրինակ, Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ նրա մեքենան կանգնում էր հեռու, ինքը մեկ անգամ անցնում էր հանրահավաքի միջով ու գնում: Առանձնակի կառույցներ չունենալով ու մեծ գումարներ չծախսելով, կարողացավ այդ ձեւով հաղթահարել 5 տոկոսի արգելապատնեշը»:
Ութ ամիս հետո կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, ըստ նրա, ընդդիմադիրներն այլ ելք չունեն, քան 1 միասնական թեկնածու առաջադրելու որոշում կայացնելը, որպեսզի «կարողանան ապահովել մասնակցության տոկոսային հարաբերություն, այլապես կունենանք նույն պատկերը, ինչ ունեցանք»:
«Հայացք» ակումբում Իսագուլյանը երեկ ներկայացրեց իր ղեկավարած քաղաքական հետազոտությունների ինստիտուտի վերլուծությունը, որից հետո խոսեց բազմաթիվ հարցերի, այդ թվումՙ ընտրությունների ժամանակ օտար ուժերի վրա հենվելու մեր քաղաքական գործիչների փորձերի մասին: Նա փաստեց, որ օտար դիվանագետների հետ հարցեր քննարկելուց հեռու չեն մնում նույնիսկ նախկինում պետական պաշտոններ զբաղեցրած անձինք, օրինակ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Նրա հետ տեղի ունեցած դեպքը տարբեր մեկնաբանություններ ստացավ, մինչդեռ հարցը շատ պարզ էր: Մեր ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչները, որպեսզի կարողանան համոզել մյուս ընդդիմադիրներին, թե իրենք հանդիպում ու կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերում դիվանագետների հետ, շատ- շատերը ձայնագրում ու նկարահանում են իրենք իրենց: Պետությունը այդպիսի գործունեությամբ չի զբաղվում, քաղաքական գործիչներին չի գաղտնալսում», պնդեց Իսագուլյանը:
Նա գրեթե լիովին համոզված է, որ Հայաստանի հաջորդ նախագահ կընտրվի վարչապետ Սերժ Սարգսյանըՙ ինքն այդ մասին դեռ մեկուկես տարի առաջ է ասել: Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելը, նրա ասելով, բնավ չի նշանակում, որ նախագահը պետք է լինի կուսակցական, պարզապես նա կստանա քաղաքական ուժերի աջակցությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ որեւէ մրցակցություն չի լինի, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը նախագահ դառնալու հավակնություններ չունի:
Իսագուլյանն իր վերաբերմունքն արտահայտեց նաեւ ընտրությունների արդյունքների պատճառով հացադուլ հայտարարած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հանդեպ: Առաջինի համար միայն ցավ հայտնեց, ավելի անհանգիստ էր Հակոբկոխյանի առողջական վիճակից, քանի որ մոտ ընկերներ են, այնքան մոտ, որ նույնիսկ հօգուտ նրա քարոզչություն էր արել: «Իսրայելին հայտնի էր, որ ինքը չի ընտրվելու: Դեռ նախընտրական շրջանում մոտ 10 տոկոսով զիջում էր իր մրցակից Գրիգոր Մարգարյանին» (Բելաջիոյի Գրիշ):
Ամերիկյան «Հիլլ» թանգարանի հետ Մատենադարանի կնքած համաձայնագիրը միակողմանի չեղյալ հայտարարված լինելու մասին իրավապաշտպան Պուշկին Սերոբյանի նախորդ օրվա հայտարարությունը նա համարեց անհիմն, փաստելով, որ մի կողմի հրաժարվելը լիուլի բավարար է համաձայնագիրը կասեցված համարելու համար:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ