«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2007-05-16 | #92, 2007-05-17 | #93, 2007-05-18


ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԿԵՂԾՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒՄ ԷՐ

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեր պարբերականի կայքէջում ավանդաբար հարցերն ուղղում են ընթերցողները, բայց հակառակն էլ արդեն իրողություն է: Մայիսի 12- 16- ն ընթերցողները հնարավորություն ունեին մասնակցելու 2007 թվականի մայիսի 12- ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքի մասին «Ազգ»- ի հարցմանը: Հարցերը չորսն էին, իսկ պատասխանների թվային պատկերը հետեւյալն է.

1. Մասնակցեցի՞ք ընտրություններին:

Այոՙ 60: Ոչՙ 38:

2. Ընտրությունների ընթացքի վերաբերյալ ձեր գնահատականը:

Քաղաքակիրթՙ 10: Բավարարՙ 31: Անբավարար 9: Խայտառակՙ 29:

3. Անձամբ որեւէ խախտման ականատես եղա՞ք:

Այոՙ 27: Ոչՙ 71:

4. Այս ընտրությունները նախորդների համեմատ առաջընթա՞ց էին, թե հակառակը:

Ի՞նչն եք համարում դրական իրողություն, ի՞նչըՙ անընդունելի:

Իմ կարծիքով դրականըՙ 35: Իմ կարծիքով անընդունելինՙ 28:

Պատասխանների բովանդակային պատկերն էլ համապատասխանաբար տարբեր է սկսած գոհունակությունից մինչեւ ոչ այնքան կոռեկտ ձեւակերպումներ: Հարցման մասնակիցները ընտրություններում առկա առաջընթաց, դրական քայլ համարում են ՀՀ քաղաքացիների ակտիվությունըՙ մեծ մասնակցությունը ընտրություններին եւ ընտրություններով ապագայում դրական փոփոխություններ ապահովելու, դրանցում սեփական դերակատարությունը կատարելու հավատը: Այս երկու հանգամանքներից զատ դրական փաստերի շարքում առանձնացվել է նաեւ այն, որ բիրտ ու գռեհիկ խախտումներ չեղան: Դրական է համարվել նաեւ ընդդիմադիր թեւի ստացածըՙ «իրենց հասանելիքըՙ «ապտակ» ստացան մի շարք քաղաքական ուժեր` Դեմիրճյանը, Գեղամյանը, Շ. Քոչարյանը, Ա. Կարապետյանը, իրենց հավակնոտության եւ անհեռատեսության համար, Ն. Փաշինյանըՙ ՀՀՇ- ին ծառայելու, Ա. Սարգսյանը, Մ. Գասպարյանն ու Սադոյանըՙ պրիմիտիվության համար, Տ. Կարապետյանըՙ միամտության եւ փոքրոգության համար, Ս. Բաբայանըՙ նախկին սխալների եւ այլն»:

Անցնելով հարցման 100 մասնակիցների ընտրություններին տված բացասական գնահատականներին եւ դրանց հիմնավորման հանգամանքներին, ասենք, որ որպես ընտրությունների գնահատական բազմիցս կրկնվում է «խայտառակ» բառը, առկա են նաեւ թունդ արտահայտություններ, իհարկե, ոչ հրապարակելի: Այդ կարծիքին է հարցման մասնակիցների 29 տոկոսը: Դրանից զատ ընդգծվել է. «Կեղծել են բոլորը, ընտրությունների ազատությունը եղել է արտաքուստ, իսկ իրականում ամեն ինչ նախօրոք պլանավորված է վերնախավի կողմից, նույնիսկ իրենց հաղթանակը»: Հարցման մասնակիցներից ոմանք էլ կարծիք են հայտնել, որ կեղծիքների տեխնոլոգիաները տարեցտարի կատարելագործվում ու հղկվում են եւ փայլուն աշխատում փոքր բնակավայրերում: Ամեն դեպքում, ինչպես փաստում է հարցման մասնակիցը, արդյունքներն ակնկալելի էին. «Դեռ դեկտեմբերին նախագահը խրախուսեց ընտրակաշառքի բաժանումըՙ դատապարտելու եւ խիստ միջոցներ ձեռնարկելու փոխարեն»:

Հարցման արդյունքների համաձայն կարելի է եզրահանգել, որ ընտրություններին ՀՀ քաղաքացիների ակտիվությունը միմիայն քաղաքացիական պատասխանատվությամբ չի բացատրվում եւ արտաքուստ քաղաքակրթվածություն ներառելով ընտրարշավն էլ այդ հարցում էական դեր չի ունեցել, եթե, իհարկե, ընտրարշավի առանցք կազմած այս կամ այն ձեւն ընդունած ճնշումներն ու կաշառքները նկատի չառնենք: Հարցման թվային պատկերն էլ ապացուցում է, որ իշխանությունների հանդեպ հասարակության հավատից դեռ բավականին հեռու ենք: Մարդիկ առանց ականատես լինելու էլ վստահաբար կարծիք են հայտնում, որ խախտումներ եղել են: Հարցվածների 27 տոկոսն է խախտումների ականատես եղել, սակայն ընտրությունները քաղաքակիրթ համարողներն ընդամենը 10 տոկոս են կազմում: Սա էլ խոսում է հենց կեղծման տեխնոլոգիաներում մեր երկրի առաջընթացի մասին:

Եվ իհարկե, շատ դժվար է որեւէ թվով արտացոլել այն մարդկանց քանակը, ովքեր ՀՀ հերթական համապետական ընտրություններից հետո հիմք չեն ունենա ասելու. «Այս պառլամենտի մակարդակը ցածր է նույնիսկ նախորդից: Եվ կարեւոր չէ, թե ինչ կասեն դիտորդները: Մենք պետք է ապրենք այստեղ, մեզ դա գոհացնո՞ւմ է: Իսկ այս ընտրությունները որեւէ կապ չունեն դեմոկրատիայի հետ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4