«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2007-05-16 | #92, 2007-05-17 | #93, 2007-05-18


«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

Հայտարարեց Արմեն Այվազյանը ԵՊՀ- ում անվտանգության հայեցակարգին նվիրված միջոցառմանը

Երեկ ԵՊՀ- ում «Հայ երակ երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգ. մեկնաբանություններ եւ վերլուծություն» թեմայով կազմակերպվել էր գիտաժողով- քննարկում:

Բացման խոսքում ակումբի գլխավոր համակարգող Ստեփան Խզրթյանն, անդրադառնալով քննարկման օրակարգին, ընդգծեց հայ երիտասարդների դերը Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդման գործում: Դրան հետեւեց ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի «Ազգային անվտանգության ռազմավարության հասկացության մասին» զեկուցումը: Նա, համեմատություններ անցկացնելով ազգային անվտանգության ռազմավարության եւ ազգային գաղափարախոսության միջեւ, նշեց, որ գաղափարախոսությունը կոնսենսուսի արդյունքում ծնվող փաստաթուղթ է, ինչի շուրջը պետք է համախմբվեն հասարակության բոլոր շերտերը, կուսակցությունները եւ չմոռացավ ընդգծել. «Որոշ հեղինակների կարծիքով, ազգային գաղափարախոսությանը բնորոշ է ամբողջատիրական պետություններին»:

Ինչ վերաբերում է ազգային անվտանգության ռազմավարությանը, ապա, ըստ բանախոսի, դա այսօրվա իրադրության մեջ առկա մարտահրավերներին արձագանքելու եղանակ է: Բանախոսն ընդգծեց, որ ՀՀ նախագահի հրամանով հաստատված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը միջգերատեսչական համաձայնեցման արդյունքն է եւ այդ առումով աննախադեպ է մեր երկրի պատմության մեջ:

Վիգեն Սարգսյանը նշելով ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի Վաշինգտոնում, Մոսկվայում եւ Բրյուսելում փորձաքննության ենթարկվելու, եւ ուժային այս երեք կենտրոններում փորձագիտական դրական գնահատական ստանալու հանգամանքը, ավելացրեց. «Սա նշանակում է հավասարակշիռ փաստաթուղթ է, որն արտացոլում է Հայաստանի բնույթով փոխլրացումային արտաքին քաղաքականությունը»:

ՀՀ նախագահի օգնականից հետո ամբիոնին մոտեցավ «Արարատ» ռազմագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Նրա զեկուցումը յուրօրինակ պատասխան էր Վիգեն Սարգսյանի զեկուցմանը, որովհետեւ նա կենտրոնացավ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի մեթոդաբանական թերությունների վրա: Այվազյանը մեթոդաբանական սխալ համարեց այն, որ փաստաթղթում չեն ուրվագծվել Հայաստանի նկատմամբ սպառնալիքներն այնպես, ինչպես կան, չկա պատասխանն այն հարցի, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ տարածքի վրա է ցանկանում գոյատեւել, այնտեղ չի նշվում տարածքային խնդիրը, ոչ էլ բացահայտվում է Հայկական հարցի էությունը, չի օգտագործվում ազատագրված տարածք հասկացությունը, էլ չենք խոսում Ջավախքի, Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի մասին:

Արմեն Այվազյանի դիտարկմամբ, շրջանցված են նաեւ Հայկական հարցի բոլոր բաղադրիչները, որոնց թվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը: Բանախոսն ասաց, որ կարգավորման մասին խոսում են, բայց չի ուրվագծվում, թե ինչ է ենթադրում հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար: Նա փաստաթղթի կարեւոր սխալներից համարեց այն, որ նախատեսված է արտաքին լսարանի համար, այլ ոչ թե ներքին: Հենց դրանով էլ պայմանավորեց փաստաթղթում մեր հանրապետության առջեւ կանգնած բոլոր սուր հարցերի կլորացումը:

Այնուհետեւ Այվազյանն ավելացրեց. «Օրինակ, ի՞նչ է նշանակում հայ- ադրբեջանական հակամարտության կարգավորումը եւ ինչո՞ւ չի հիշատակվում Շահումյանի, Գետաշենի եւ այլնի մասին»: Այվազյանը մեթոդաբանական մեծ սխալ համարեց նաեւ փորձաքննության համար փաստաթուղթը Վաշինգտոնին, Մոսկվային եւ Բրյուսելին ներկայացնելը, ինչը, ՀՀ նախագահի օգնականը համարում էր արժանիք:

Այվազյանը զարմանքով նշեց, որ այս փաստաթուղթը տրվել է օտար պետությունների փորձագետներին, այն էլՙ հակադիր շահեր ունեցող, ապա եւ ավելացրեց. «Մինչդեռ մեր անվտանգության պահանջները մենք ինքներս պետք է որոշենք: Եթե փաստաթղթում կան անճշտություններ, ապա հենց դրանով են պայմանավորվում»:

Ելույթի վերջում Այվազյանն արեց հետեւյալ եզրակացությունը. «Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում վերանայման լուրջ կարիքն ունեն Հայկական հարցն ու հայության առջեւ ծառացած բոլոր սուր խնդիրները: ՀՀ նախագահի հրամանով ընդունված լինելը փաստաթղթի թերեւս ամենադրական կողմն է, որն օպերատիվ կարգով շտկումներ կատարելու հնարավորություն է տալիս»:

Ելույթներին հետեւեցին ընդհանուր քննարկումներըՙ մասնակցությամբ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի, Ստեփան Խզրթյանի, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ Հայկ Քոթանջյանի եւ այլոց: ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի քննարկումը ԵՊՀ- ում, այն էլ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ենթադրո՞ւմ է Հայաստանի որդեգրած փոխլրացումային քաղաքականության վերանայումը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց, որ դա նպաստում է վերանայման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, կասկած չի հարուցում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4