Ալեքսանդր Արզումանյանի կինը կատարվածը անհեթեթություն է համարում
ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը մայիսի 7- ի լույս 8- ի գիշերը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով: Այսօր էլ Արզումանյանը ազատության մեջ չէ, եւ ինչպես երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսում վստահեցրեց նրա կինըՙ Մելիսա Բրաունը, ամուսնու ինքնազգացողությունը լավ է, իսկ տեսակցությունների հնարավորությունը 15 օրը մեկ է:
Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանն էլ կարծիք հայտնեց, որ հարուցված քրեական գործում քրեական հիմքեր ամենեւին էլ չկան, պարզապես իրականացվել է քաղաքական պատվեր: Համակարծություն արտահայտելով Մելիսա Բրաունն էլ հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ալեքսանդր Արզումանյանին, հասկանում են, որ սա անհեթեթություն է եւ ունի քաղաքական ենթատեքստ եւ նպատակ ունեն չճանաչողներին էլ տեղեկացնել, ներկայացնել, ի դեպ նաեւ միջազգային կազմակերպություններին դիմելով: Իսկ ԱՄՆ- ը, որի քաղաքացին է Արզումանյանի կինը, որեւէ անելիք չի տեսնում, քանի որ գործը քրեական է: Այսպիսին է եղել Մելիսա Բրաունի ՀՀ- ում ԱՄՆ դեսպանատան համապատասխան աշխատակցի հետ զրույցի պատասխանը:
Գործում չկան Ալեքսանդր Արզումանյանի մոտ եղած փողերի հենց Ռուսաստանի Դաշնությունից ուղարկված լինելու եւ հենց հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու մասին ապացույցներ: Համենայն դեպս այդպես է ըստ փաստաբան Հովիկ Արսենյանի: Ի դեպ, նա նաեւ հույս հայտնեց, որ խորհրդարանական ընտրությունների առկա ելքի պարագայում, երբ այլեւս խնդիր չկա որեւէ ուժի վնասազերծման, կարելի է ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին հնարավորինս շուտ ազատության մեջ տեսնելու ակնկալիքն իրատեսական համարել:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ