Մեր մշակութային կյանքը ծանր կորուստ կրեց. հայ դասական երգարվեստի հարուստ ներկապնակն աղքատացավ: Կյանքից հեռացավ հայ ամենատաղանդավոր ու համբավավոր արտիստուհինՙ «հայկական սոխակը», Գոհար Գասպարյանը: Իր ձայնի անզուգականությամբ, կատարողական վիրտուոզությամբ նա հայկական երգարվեստը հարստացրեց իր հարուստ ու շքեղաշուք մեկնաբանություններով: Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերգերով, իսկ նրա համերգային երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ:
Գոհար Գասպարյանը 83 տարեկան էր: Ծնվել էր Կահիրեումՙ 1924 թ., Հայաստան հայրենադարձվել է 1948 թ.- ին եւ իր արտիստական շռայլ տաղանդն անմնացորդ ի սպաս է դրել հայրենի մշակույթին: Իր ծառայությունները բարձր են գնահատվելՙ հայ օպերային արվեստի մեծագույն վարպետն արժանացել է ՍՍՀՄ ժողովրդական արտիստի, Սոցիալիստական աշխատանքի հերոսի, Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, ստացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:
Հայ մեծանուն երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողովՙ ՀՀ վարչապետի նախագահությամբ:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Գոհար Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 18- ին, ժամը 18:00- ից, Բաղրամյան 50 Բ, 2- րդ մուտք, բն. 20 հասցեում:
Մայիսի 19- ինՙ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, ժամը 12:00- 14:00- ը տեղի կունենա վերջին հրաժեշտը մեծանուն երգչուհուն: Հուղարկավորության արարողությունը կկայանա ժամը 15:00- ինՙ Երեւանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում: