Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի անունը զուգորդվում է նախ եւ առաջ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորի հետ, որը Պ. Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցից սկսած դաստիարակել է մի ամբողջ շարք նշանավոր հայ թավջութակահարների: Դրանք են Վահրամ Սարաջյանը, Լեւոն Մուրադյանը, Նարինե Հարությունյանը, Վարուժան Բարթիկյանը եւ ուրիշ երաժիշտներ, որոնք ներկայումս իրենց կյանքը կապել են արտասահմանյան երկրների հետ: Ինքըՙ Ալեքսանդր Հակոբի Չաուշյանը (1917- 1991), մեր երաժշտության պատմության մեջ մտել է ոչ միայն որպես մանկավարժ: Ժամանակին հայտնի դաշնամուրային եռյակի (այստեղ նվագում էին ջութակահար Հրաչյա Աբաջյանը եւ դաշնակահար Գեորգի Սարաջեւը) թավջութակահարը հետպատերազմյան ծանր տարիներին մասնակցում էր կամերային- անսամբլային ավանդույթի ձեւավորմանը, որը նպաստում է հայ կոմպոզիտորների նոր երկերի ստեղծմանը եւ ազդում ազգային երաժշտական կատարողական արվեստի ընդհանուր մակարդակի բարձրացմանը:
Ա. Հ. Չաուշյանի որդինՙ Լեւոն Չաուշյանը, չդարձավ թավջութակահար: Նրա երաժշտական հետաքրքրությունների ոլորտը սկզբում կապված էր դաշնամուրի հետ, ապաՙ կոմպոզիտորական ստեղծագործության հետ, որտեղ նա հասավ մեծ արդյունքների: Բավական է հիշատակել ՅՈՒՆԵՍԿՕ- ին առընթեր Կոմպոզիտորների միջազգային տրիբունան (Փարիզ), որը 1983 թ. Լեւոն Չաուշյանի 2- րդ լարային կվարտետը նշեց տարվա տասը լավագույն ստեղծագործությունների թվում: Ներկայումս գլխավորելով 1994 թ. իր հիմնած Հայկական երաժշտական ասամբլեան (կոմպոզիտորների եւ կատարողների փոքր ընկերակցություն), Չաուշյանը մշտապես կատարելագործում է իր ստեղծագործական ներուժը, նվագախմբային եւ կամերային բազմաթիվ երկերին միացնելով նորերըՙ նվագախմբի, դաշնամուրի, տարբեր գործիքների համար: Եվ բնական է, որ ծնված լինելով թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի եւ դաշնակահարուհի Շաքե Զաքարյանի ընտանիքում, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը դարձել է թավջութակի երկու սոնատների հեղինակ:
Պրոֆեսոր Ա. Չաուշյանը երաժշտական ավանդույթի տոհմաբանությունը շարունակելու երազանքը կարողացավ մարմնավորել թոռանՙ Ալեքսանդր Չաուշյան կրտսերի մեջ, որը վաղ հասակից ի հայտ բերեց արտասովոր ունակություններ: Պապից բացի, Ալեքսանդրի առաջին ուսուցիչը դարձավ հմուտ մանկավարժ Զարեհ Սարգսյանը: Արդեն 12 տարեկանում պատանի երաժիշտը իր տաղանդին ծանոթացնում է իտալացի (Վերոնայում նա ստացավ առաջին միջազգային պարգեւը) եւ բելգիացի ունկնդիրներին, իսկ հետո անգլիահայ ջութակահար Լեւոն Չիլինգիրյանի աջակցությունն ընտանիքին վստահություն ներշնչեց, որ անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքներ ստանալ Լոնդոնում:
1992- 95 թթ. Ալեքսանդրը սովորում է Եհուդի Մենուհինի նշանավոր դպրոցում Մելիսա Ֆելպսի ղեկավարությամբ, իսկ հետո 4 տարիՙ երաժշտության եւ դրամայի Գիլհոլ դպրոցում (Մոսկվայի կոնսերվատորիայի սան Օլեգ Կոգանի դասարանում):
Միջազգային մի քանի պարգեւներով, այդ թվումՙ 1997 թ. ամերիկյան «Նյու Ինգլենդյան մենակատարներ» նվագախմբի մրցանակով եւ ֆրանսիացի խոշորագույն թավջութակահար Պիեռ Ֆուրնիեի անվան մրցանակով պսակված լոնդոնյան ուսումնառության տարիներին արդեն Չաուշյանը զարգանում էր որպես ներդաշնակ ներքին կազմակերպվածություն ունեցող երաժիշտ: Մտածողության բնական կարգապահությունը, բնածին բանաստեղծականությանը (հիշում ենք նրա առաջին երեւանյան ելույթը 1993 թ.` արտերկիր մեկնելուց հետո) զուգորդվելով` բարեբեր հիմք է դարձել երիտասարդ արվեստագետի հետագա երաժշտական զարգացման համար:
Որպես մենակատար եւ անսամբլիստ Չաուշյանը ծավալեց ակտիվ համերգային գործունեություն, հանդես գալով Վիեննայի կամերային նվագախմբի Լոնդոնի «Mozart Players» նվագախմբերի Անգլիայի, Շվեյցարիայի, Բելգիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաեւ կազմակերպելով սեփական դաշնամուրային եռյակ եւ 2002 թվականից Բորդոյում (Ֆրանսիա) անցկացնելով կամերային երաժշտության փառատոն ի պատիվ Օրփեոսի եւ Բաքոսի: Այս ձեռնարկումները հանգեցրին Պ. Ի. Չայկովսկու անվան թավջութակահարների միջազգային մրցույթում արժանի հաղթանակի (Մոսկվա, 2002 թ.): Աշխարհի ամենանշանակալի մրցույթներից մեկում (որը կապված է ներկայումս փառաբանված ժամանակակից թավջութակահարների անունների հետ) երրորդ մրցանակ ստանալը նոր հեռանկարներ բացեց Ալեքսանդր Չաուշյանի առջեւ: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ մրցույթի նախկին հաղթողներից երկուսը` Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտության բարձրագույն դպրոցում աշխատած Բորիս Պերգամենշչիկովը եւ նրա անժամանակ մահից հետո նրան փոխարինած Դավիթ Գերինգասը 2003- 2004 թթ. դառնում են Ալեքսանդր Չաուշյանի մանկավարժները: Կատարելագործման այդ տարիներից հետո հայ թավջութակահարի համար աշխարհի սահմանները կորցրին իրենց նշանակությունը...
Իր 30- ամյակի նախաշեմին Ա. Չաուշյանի Երեւան կատարած վերջին այցելությունը որոշ իմաստով հատկանշական բնույթ է կրում: Երաժիշտը որպես մենակատար հանդես եկավ Ա. Դվորժակի թավջութակի եւ նվագախմբի Սի- մինոր կոնցերտում (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի վահանակի մոտ էր Էդուարդ Թոփչյանը), սոնատի երեկո տվեց դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Արմինե Գրիգորյանի հետ (նույն`«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում), ինչպես «Նարեկացի» մշակութային միության կամերային համույթի հետ մասնակցեց «Ազգային պատկերասրահ» 3- րդ միջազգային երաժշտական փառատոնին: Այդ ելույթներն արտացոլեցին Ալեքսանդր Չաուշյանի բազմաժանր համերգային գործունեությունը, որի համար ժանրերից յուրաքանչյուրի արժանիքները բարերար կերպով են ազդում երաժշտական բովանդակության խորության ապահովման վրա:
Ասվածի օրինակ կարող է ծառայել Դվորժակի նշանավոր Կոնցերտի մեկնաբանումը, որտեղ յուրաքանչյուր թավջութակահար առանձնացնում է այդ ոգեշունչ երաժշտության` իր համար առավել նվիրական էությունը: Կարծում ենք, Չաուշյանի համար առավել կարեւոր է դառնում մենանվագի մեկնաբանման երգային, կանտիլենային բնույթը: Ու թեեւ Կոնցերտի երկրորդ մասը կոմպոզիտորի համար դառնում է երգեցիկ, մեղեդային գծի բացահայտ դրսեւորում, հատկանշական է, որ Չաուշյանը կանտիլենան հստակ առանձնացնում է արդեն առաջին մասում: Դրա շնորհիվ երաժշտության ընդհանուր քնարական- դրամատիկ տոնուսը դառնում է առավել բանաստեղծական, առավել կամերային:
Թավջութակի սոնատների երեկոյի ժամանակ Չաուշյանի նվագը իր մեջ կրում էր նվագախմբային խոշոր ձեւերի յուրացումից բխող դեդուկտիվ մտածողության հետքեր: Նրա նշանաբանն է` ընդհանուրից դեպի մասնավորը, ստեղծագործության ամբողջական հայեցակարգից` դեպի դրա մանրամասները: Նայած կոմպոզիտորական ոճին, դա տարբեր ձեւերով էր դրսեւորվում Բեթհովենի, Բրամսի, Ռախմանինովի սոնատներում:
Լ. վան Բեթհովենի թավջութակի ու դաշնամուրի Լա մաժոր երրորդ սոնատը կատարվեց ավելի շուտ 20- րդ դարի, քան 19- րդ դարի երաժշտության ավանդույթներով: Մասնավորապես` երկրորդ մասի տեմբրային նվագը եւ դինամիկայի աստիճանավորումները, ծավալուն վերջնամասի մասնատված ֆիգուրների հղկվածությունը: Ընդհանուր առմամբ ռոմանտիկ նախասկիզբը ասես թափանցում էր ժամանակի թաղանթի միջով որպես ներկայումս գոյություն ունեցող անցյալ:
Չաուշյան- Գրիգորյան զույգը կատարողական մտքի ու երեւակայության ավելի մեծ բազմազանություն արտահայտեց Յ. Բրամսի Ֆա մաժոր երկրորդ սոնատի եւ թավջութակային նվագացանցում ոչ պակաս հայտնի Ս. Ռախմանինովի Սոլ մինոր սոնատի մեկնաբանման մեջ: Երաժիշտների լրջությունն ու փորձը թավջութակի երկու սոնատներին հիրավի սիմֆոնիկ թափ հաղորդեցին, որը դրամատիկորեն ներգործուն ու պատմողական, մտերմիկ հակադրություններով իրացվեց, հնչողության եւ տեմբրային գունեղության տարբեր ծավալներով:
Բրամսի սոնատի հայեցակարգը բացահայտ ռոմանտիկ եւ երբեմն հուզական պաթոսի միավորումն է ռեֆլեկտիվ, խոհական տրամադրության հետ: Դա արտացոլվեց առաջին եւ չորրորդ մասերի արանքում: Ըստ երեւույթին, հենց մասերի շրջանակման նպատակով սոնատի վերջնամասը կատարվեց առավել զուսպ տեմպով: Հետաքրքիր էր կառուցված նաեւ միջին մասերի դուալիզմը. երկրորդ մասի «կիսված գիտակցությունը» եւ երրորդի պայթյունային էքսպրեսիան առավել ցայտուն դարձրին երաժշտական ֆրազների պլաստիկան:
Ռախմանինովի դարձյալ քառամաս սոնատում Ալեքսանդր Չաուշյանի վիրտուոզ վարպետությունը հասավ իր բարձրակետին: Կամքը եւ զգացմունքների ազատությունը, զարգացման իրադարձային բնույթը, որի դեպքում առաջընթաց շարժումը չէր բացառում ազդեցության հեռավոր արձագանքները, սոնատի կատարումը մերձեցրին պոեմի: 29- ամյա ռուս մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունը լիովին ձուլվեց նրա հասակակից կատարողի գիտակցության մեջ: Երրորդ մասի` Անդանտեի երգեցիկ ու երկար քնարականությունը որպես հավերժական գարնան, որպես աշխարհի հավերժական սիրո ներբող դարձավ այդ հրաշալի համերգի կարգախոսը, համերգ, որը Ալեքսանդր Չաուշյանը նվիրեց հոր` կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի 60- ամյակին:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր