«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2007-05-16 | #92, 2007-05-17 | #93, 2007-05-18


ԽԱՉԱԳՈՂ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախորդ գլուխները տպագրվել են մայիսի 4- ի եւ 11- ի համարներում

8

Վաղուց որոշված էր. հուլիսի առաջին կիրակին հանգստանում ենք:

Շաբաթ օրը վեցին բանթող արեցինք... մի ամբողջ երեկո եւ մի երկա՜ր օր դեմը... Երեխա ժամանակ դեկտեմբերի երեսունմեկի երեկոն էր այդպիսի բերկրանք պատճառում:

Երեկ, ինչպես ամեն ուրբաթ, բաղնիք էինք գնացել, այժմ ցողվեցինք ավտոյի գոլացած ջրով:

- Հանգիստը սկսվում է,- ձեռքը տնկելով հայտարարեց Սաքոն,- իրիկունը, գիշերը, առավոտը, ցերեկը, նորից մի իրիկուն... պահ, պահ, մեռանք պարապությունից...

Իզուր էր այդքան ծաղկեցնում, մահճակալներին պառկելու իրավունք ստացանք համարյա նույն ժամին: Հիմնավորապես մաքրեցինք սենյակը, խոհանոցը: Ռազմիկի հերթն էր օրապահության, բայց արդարացի չէր լինի մենակ թողնել նրան:

Վերջապես իսկամբիլի խումբը նստեց սեղանի մոտ, Վարդանը գնաց բաց ճակատով, Գրիգորը տեղը մտավ, որպեսզի ոչ մի վայրկյան չկորցնի կազդուրիչ քնից, ես ու Դավիթը փռվեցինք շորերով ու սպասում էինք խաղացողների կռվին:

- Վկա եղեք,- ասաց Հրանտը,- թե ոնց ենք տիկ հանելու սրանց:

- Տեսնենք,- խաղաթղթերը բաժանեց Սաքոն,- ամեն անգամ պապը գաթա չի ուտի:

- Շուլա,- սպառնաց Հրանտը,- թե կրվել ենք, ինչ է...

- Մի վախենա,- ինքնավստահ պատասխանեց Շուլան,- ես գիտեմ մեռելը ոնց են թաղում... Ալթայում:

Սկիզբը խոստումնալից էր, բայց շարունակությունը նոր փայլ չբերեց, որովհետեւ Հրանտն ու Շուլան հաղթում էին, հետեւաբար Շուլան հիշոցների ու նախատինքի առիթ չէր տալիս:

- Ձանձրալի է ձեզ հետ խաղալը,- պարտիան վերջացնելով ասաց Հրանտը,- ժամանակ ենք կորցնում:

- Բաժանի մի հատ էլ խաղանք,- ասաց Սաքոն:

- Չէ, քնեք, վեցին պադյոմ է:

Ննջող Դավիթը աչքերը բացելով շրջվեց:

- Քանիսի՞ն,- ականջներին չհավատաց նա:

- Դու գիտես քնելո՞ւ ես,- ծիծաղեց Հրանտը:

Շուլան սապոգը դրեց մահճակալի մոտ,- ով ինձ ձեն տվեց, գլխին եմ տալու, կիրակի է, թողեք քնենք:

Այդուամենայնիվ առավոտյան չհաջողվեց երկար քնել... Հրանտի եւ ճանճերի պատճառով: Նստել էր սեղանի մոտ ու շվշվացնելով սափրվում էր, իսկ նրա ուղարկած ճանճերը Շուլայի սապոգից չվախենալով օժանդակում էին նրան: Սուտ քուն էինք ընկել չհամաձայնելով հանգստյան օրն այդքան շուտ արթնանալ, ի վերջո վեր կացանք, հերթով, որովհետեւ երկու հայելի կար:

Մարդիկ, ում աշխատանքը հագուստի փոփոխություն չի պահանջում, մեծ հաճույքից են զրկված, չգիտեն, թե ինչ է նշանակում քառասունհինգ օր ցեմենտի ու ավազի մեջ չարչարվելուց հետո մաքուր ու վայելուչ շոր հագնել:

- Սիրուն տղա դարձար, Արամ,- ասաց Շուլան,- արի նշանենք քեզ:

- Հա, ժամանակն է,- ասաց Հրանտը,- շուտ արա, մեկին գտի, թե չէ ոտքերդ գիշերները բացվում են:

Մի շրջագայություն կատարեցինք գյուղում, ապա խոզի թարմ մսով ու խորովածի մյուս ան-

հրաժեշտ պարագաներով գնացինք գետափ: Սքանչելի էր այնտեղ, իզուր չէ, որ փողոցներում մարդ չէր երեւում:

Այս մասում գետը ճյուղավորված էր: Գյուղի մոտով վտակն էր հոսում, որը մի փոքր լճակ էր առաջացրել, մեծ հունը բավական հեռու էր: Նեմիսը ներքեւում էր մոտենում գյուղին, այգու դիմաց եւ շարունակում միացյալ հոսքը տների հարեւանությամբ:

Բարեբախտաբար չուզեցին բեռը քարշ տալ այնտեղ, լողացողների մեջ դեղնակարմիր գլուխ տեսա, որը ստիպեց անհապաղ հանվել, եւ ռադիոյով ղեկավարվող արկի պես դեպի ջուրը գնացի:

- Արամիկ, լողալ գիտե՞ս,- կանչեց Սաքոն:

- Իհարկե,- պատասխանեցի ես:

- Ձեր գյուղո՞ւմ ես սովորել...

- Հա,- ասացի մոռացած, որ Սաքոն նույն մանկությունն է անցելՙ կարտոֆիլի բոստանները ջրելու համար փորած փոսերում:

- Սպասի, միասին կլողանանք,- ասաց նա:

Բայց ոտքերս արդեն ջրի մեջ էին, եւ չլսելու տալով գցվեցի գլխիվայր: Սերս այդքան խորություն չուներ, ինչքան խորն էր գետը պեպենոտի լողացած տեղում, խիզախորեն ու վարպետորեն թեւալող էի տալիս առափնյա մի հատվածում, որտեղ կարելի էր ոտքով գետինն ստուգել:

Նրանք նույնպես որոշեցին հովանալ խորովածից առաջ:

Դավիթը ձեռքերը տարածած գալիս էր փնչալով, եւ խորանալուն զուգընթաց կարծես բարձրանում էր ջուրը ափերին: Աղջիկները դրա համար էին ծիծաղում երեւի:

Հրանտը փառահեղ, մինչեւ ծնկները իջնող սեւ կիսավարտիքով սիրուհու մոտից փախած տերտերի էր նման, Շուլան այսօր էր գնել ու ակնհայտ հաճույքով ցուցադրում էր սեւակարմիր լողազգեստը: Նրանք ջուրը մտան դանդաղ, սասանվելով ու քարերի վրա սայթաքելով: Հրանտը չարամտորեն քար գցեց Շուլայի ոտքերի մոտ, Շուլան ահաբեկվածի դերի մեջ մտավ, ձեռքերը թափահարելով մի գոռգոռոց դրեց, որը մինչեւ Օբ հասավ, ապա կռացավ ու անգթորեն ջրեց Հրանտինՙ մյուսներին նույնպես չխնայելով, եւ բրիգադը երեխայական աղմուկով գետը ներխուժեց:

- Շատ առաջ չգնաք,- գոռաց Սաքոն:

- Շատ առաջ չգաք,- Շուլան փոխանցեց հրամանը, իսկ ինքը գլուխը միայն դուրս թողնելով դանդաղ, բայց կանոնավոր ու անաղմուկ լողաց դեպի Դավիթը:

- Շուլա,- ձայն տվեց Դավիթը,- գիտե՞ս, ճապոնական լողազգեստ կա, հագնում ես, ոնց որ կնկա հետ լինես...

- Իյա,- ջուր թքելով քրքջաց Շուլան,- իսկը մեր Մոծակի համար է, չէ՞, Մոծակ ջան...

- Դա ձեզ համար է,- հանդգնեցի ես,- քո եւ Հրանտի...

- Դե, դե,- սպառնաց Հրանտը, որը ծնկաչափ խորությունից չէր առաջացել եւ կանգնած ջուր էր շփում կրծքին:

Իսկ ես սկել էի արդեն, բայց հանկարծ խոր տեղում հայտնվեցի: Երբ ոտքերս գետնին չհասան, պեպենոտի ներկայությունը մոռացած խուճապահար չփչփացնելով հազիվ հետ փախա: Լավ է, նկատող չեղավ, այլապես դուրս կհանեին իսկույն կամ կքշեին երեխաների մոտ:

Շուլան ու Դավիթը խմբից հեռավորություն պահպանելով գոմշախաղ սկսեցին, մեկը մյուսի ուսերին էր բարձրանում ու գցվում աղմուկովՙ կարծես աղջիկներին հրավիրելով միանալ իրենց, եթե, իհարկե, նրանց ընկերները չառարկեին:

- Ճղճղ,- բղավեց Շուլան,- ո՞ր մեկին...

- Անամոթ,- նախատեց բարեպաշտ վարպետը:

- Կուզե՞ս, մեկի շորը հանեմ ջրի տակից ու բերեմ...

- Անցրու գլուխդ,- փրփրեց Հրանտը,- վայ թե խելոքանաս մի քիչ:

- Տո բեր,- բղավեց Վարդանը, որը ագռավին նայող աղվեսի օրին ցունցուլում էր հեռվից,- բեր, ես դրանց ծիծիկներն ուտեմ...

- Գլուխդ մեծ է,- ասաց Շուլան,- քո չափսով մենակ Լյուբայինը կլինի...

Հրանտն ուրախ, որ անարգանքն իրենից հեռացավ, սրտանց քրքջաց:

Միասին լողացող աղջիկներն ու տղաները դուրս եկան, կա՛մ կռահել էին այդ բղավոցների իմաստը, կա՛մ Դավիթն ու Շուլան էին խրտնեցրել նրանց, կա՛մ էլ պիտի դուրս գային: Գիշերները հաճախ էի պեպենոտին պատկերացնում որոշ վիճակներում, այժմ հարմար առիթ էր նրա կազմվածքը գնահատելու, ուրախացա հաջող տոմս քաշած ուսանողի նման: Ինչպես փայլՙ ճկուն, անոսկոր նիհարությամբ, ձեռքերի մեջ զգալու ցանկություն առաջացնող, ձիգ ու թեթեւոտն, նա շլացրեց ինձ... եթե միայն աչքերս չէին փոխվել:

Նրանք գնացին ծառերի տակ, որտեղ իրենց շորերն էին:

- Ելանք,- կարգադրեց Սաքոն,- խորովածի ժամանակն է:

Ես ու Դավիթը մնացինք խորովածի պատրաստությունը թողնելով այն մարդկանց, ովքեր կերուխումի հաճույքի մեջ անհրաժեշտ տարր են համարում իրենց ձեռքերով անել ամեն ինչ: Դավթին խնդրեցի լողալ սովորեցնել: Նրա ասելովՙ շատ հեշտ էր, ամենակարեւորը, որ չկորցնեմ ինձ: Չէի կորցնում, բայց նույն քարն էի:

Հաջորդ առավոտը հեռու էր, գետի ջուրըՙ հիանալի, լողանում էինք, պառկում կլոր ու տաք, ավազից զատված գետաքարերի վրա, արեւահարվում, չնայած առանց այդ էլ անհավատալի թխացել էինք, ու նորից ընկնում ջուրը:

Ափամերձ ջրերում վխտացող գորտի գդալների մեջ խլվլոց ընկավ: Խորովածի հոտն էր հավանաբար գրգռել նրանց:

- Պատրաստ է,- ասաց Դավիթը հոտ քաշելով,- չելնե՞նք...

Կանաչների վրա, ծառի ստվերում, սուփրա էին փռել ու ախորժակի բաժակն էին խմում:

- Դե բերեք,- ասաց Սաքոն ընկած կիսամերկ,- արաղը պրծավ, էլ ե՞րբ ուտենք:

Շուլան, խորովածի շեֆը, համբերում էր մինչեւ համոզվեց, որ խորովածը գերագույն պահին է հասել, շշերը խրձելով բերեց ու քաշեց միսը մեծ ամանի մեջ, հյութը ծոլծոլացնելով:

- Քամեցիր լրիվ,- դժգոհեց Հրանտը: Նա ինչ ասեր, կամ դժգոհություն էր, կամ նախատինք, քանի դեռ չէր սկսել գոռգոռալ ու հայհոյել:

- Առ, Ճղճղ ջան, էս շիշը քեզ... փափուկ կտորներ են...

- Ամանի մեջ լցրու, այ տղա,- իր հնարամտությամբ հանդերձ Հրանտը Շուլային անուն չէր գտնում եւ առայժմ բավարարվում էր արհամարհական «այ տղայով» ու «արայով»,- վայրենի չեմ, շիշը ձեռքս առնեմ:

Վարդանն իր գործին անցավ, ջրի մեջ պաղեցրած երկու շիշ միանգամից դատարկվեց:

- Մի բաժակ խմի գոնե,- ասաց ինձ:

- Խմի, որ ախորժակով ուտես,- հորդորեց Հրանտը:

Արհեստական միջոցների կարիք չէի զգում, փակ ախորժակն անծանոթ էր ինձ:

- Մի զոռեք,- Սաքոն բաժակը ձեռքին շտկվեց ու մաքրեց կոկորդըՙ ազդարարելով, որ կենաց է ասելու,- ոնց համերաշխ ու ընկերական սկսել ենք ու աշխատում ենք, նույն ձեւի շարունակենք մինչեւ վերջ: Էս սեղանը մեզնից անպակաս լինի մեր ընկերության պես, վերջին օրն էլ թափով քեֆ անենք...

Ուտելու առաջին թափն անցավ, ծխեցին հանդարտորեն, ինչպես կուշտ մարմինն է պահանջում, սկսվեց գեղարվեստական մասը... Գետի ջուրը կանչում էր ինձ:

Երկար լողացա եւ դուրս գալու միտք չունեի, եթե չտեսնեի, որ հարեւանները միացել են մեր խմբին: Նրանք կիթառ ունեին, մեր գործիքը դույլն էր, Վարդանի համար դհոլ դարձած: Այդ անհեթեթ նվագակցությամբ պարում էին նույնիսկ:

- Ահա ձեր երիտասարդն էլ եկավ,- ասաց մի աղջիկ, որը զրուցում էր Հրանտի հետ,- համակրելի տղա է:

- Նա շատ լավ տղա է,- ըստ երեւույթին Հրանտը որոշել էր առավոտվա իր խոսքերն իրականություն դարձնել:

Ես լուռ տեղավորվեցի:

- Բայց սուսուփուս է,- ասաց աղջիկը,- ռուսերեն չգիտի՞...

- Տոմա,- ասաց պեպենոտը,- հետաքրքրական շրջապատ ունես:

- Արի մեզ մոտ,- ծիծաղեց Տոման:

- Իսկ օղի ունե՞ք...

- Կհյուրասիրեն հավանաբար:

Պեպենոտը բաժակը ձեռքին խցկվեց իմ ու Հրանտի արանքը: Մի քանի սանտիմետր էր հեռու ինձնից, տեղավորվելիս նույնիսկ մազերը եւ ուսը քսեց երեսիս: Այդքան մոտիկից դժվար էր նրան նայելը, մանավանդ որ կարճ զգեստի ողջ երկայնքի կոճակներից ընդամենը երկուսն էր ագուցել: Այդ թեթեւ ու փափուկ կտորը, որ իբր թե ծածկում էր կոնքերն ու իրանը, ավելի գայթակղիչ էր դարձրել նրան, քան հենց քիչ առաջ էր, լողազգեստով: Ջրից նոր դուրս եկած աղջիկը չէր էլ մտածի մարմինը թաքցնելու մասին, բայց այնպիսի անմիջականությամբ էր մեկնվել, որ «լողափի ազատությունը» շատ քիչ էր ճիշտ արտահայտելու համար, եւ երեւի չզարմանար, եթե ձեռքս դնեի կողքին կամ հենվեի նրան: Կայծկլտուն, հեգնոտ աչքերն անթաքույց հետաքրքրությամբ զննում էին ինձՙ կարծես ծիծաղի առիթի սպասելով: Աչքերի ներքեւում մի քանի պեպեններ էին խլվլում, պարանոցին եւ ուսերին դրանք ավելի շատ էին, բայց արեւառ մաշկի վրա այնքան էլ ցայտուն չէին: Մազերն այնպես գզգզված չէին, ինչպես առաջին օրը, հեծանիվով գալու ժամանակ: Կազմվածքը ստուգել էի, թեեւ հենց սկզբից էր աչքի ընկել: Մի բան էր ինձ անհանգստացնում. կարծես ցավում էի հարազատ մարդու համար: Ջրի՞ց էր, թե տեղական մի ուրիշ առանձնահատկությունից, Դիվինոյում գրեթե բոլորը, փոքրից մեծ, արհեստական ատամներ ունեին, հատերով կամ շարքերով, հիմնականում կոպիտ, էժանագին: Նույն Տոման, երբ ժպտում էր, դուրեկան եւ պարզ դեմքն աղճատվում էր մետաղե ատամների փայլից:

- Սանձարձակ եմ, չէ՞, ես,- պեպենոտը ժպտաց, կարծես անարատ ատամները ցույց տալու համար:

- Այո,- չհապաղեցի ուրախացած:

- Եվ այլանդակ...

Իհարկե, համոզված էր, որ այդպես չէ, եւ նույնն ինձ էր ուզում փոխանցել, բայց ես կրկնեցի պատասխանը:

- Իսկ քեզ համար չե՞ս լցնում,- հարցրեց իմ երկրորդ պատասխանից ծիծաղելով:

- Ոչ:

- Ինչո՞ւ:

- Չեմ խմում:

Առաջին անգամ չէ, որ այս պատասխանը զարմանք էր առաջացնում:

- Տեսնու՞մ ես, Ինա,- ծիծաղեց Տոման,- ինչպիսի տղաներ դեռ կան:

- Ինչո՞ւ դեռ,- ասացի,- իմ կարծիքով, չխմողներն ավելի շատ են, քան խմողները:

- Վերջապես մի երկար նախադասություն ասացիր,- նորից ծիծաղեց պեպենոտը,- արդեն մտածում էի, որ մեխանիզմով ես աշխատում:

- Կարող եմ ավելի երկարն ասել,- մռթմռթացի ես:

- Հապա... բայց մինչ այդ մենք կխմենք այս լավ մարդու հետ...

Ի զարմանս ինձ Հրանտը խմեց:

- Մի՞թե օղին Ձեզ դուր է գալիս,- հարցրեցի պեպենոտին, որը ձեռքի հակառակ կողմով շուրթերն էր սրբում:

- Ոչ,- բայց մենք ֆրանսիական կոնյակ չունենք...

- Կամ հայկական...

- Խոստանում ես հյուրասիրե՞լ...

- Ոչ:

- Մեխանիզմը նորից գործե՞ց:

- Այո:

- Իսկ եթե լարենք, կասե՞ս երկար նախադասություն:

- Այո:

- Տոմա, այս մեխանիզմին ծանոթ չեմ, միգուցե դու գիտե՞ս որտեղից է հարկավոր լարել:

- Ես նույնպես ծանոթ չեմ,- ասաց ընկերուհին,- կարծում եմ, բերանից:

- Դե, լարիր,- ծիծաղեց Ինան:

- Ինչո՞ւ ոչ ինքդ:

- Ես օղի եմ խմել... կկեղտոտեմ նրա քնքուշ բերանը:

- Ես էլ եմ խմել:

- Այս ո՞ւր գնաց ծերուկը,- հարցրեց պեպենոտը:

Մեխանիզմը անհրաժեշտ չհամարեց պատասխանել:

- Դե ասա,- շարունակեց նա:

- Ի՞նչ ասեմ:

- Երկար նախադասություն:

- Ինչո՞ւ ասեմ:

- Խոստացել ես:

- Ե՞րբ:

- Հենց նոր:

- Ո՞ւմ:

- Ինձ... մեզ:

- Ի՞նչ:

- Չէ, դու արդեն ձանձրացնում ես,- ասաց Ինան:

- Այո:

- Ձանձրալի ես եւ երեւակայող:

- Այո:

- Կամ ցանկանում ես ինքնատիպ երեւալ:

- Այո:

- Ուրեմն մանկական շրջանը դեռ չես հաղթահարել:

- Այո:

- Դե վերջ,- ասաց նա ու շրջվեց:

- Թվիստն ե՜,- գոռաց Վարդանը դույլի վրա բավական հաջող ռիթմիկ հնչյուններ ստեղծելով, ապա շպրտեց դույլն ու պարի մեջ մտավ:

Մտածելով, որ այդտեղ այլեւս անելիք չունեմ, հագնվեցի ու բանալին վերցնելով գնացի տուն: Անհաջող հանդիպումը պեպենոտի հետ տխրեցրել էր, եւ խորովածից զրկված ճանճերը դիմավորեցին ինձ: Պառկեցի մահճակալին կոշիկներս չհանելով, ոտքերս հատակին, ինչպես պառկում էի տուն գալուց հետո մի որոշ ժամանակՙ հայացքս գրքերին, թե ինչ կարդամ, կամ ինչ- որ տպավորություն հիշելով: Այստեղ մի աղքատ դարակ ունեի անտերության մատնված երեք գրքով. իսկ ընտանեկան բույն դարձած վարձով սենյակին ութ հոգու կացարանն էր փոխարինել բետոնե հատակով, գոլ խոնավությամբ ու պատերին կախված շորերովՙ էժանագին ապրանքների խանութ հիշեցնող:

Թերեւս ոչ մի կենվոր այդպիսի հարազատությամբ չի կապվել իր ժամանակավոր բնակարանին, ինչպես ես: Առաջին տարին հանրակացարանում մնալով համոզվեցի, որ ինձ ուրիշ տեղ է պետք, որովհետեւ հիվանդագին սովորությամբ սկսած գիրքը, անկախ ծավալից, պիտի վերջացնեի անպայման եւ հաճախ քշում էի մինչեւ լուսաբաց: Բացի դրանից, ծնողներս իմացել էին, որ հանրակացարանում սեկա ենք խաղում, եւ որոշեցին ինձ հատկացվող գումարը մեծացնել, որպեսզի սենյակ վարձեմ:

Տանտիրուհին հանգուցյալ ամուսնու առանձնասենյակն էր վարձով տալիս, երկու պատը ծածկված գրքերով, երկու մեծ գրապահարանՙ նույնպես ծանրաբեռնված, թախտ, լուսամուտ, փոքր սեղան: Ես չնայեցի, որ ներսում ջուր չկա, խոհանոցային անկյուն չկա, լուսավոր չէ սենյակը եւ նման բաներ, որ հաշվի են առնում տուն վարձելիս: «Ես միայն շախմատային գրքերը կտանեմ,- ասաց կինը,- տղայիս պետք են»: Երեխաները ներկա էին, փոքր աղջիկը եւ տասներկու- տասներեք տարեկան տղան, որը նկատելի դժգոհ էր այդ սենյակից զրկվելու համար: Նույն օրն անցավ նրա դժգոհությունը, որովհետեւ մինչեւ երեկո շախմատ խաղացինք: Այն ժամանակ ես չափազանցված կարծիք ունեի իմ շախմատային ունակությունների մասին, աջ ու ձախ հաղթում էի, ով համարձակվում էր հրավիրել ուժերը չափելու, սակայն այդ գիրուկ ու չխոսկան, կնճռոտ ճակատով տղան, մեր գյուղի պատկերավոր լեզվով ասած, լավ կոտրեց աչքիս ճիճուն: Որոշ չափով մխիթարություն էր, երբ իմացա, որ արդեն վարպետության թեկնածու է, խաղալ սովորել է չորս տարեկանից, իսկ հայրը Հայաստանի բազմակի չեմպիոն է եղել: Աշխարհի չեմպիոնին հատուկ մանկություն: Մխիթարություն էր նաեւ, որ զարմացրի նրան սեփական սկզբնախաղով, որը ստացվում է, եթե սեւերը e4- ին պատասխանեն g6: Խաղացինք h4 h5, g4 hg, Թ : g4, որին հաջորդող մի քանի շարունակությունները մշակել էի, կարծես միշտ սպիտակներին էին առավելություն բերում: Դա հետաքրքրեց նրան, խաղը թողնելով վերլուծության անցանք:

Հաջորդ օրը եկա իրերով. մի ճամպրուկ եւ մի ճոճաթոռ, եւ սկսվեց շախմատով ու ընթերցանությամբ գերհագեցած կյանքը փոքրիկ սենյակում: Մինչեւ Սեւակի քնելը շախմատ էինք խաղում, կամ, նրա մրցումների ժամանակ, հետաձգված պարտիաներն էինք վերլուծում: Իհարկե, ավելի ես էի շահում այդ համագործակցությունից: Տարերայնորեն, բայց մոլուցքի հասնող եռանդով ուսումնասիրում էի խաղացված սկզբնախաղերը, չցանկանալով ձանձրալի մրցակից լինել: Մինչ այդ տեսությանը վերաբերվում էի մի փոքր քամահրանքով, ինչպես բոլոր սիրողները, բայց նման վերաբերմունքը օգտակար է միայն տեսությունը յուրացնելուց հետո: Ես տարված էի նոր քայլեր գտնելու մարմաջով, իսկ Սեւակը հերքում էր դրանք: Ժամը տասնմեկին Սեւակը պետք է անկողնում լիներ: Տիկին Աշխենը, ամուսնու փափագի ժառանգորդը, տոգորված այն մտքով, որ իր որդին մեծ շախմատիստ է դառնալու, պահպանում էր նրա առողջությունը հետագայի համար: Ամեն ինչ (եւ ամեն ոք) չափվում էր ըստ այնմ, թե ինչքանով է օգտակար Սեւակին: Լեզուների յուրացման, թենիսի, ընկույզի եւ կենսատու մրգերի ամենօրյա բաժնի հետ ես էլ իմ դերը կամ լուման ունեի, եւ բնականաբար տիկին Աշխենը գոհ էր ինձնից, բարեհաճելով չնկատել, որ լույսը շատ ուշ եմ հագցնում: Ես հետեւողականորեն շարունակում էի չորրորդ դասարանից սկիզբ առած սովորությունը... Գեղարվեստական գրքերից շատը կարդացել էի, շուտով անցա մյուս բաժիններին, որոնք ավելի մեծ տեղ էին զբաղեցնում բազմապիսի, բայց եւ որոշակի ընտրությամբ հավաքած գրքերով:

Քնում էի լուսաբացին, կեսօրից հետո ուռած աչքերով գնում դասի: Կուրսեցիներից, հատկապես աղջիկներից, ես առանձնացված մնացի: Նրանք ինձ համարում էին մռայլ ու տրտում խխունջ խեցու մեջ քաշված, որը ծերացել է առանց երիտասարդության կամ ցանկանում է տարօրինակ տղայի անուն հանել, մինչդեռ ես պարզապես թմրած էի այդ ժամերին... Եթե նրանք տեսնեին ինձ երեկոները, իմ փոքրիկ աշխարհումՙ շախմատի, գրականության եւ, իհարկե, նաեւ սիրո... կամ գերմաներենի դասախոսը տեսներ ինձ Սեւակի հետ գերմաներեն խոսելիս...

Բակում երկու տուն էր, հարեւանների որդին ծանոթ դուրս եկավ, նա հանրակացարան էր գալիս սեկա խաղալու: Ես չէի վարակվել թղթախաղով, իզուր էր ծնողներիս վախը, ամեն ինչ փորձելու հիվանդությունն էր մեջ քաշել ինձ... «Մի օր էլ փորձելու համար մարդ կսպանես,- ասաց հայրս,- վերջ, այլեւս չիմանամ»: Վտանգավոր բառ էր «այլեւս»- ը, նրա սիգարետներն էի փորձում, բռնեց ինձ: «Այլեւս չտեսնեմ», ասաց այնպես խփելով, որ ականջներս կպան իրար: Շատ երկար ապտակ էր, քանի տարի հեռու էր պահում ծխելուց... Գնելն ինձ պես սկսնակ չէր, կլպում էր գյուղացի տղաներին, որոնք ժարգոնը յուրացնելուց բացի առաջադիմություն ցույց չէին տալիս: Ինձՙ իբրեւ հարեւանի, մի առանձին վերաբերմունքով չընդունեց, մեր ընկերությունը հետո էր լինելու, երբ նա վերադառնար բանակից, եւ ես մի քիչ ձեւավորվեի... Ծառայության գնաց նույն աշնանը, ինստիտուտն ավարտելով: Նրա քույրը սովորում էր իններորդ դասարանում... այնպիսի տարիք, որ ստիպում է զսպել կամ թաքցնել հետաքրքրությունը...

Հետո, շնորհիվ իմ եւ նրա եղբոր ընկերության, գրադարանի, որտեղից նա գրքեր էր վերցնում, ինչպես նաեւ այն տպավորության, որ առաջացրել էր խելոք եւ համեստ ուսանողը (իրո՞ք այդպիսին էի, դժվար է հավատալ), Լուսիկն արդեն այնպես էր վերաբերվում, կարծես ես էլ մանկուց այդտեղ էի ապրել...

Գարաժից աղմուկ լսվեց, ընկերներս մտան օղու արտաշնչումներով միանգամից վարակելով սենյակը:

- Այ տղա Մոծա՞կ,- ասաց Հրանտը,- ո՞ւր փախար, աղջիկները քո մասին էին հարցնում:

- Ինչ տղա ես դու,- հեգնեց Վարդանը,- քո տեղը լինեի... արաղ չկա՞,- զարմացավ նա մեծ պայուսակը քրքրելով,- լրիվ խմեցի՞նք...

- Հերիք է,- ասաց Հրանտը,- ոտի չես կանգնում արդեն:

- Քեզ ինչ,- կատակի ձեւով կոպտեց Վարդանը,- մի կիրակի է, մարդավարի չխմե՞նք...

- Խմի,- Հրանտը հանեց վերնաշապիկն ու մեկնվեց մահճակալին, ինչպես արդեն արել էին մյուսները:

Վարդանը քմծիծաղով բացեց ճամպրուկը,- շորերս բորբոսնել են, ես Չուլկինի ծնողը... Ելեք խմենք,- շիշը սեղանին դրեց նա,- Ռազ...

Ռազմիկը ձեռքը թափ տվեց:

- Շուլա, Դավիթ... ելեք մի թաս բան խմենք...

- Գլուխս տրաքվում է,- ասաց Դավիթը:

Շուլան լուռ հրաժարվեց:

- Մնա հետո,- ասաց Ռազմիկը,- էլ տեղ չկա...

- Արա, ել,- ձեռ չէր քաշում Վարդանը: Նա խորովածի մնացորդները հանեց ու նստեց, Ռազմիկը վեր կացավ...

Ես գնացի կինո:

Հազիվ մի տասնյակ մարդկանց ներկայությամբ, հաճախակի լուսավորվող դահլիճում (ըստ երեւույթին մեխանիկը ցանկանում էր համոզվել, որ ժապավենն աթոռների համար չի պտտում) ցուցադրված ֆիլմը Երեւանում չէի դիտի մինչեւ վերջ, բայց գունավոր էր, լայնէկրան, համեմված բարեկազմ աղջիկներով եւ նույնպիսի հաճույք էր, ինչ առավոտյան կապույտ վերնաշապիկս հագնելով էի զգացել:

Կինոյից հետո, որոշելով վերջապես երեւալ պարի հրապարակում, մտա այգի, որը անտառի վերջավորությունն էր, բայց եւ այնպես այգի էր, ձեւավորված, ծառուղիներ կային, նստարաններ, կարուսել, որտեղից ճվճվոց էր գալիս, եւ ամենակարեւորըՙ կլոր, ընդարձակ տաղավարը, տերեւազարդ ցանցապատով օղակված, մի կողմը միայն ազատ ծառերից, աղմկոտ, գուցե եւ անհեթեթ, սակայն տրամադրող երաժշտությամբ, մրջնանոցի խլվլոցով... գույներ, այտեր, փայլող մազեր...

Արսենի ջահելները ծամոնասիգարետային ցուցամոլությամբ կանգնել էին մուտքի մոտ ու մտնող աղջիկներին էին զննում:

- Ողջույն Բաքվից,- ռուսերեն ասաց մեկը ձեռքը բարձրացնելով:

Ես սովորական բարեւով պատասխանեցի, տոմս գնեցի, ապա, երբ հերթական պարը սկսվեց, գտա իմ տեղն «անկյունում»: Այդպես է միշտ, երբ պարում են, ես նստում եմ:

Ուրիշ հայ տղաներ կային, վրացիներ, չեչեններ, ադրբեջանցիներ, ղլբլացնում էին արագախոս թուրքալեզվի ոլորուն բառերով, կոպիտ ու զարմացական վրացերենով եւ չգիտեմ ուրիշներին ինչպիսին թվացող հայերենով: Քչերն էին պարում նրանցից, երեւի աղջիկները բարեհաճ չէին, որը հաստատվեց սպիտակ տանգոյի ժամանակ: Հանկարծ տեսա Ինային եւ անհանգիստ, որ միգուցե խելքին փչի հրավիրել ինձ, քիչ մնաց դուրս գայի, բայց նա անցավ թերեւս արդեն մոռացած գետափի տղային ու մի ռուս տղայի կանչեց պարելու:

Վրացի Թենգիզը նստեց կողքիս: Մեր պարապ օրերին հաճախ էինք տեսնում նրան: Երկուսով էին աշխատում, եթե կարելի է աշխատանք համարել մի քանի ժամվա զբաղմունքը, իննից չորսը, հինգը, պատկառելի ընդմիջումով եւ իհարկե, ոչ մեր արագությամբ:

- Ինչո՞ւ չես պարում,- մտերմաբար հարցրեց նա:

- Այսպես էլ լավ է,- ասացի:

- Դու Սերգեյի բրիգադի՞ց ես:

- Այո:

- Հիմա ի՞նչ եք անում:

- Գարաժն ենք սարքում:

- Հա... մեծ գործ է... կվերջացնե՞ք այս տարի:

- Հույս ունենք:

- Դժվար է երեւի, ձեռքով եք անում բետոնը:

- Ոչինչ, վարժվել ենք:

- Բայց փողը լավ է, չէ՞... չնայած Սերգեյը...

- Սերգեյն ի՞նչ...

- Ալիկը եկավ,- ուրախացավ նա:

Ալիկը Արսենի բրիգադի Խաչիկն էր, ջահելներն աղմուկով դիմավորեցին նրան, ապա միասին մոտեցան մեզ:

- Օ՜... Թենգիզ,- ձեռքը պարզելով ասաց Խաչիկը:

- Օ՜... Ալիկ,- պատասխանեց Թենգիզը, վեր կացավ ու ձեռք ձեռքի խփեցին:

- Բարեւ, Արամ ջան,- ասաց Խաչիկը ,- ո՞նց է ներքեւ ես իջել:

- Մեկ- մեկ էլ ես գամ,- ծիծաղեցի:

- Չեն եկե՞լ,- Թենգիզին հարցրեց նա ռուսերեն:

- Չէ, չեն երեւում...

- Պտտվեք այգու մեջ,- ռուսերեն շարունակեց Խաչիկը ընկերներին դիմելով,- չի կարող պատահել, որ եկած չլինեն:

- Ես Զինային տեսա,- ասաց Հրաչը նույնպես ռուսերեն:

- Մենա՞կ էր...

- Չէ, բայց ուրիշ աղջիկների հետ էր, կարուսելի մոտ էին...

- Դու նրանց ասա,- ջահելների գնալուց հետո զգուշացրեց Թենգիզը,- թող քիչ աչքի ընկնեն...

- Ի՞նչ է եղել...

- Երեկ Պետրոն խոսեց հետս, հարցնում էրՙ ում բրիգադից են...

- Հետո՞...

- Ասում էՙ շատ են երեւում:

- Ես գիտեմ,- ասաց Խաչիկը,- մի օր դրա գլուխը ջարդելու եմ:

- Պետրոն ո՞վ է,- հարցրեցի ես:

Նա ցույց տվեց Ինայի հետ պարող տղային,- սամբիստ է,- հեգնեց:

Երգիչը հայտարարեց միկրոֆոնով.

- Այսօր մեր հյուրերից մեկիՙ արեւային Հայաստանից եկած Գրիշայի քսանհինգ տարին է լրանում: Ցանկանք նրան սիբիրյան պինդ առողջություն եւ կովկասյան կրակոտություն...

Հարվածողը դխկդխկացրեց, մի քանի հոգի ծափահարեցին, երջանիկ Գրիշան, քյավառցիներով շրջապատված, գլուխ տվեց...

Քիչ առաջ այդտեղ նստած աղջիկները վերադարձան իրենց տեղի հույսով, բայց Թենգիզն ու Խաչիկը, երկուսն էլ ամենահամեստ դեմքն անգամ ամբարտավան դարձնող քթով, չհասկանալու տվեցին, թե ինչ է պետք անել: Թենգիզը ոտքը ոտքին, ներբանի իտալական մակնիշը ցուցադրելով, ասաց Խաչիկին.

- Տեսնո՞ւմ ես այդ կանաչին, ինչ լավն է, չէ՞... զգեստը...

- Նրա ամեն ինչն է լավ,- փութաց շպրտել ընկերուհին:

Կանաչը, որպեսզի այդ խոսքերը չհնչեն իբրեւ դատարկ կրակոց, ոչ այն է օրորվեց, ոչ այն է թափահարվեց, կարծես մտրակով խփել էին հետույքին, կամ ոզնի էր մտել ներքնազգեստի տակ...

- Օ՜,- հարգանքով քթեց նրան Թենգիզը թպրտոցները հավուր պատշաճի ընդունելով:

Եվ գուցե կարուսելի սահանքներում հրճվող աղջիկներից մեկը զրկվեր այսօր Թենգիզի քիթը շոյելու հաճույքից, եթե այդ պահին տաղավարում չլսվեր բղավոցըՙ մերոնց են խփում... Անմիջապես հաջորդեցին կազմակերպված գործողություններ, անկասկած առաջին դեպքը չէր, կամ նախապես փորձել էին մի քանի անգամ, յուրաքանչյուրը գիտեր իր անելիքը: Մի խումբ Պետրոյի ղեկավարությամբ նետվեց կռվի մեջ, իսկ մոտ քսան հոգի, չգիտես որտեղից մեջտեղ բերած մահակներով, շրջապատեցին մարտադաշտը, որպեսզի ճողոպրող չլինի:

Խաչիկը վեր թռավ:

- Նստիր,- ասաց Թենգիզը,- մոսկվացի ուսանողներին են ծեծում:

- Մեկ էլ տեսար մերոնց մեջ քաշեցին,- ասաց Խաչիկն ու դուրս եկավ:

Թենգիզը իրարանցման ժամանակ ձեռքից բաց թողած աղջիկներին որոնելով հետեւեց նրան:

Սիբիրցիները կալմեջ էին արել կանաչազգեստ տղաներին ու ջարդում էին գյուղական ամենահասարակ ձեւովՙ մի հատ փորին, մի հատ գանգին եւ հետո ոտքերով... Թեւկապավորները հրշեջ մեքենայի աղմուկ էին հանում, բայց նրանց բանի տեղ դնող չկար: Ուսանողների բախտից միլիցիայի շենքը այգու դիմաց էր, եկան այնտեղից վազելով... ազդանշանն ավելի շուտ էր հասել, միայն ծեծվողներին տեսան...

Վերջացավ կռիվը, պարըՙ սերժանտի կարգադրությամբ, եւ իմ կիրակին, դանդաղ գնացի տուն:

Պահակատան մոտ նստած էր ծերունի պահակը:

- Կինոյի՞ց,- հարցրեց նա:

Տաք գիշեր էր, մի քիչ Իվանի հետ զրուցեցի: Շատ զգույշ մտա ներս, սակայն Շուլան արթնացավ:

- Հը, Մոծակ,- շշնջաց նա,- ո՞նց ես:

- Օդանցքը բացե՞մ,- հարցրեցի:

- Իյա, Մոծակ ջան, ցուրտ է,- խեղճացավ նա իսկույն ցուցադրաբար կծկվելով:

Ես ցածր ծիծաղելով տեղս մտա մետաղի պաղ հոտով հնադարյան մահճակալին ոչ այնչափ սովոր, որ անմիջապես հայտնաբերեմ ներքնակի տակ խոթած կեսլիտրանոցը, որը ողնաշարի ուռուցքի պես ստիպում էր շուռումուռ գալ: Գլուխը բարձի տակ ծիծաղում էր Շուլան... «Լավ,- շիշը հանելով սպառնացի նրան մտքիս մեջ,- տես վաղը գլխիդ ինչ եմ բերելու»:

9

Աշխատավարձ էին տալիս, իսկ Սաքոն կորել էր: Հայտնվեց երեկոյան: Ընթրիքից հետո ծանրումեծ, մշակներին վարձատրող գործատիրոջ պես նստեց սեղանի մոտ: Նորից ինքն էր ստացել փողը, լռեցինք իրար երեսի նայելով: Հրանտը վրդովմունքով փչեց ու մեջքի վրա պառկելով քնած ձեւացավ: Սաքոն երկու անգամ հաշվեց յուրաքանչյուրի հասանելիքն ու շարեց առանձին- առանձին:

- Վերցրեք,- ասաց կարծես զարմանալով, թե ինչու խանդավառված չենք:

Առաջինը Վարդանը մոտեցավ:

- Ինչքա՞ն է,- անփույթ արհամարհանքով հարցրեց նա:

- Ութ հարյուր յոթանասուն...

- Ինչքա՞ն...

- Ութ հարյուր յոթանասուն,- հանգիստ կրկնեց Սաքոն:

- Ոնց թե... հազար էլ չէ՞...

Կես րոպե առաջ հազարն էլ քիչ կթվար, այնքան որ հավակնոտ էին հունիսյան ենթադրությունները:

- Հիսուն ռուբլի վերցրել եմ մարդուց, ձմեռվա գալուս համար... երկու անգամ եմ եկել, ահագին փող ծախսեցի...

- Հիսուն ռուբլին հեչ,- ասաց Վարդանը:

- Մաքուր անում է ինն հարյուր քսան, պահումն էլ հաշվենք, հազարից ավել... շատ լավ է...

- Դու հեքիաթ մի պատմի,- դեռ զսպվելով ասաց Վարդանը,- լավ է, եթե իննին սկսում ենք աշխատանքը, վեցին վերջացնում, բայց մենք աշխատել ենք վեցից տասնմեկը, առանց կիրակի, եղանակին չնայելով...

- Ե՞րբ եք մինչեւ տասնմեկը աշխատել... մի երկու օր, էն էլ գործի բերումով...

- Խոսեք,- դիմեց մեզ Վարդանը,- ի՞նչ եք սսկվել:

- Մի գոռա,- վերջապես վեր կացավ Հրանտը:

- Բա ի՞նչ անեմ, պառկել եք, մենակ ի՞նձ է փող պետք:

- Բողոքո՞ւմ եք,- զարմացավ Սաքոն,- հազար ռուբլի ստացել եք ու...

- Թե հազար լիներ, էլի կբողոքեինք,- ասաց Հրանտը:

- Իյա՛...

- Դե դու բացատրիՙ հասկանամ, ո՞նց եղավ, որ մայիսին տասն օր աշխատեցինք, վեց հարյուր ռուբլի ստացանք, իսկ հիմի ամբողջ մի ամիս աշխատելուց հետո, էն էլ էդ ձեւի աշխատելուց հետո, ընդամենը ութ հարյուր յոթանասուն:

- Մայիսին ավելացրել էի հունիսի հաշվից, որ մի քիչ փող գա:

- Ինչի՞ էիր ավելացնում, ես հենց առաջին օրն ասացի, որ չարած գործի համար փող չգրես,- ընդհատեց Վարդանը:

- Համ էլ,- շարունակեց Սաքոն այդ մեղադրանքին չանդրադառնալով,- մայիսին հիմք ենք լցրել...

- Ի՞նչ տարբերություն,- բետոնը բետոն է...

- Որ ասում եմՙ կա տարբերություն:

- Մենք ի՞նչ իմանանք, տարբերություն կա, թե չէ... ոչ պայմանագիր ենք տեսել, ոչ ցուցակ...

- Կբերեմ պայմանագիրը:

- Էլ ե՞րբ բերես, սեզոնը կես եղավ:

- Կբերեմ, եթե չեք հավատում,- վիրավորվածի տեսք ընդունեց Սաքոն,- հաշվապահության թղթերի հետ բանկ են տարել:

- Դու մեզ ձեռ ես առնո՞ւմ... մի ամիս առաջ ասացիրՙ թղթերը բանկ չեն տարել, հիմի պատճառ ես բռնում, թե բանկում է, մի ամիս հետո ինչ կասես:

- Ես չեմ հասկանում,- ասաց Հրանտը,- պայմանագիրը մի հա՞տ է...

- Կբերեմ,- մռայլված խոստացավ Սաքոն,- ինչ վերաբերում է փողին, վաղը գնանք չափենք, ինչքան բետոն եք լցրել...

- Խոպանում գործը մետրով չեն չափում...

- Ինչո՞վ են չափում,- հեգնեց Սաքոն:

- Պայմանագրի մեջ գրած չէ՞, հիմքը ինչ արժե, պատերըՙ ինչ, ծածկը ...

- Գրածները մետրով չե՞ն... չեք հասկանում ու ավելորդ խոսակցություններով պղտորում եք բրիգադը:

- Դու շա՞տ ես հասկանում, որ խաբում ես մեզ:

- Ես ոչ մեկին չեմ խաբում:

- Բա ինչի՞ ես փողը դու ստացել, մենք ստորագրել չգիտե՞նք:

Ուղղակի շպրտված մեղադրանքը կարծես բռնեց Սաքոյին, լռեց մի պահ ներքեւ նայելով ու ասաց դանդաղ,- Չուլկինն է ասել, որ փողը ես ստանամ, ես նրան փող եմ տալիս, չի ուզում, որ դուք իմանաք, վախենում է:

- Մեր առածն ի՞նչ է, որ վրայից էլ Չուլկինին ես տալիս,- ասաց Շուլան:

- Տանք, որ մեզ էլ տա, չէ՞,- տեղ արեց Սաքոն:

- Հասկացանք, բայց տալիս են, երբ օգուտ կա:

- Օգուտը վերջում են չափում,- ու տաք- տաք ավելացրեց,- լավ կլինի, չմտածեք, թե սեզոնի վերջում ասածս փողը չտվեցի, թքեք երեսիս:

Դա երդումի պես հնչեց, վիճողները դադարեցրին, թեեւ բավարարված չէին երեւում:

Շուլան խաղաթղթերն առաջ բերեց: Վերջերս սեկան էր փոխարինել իսկամբիլին: Սահմանափակումով էինք խաղում, հիսուն կոպեկ ամենաբարձրը, բայց կրքոտ խաղ էր ստացվում: Սաքոն անփույթ էր խաղում եւ տարվեց մի քանի ռուբլի: Ամենայն հավանականությամբ նույն օրը մեծ գումար էր շահել ու տարվելով կարծես կաշառում էր մեզ:

ttt

Առավոտյան, նախաճաշի ժամին, ճաշարան գնացինք: Ուրախ էի, որովհետեւ ուրբաթ էր, շուտ բանթող կանեինք բաղնիք գնալու համար: Շաբաթը մեկ փոխում էինք սավանները, միակ օրն էր, որ քնում էինք մաքուր մարմնով մաքուր անկողնում: Ուրբաթը շաբաթվա լավագույն օրն էր, քանի դեռ հուլիսյան ռեֆորմով չէր վերականգնվել կիրակին: Իսկ այս շաբաթ երկու օր էինք ազատ լինելու, Դիվինոյում մեծ տոնավաճառ էր սպասվում:

Լիզան մեզ տեսնելով զարմացավ:

- Դուք չգիտե՞ք,- հարցրեց նա,- ձեր Արսենի բրիգադից մարդ է խեղդվել...

- Ո՞վ,- անակնկալի եկավ Վարդանը, որը Լիզայի հետ միշտ կատակով էր խոսում եւ մոտեցել էր նրան ժպիտը դեմքին:

- Անունը չգիտեմ, ասում ենՙ ամենախոշորն է...

- Սամոն է,- շշնջաց Վարդանը,- էս ինչ բան էր... էս ինչ փորձանք էր... վա՜յ, Սամո...

Այս օրերին նրանք տոնավաճառի շինությունների վրա էին աշխատում, լսել էինք, որ նաեւ խորոված են մատակարարելու ժողովրդին:

Անմիջապես վերադարձանք:

Սաքոն կանգնել էր գրասենյակի մոտ, տեսնելով, որ տուն մտանք, եկավ:

- Ավտո վերցրու,- հարցին չսպասեց Վարդանը,- հիվանդանոց ենք գնում, Սամոն է խեղդվել:

Սաքոն ենթարկվեց, բայց դռան միջից ասաց,- կալը չլցնե՞նք, նոր գնանք...

- Չէ, չէ, գնա,- ասաց Վարդանը,- կալը...

Հիվանդանոցիՙ դեպի գետը իջնող բակի անկյունում, ցածր, սպիտակ դիարանի մոտ հայեր էին հավաքվել, մոտ երեսուն հոգի: Արսենը, քնատ, հոգնած, տանջահար, թերեւս ինչ- որ չափով ցուցադրական, նստել էր գլուխը ձեռքերի մեջ, ընկերներով ու ցավակիցներով շրջապատված:

Լայն ու կարճ դուռը, վերջերս ներկված, գետնին դեմ առնելով բացվեց Վարդանի հրումից, մտանք վերջին կայանը, որտեղ կոպիտ սեղանի վրա Սամոյի դին էրՙ կեղտոտ ու թաց սավանի տակ, թուջի պես անշունչ ներբանները բաց, գլուխը սառույցի կտորների մեջ... եւ սավանի վրայից սառույցի կտորներ էին դրված մարմնին:

- Վա՜յ, Սամո ջան,- հեկեկալով փլվեց սեղանին Վարդանը,- ի՞նչ արիր դու, անխիղճ...

Առաջին անգամ էի մեռած մարդ տեսնում այդպես մոտիկից: Իմ առաջ մարդու մարմնի մի այլ վիճակն էր, անշունչ, փայտացած, վախեցնող, բայց այդ ամենը ես ընկալում էի բանականորեն, որ այդպես պետք է լինի, իսկ մահը, թեեւ ներկա, շոշափելի, չկար, չէի զգում եւ չէի հավատում, ինչպես չէի հավատում իմ չլինելուն...

Դրսում ծխում էին անխոս, նստած կողճերին, գետնին, կանգնած... կատարվել էՙ բոլորը զգում էին, բութ հեզությամբ ենթարկված անսպասելի դժբախտությանը, եւ նրանց միակ գործը ծխելն էր... ծխելըՙ ի մխիթարություն կամ որպես զբաղմունք:

- Ախր ո՞նց եղավ,- հարցրեց Վարդանը:

Պատմեց Մերուժը.

- Գործից հետո գնացինք լողանալու: Սամոն մտավ ջուրը. «Ոնց որ վախենում եմ», ասաց: Հետո ծիծաղեց ու առաջ գնաց: Լողալ չգիտեր, սաղր էր, երեխաներն էին լողանում... Մենք պառկել էինք ափին, մեկ էլ մի երեխա գոռացՙ խեղդվեց, խեղդվեց... Տեսանք, Սամոն չի երեւում...

- Էդ ձեւի մարդ կխեղդվի՞:

- Խեղդվել է, էլի,- մռլտաց Արսենը:

- Չկարողացաք հանել...

- Չհասցրինք:

- Այ ձեզ հայ ասողին,- թքեց Վարդանը,- ո՞նց թողեցիք աչքերիդ առաջ մարդը խեղդվի: Դո՛ւ,- Խաչիկին ասաց,- ջահել տղա ես, մկաններդ ես ուռեցրել, ո՞ւմ է պետք... Ի՞նչ պատասխան եք տալու էն մարդու հարազատներին...

- Ի՞նչ անեմ, ախպեր ջան,- վհատ ասաց Խաչիկը,- լողալ չեմ իմանում, ես ո՞նց հանեի նրան, շատ հանկարծակի եղավ:

Ուժեղ Խաչիկըՙ ծանրորդի թեւերով, ինքնավստահ, համարձակ պարի հրապարակում, մեծ եղբոր պես ընկերներին հետեւող, Արսենըՙ կաշվե բաճկոնի մեջ վճռական, ամեն ինչ հաղթահարող մարդու իր տեսքով, մյուսները, վախից կամ անզորությունից չէին կարողացել փրկել Սամոյին...

- Արսե՞ն,- բրիգադիրին դիմեց Վարդանը ինքն իրեն դատավոր կարգած:

Չարացած Արսենը ձայն չհանեց:

- Նա հետո եկավ,- ասաց Մերուժը,- իրար ձեռք բռնած մտանք ջուրը... կարգին լողացող չկար, մի ռուս տղա եկավ, ուշ էր արդեն...

- Հեռագիր տվե՞լ եք,- հարցրեց Հրանտը:

- Հա, հեռախոսով էլ ենք խոսել, գալու են ախպերները...

- Օ՜ֆ,- հառաչեց Հրանտը,- հիմի ինչ վիճակի մեջ են տնեցիները... ընտանիքը մե՞ծ է...

- Երեք տղա ունի,- ասաց Մերուժըՙ Սամոյի բարեկամը,- կապրեն, լավ թե վատ... ինչ եղավ, իրեն եղավ...

- Հա, իրեն եղավ...

- Խմա՞ծ էր երեկ,- հարցրեց Սաքոն:

- Չէ... նա խմել սիրում էր, բայց երեկՙ չէ... հաց էլ չէինք կերել:

Սաքոն մեզ մի առանձին տեղ կանչեց:

- Մարդ ենք,- ասաց,- ամեն մեկիս կարող էր պատահել, փող հավաքենք, օգնենք:

Ամբողջ օրը մնացինք այդտեղՙ մեր պարտքը համարելով մենակ չթողնել Սամոյին:

Քյավառցիները եկան, մարտունեցիները, սովխոզի երկրորդ բաժանմունքի բրիգադը, դիլիջանցիների բրիգադը մոտիկ գյուղից, վրացիները եկան, սովխոզի ակումբը վերանորոգող ադրբեջանցիները... Սեփական ավտոյով եկավ քյավառցի Միշան, «Ասֆալտ- Քյավառ» միավորման շեֆը, որն իր տասնհինգ բրիգադով (հարյուր հոգի) ոչ միայն հարեւան շրջանում, այլեւ Դիվինոյում էր մենաշնորհ դարձրել ասֆալտըՙ մարտունեցիներին ստիպելով անցնել շինարարության: Այստեղի քյավառցիներին հավանաբար քիչ էր հաջողվում տեսնել նրան, պաշարեցին կանաչ «Ժիգուլին» զանազան պահանջներով, որոնցից յուրաքանչյուրին հետեւում էր կարճ ու որոշակի պատասխանըՙ կլինի, կզանգեմ, կասեմ, կբերեմ... Արտադրական խորհրդակցությունն անցավ դիարանի ճանապարհով (այսօր քանի՜ անգամ էր բացվել այդ դուռը, Սամոյի փոխարեն ես չէի դիմանա) եւ անկասկած շարունակվեց ներսում, դիակի մոտ... Դուրս գալուց հետո Միշան բարեհաճեց երկու րոպե մնալ մեզ հետ, մի քանի անգամ ծըն- ծըն արեց գլուխն օրորելով ու հարցրեց Արսենին.

- Ավտո վերցրե՞լ եք:

- Զելինովը խոստացել է...

- Ո՞ւր եք տանելու:

- Բառնաուլ:

- Ես կասեմ, Նովոսիբիրսկ կտանեք... Դեմքդ ծանոթ է,- Ռազմիկին ասաց Միշան, երբ արդեն ուզում էր գնալ:

Հազիվ թե ֆրանսիացի զինվորը նույն խոսքը Նապոլեոնից լսելով այդչափ ուրախանար:

- Հա,- ասաց Ռազմիկը,- Ղազախստանում ենք տեսել իրար:

- Ղազախստանում որտե՞ղ...

- Կալկամանում:

- Մինասի հետ էի՞ր:

- Ըհը:

- Դու գիտե՞ս, որ պարտք մնացիք մեզ:

- Ի՞նչ պարտք:

- Ձեր գարաժը մենք սարքեցինք... Ուզում էին ձեզ դատի տալ, բայց ես հանձն առա, որ կսարքեմ:

- Կռան- բալկեն մտա՞վ...

- Չմտավ, մտցրինք...

Սաքոն Միշայի հետ առանձին խոսելու բան ուներ, սպասեց մինչեւ ավտո նստի, նոր մոտեցավ:

Երեկոյան բժիշկը, չհամաձայնելով սպասել հարազատներին, հերձեց դիակը... Պարզվեց, որ ջուրը թմբկաթաղանթը վնասելով լցվել է ականջի խորքը... Նման դեպքերում մարդը զրկվում է կողմնորոշվելու ընդունակությունից (այնտեղ մազավոր բջիջներ կան, որոնք ընկալում են մարմնի շարժումներն ու դիրքը), երբեմն էլ սիրտը կանգ է առնում, որը եւ տեղի էր ունեցել...

Բժշկական եզրակացությունը, պարզունակված որոշ չափով, որպեսզի հասկանալի լինի, նոր ծնծնների տեղիք տվեց:

- Ես ասում էի, որ սիրտն է պայթել,- ասաց Հրանտը:

- Սուտ է,- բժշկի խոսքին չհավատաց Մերուժը,- էս փորոտիքի տեր մարդու սիրտը կպայթի՞:

Նրանք բրեզենտե պարկի մեջ ամփոփված զանգվածը տարան թաղելու:

Պառավ սանիտարուհին Սամոյի շորերը, որ երեկվանից ընկած էին այդտեղ, մտցրեց փորն ու կարեց... Կոպիտ ու պարզ գործողություններ:

Վարդանը սափրեց նրան:

Լավ է, այս ամենն ավելի շուտ եղավ, քան պետք է լիներ: Ավտոկայանում հերթապահող ջահելների ուղեկցությամբ եկան Սամոյի եղբայրները: Երկուսն էին, Սամոյին նման, ճանապարհի հոգնությունը վշտի մեջ մոռացած, ինչ- որ չափով նաեւ հակառակը, գալիս էին նրանք հիվանդանոցի բաժանմունքների նեղ արանքով, սխալի, թյուրիմացության անհեթեթ հույսն էլ չունենալով, որովհետեւ գուշակվել էր անունն այդ ցածր, սպիտակ շենքի, որի մոտ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, եւ ցինկե դագաղն էր դրված, կապտափայլ, դատարկ, բայց պարզ, թե ում համար...

Մի եղբայրը «ախպեր ջան» գոռալով վազեց կորացած, ձեռքը գրեթե գետնաքարշ, ծռմռված դեմքով... Մերուժը հապճեպ ընդառաջ գնաց, մի քանի հոգի էլ մյուս եղբորը բռնեցին, ներս տարան...

Կեսգիշերն անց գնացին, Մերուժը խցիկում նստեց, եղբայրները վերեւ ելան, Սամոյի ցինկե դագաղի մոտ...

10

Շուտ արթնանալով գնացինք տոնավաճառ: Գետափին, երկար, բնական փողոցում, երկու գծով շարված փայտաշեն կրպակներ (Սամոյի վերջին աշխատանքը), ավտոխանութներ ու սովորական բաց բեռնատարներ, բացօթյա ճաշարան, գարեջրի ու սննդի կետեր, նույնիսկ պաղպաղակ, որ մինչ այդ չէինք տեսել Դիվինոյում, կանաչների վրա գլորվող գարեջրի տակառներ, սիբիրցի կարմրադեմ մուժիկներ զուլալ շշերի կանչով տոգորված, հաստ ու ճղճղ կանայք, հաստ ու համեստ կանայք, ջինս որոնող աղջիկներ եւ Անդրկովկասի բնակչության մի որոշ տոկոսը... Ահա Դիվինոյի մեծ տոնավաճառը, որը լինում էր տարեկան մի անգամ, հուլիսին, եւ որը փաստորեն Սամոյի մահվան պատճառը եղավ:

Սաքոյի գնումներն առեւտրականին էին մատնում, Հրանտին հարսի զուգս էր պետք, Ռազմիկը, արդուզարդին ու կահավորանքին քաջատեղյակ, աղջկա օժիտն էր լրացնում... Դավթի չափսով ոչինչ չկար, առաջին անգամ դժգոհեց քաշից, նա էլ կնոջը վերարկու գնեց... Ես էի անհաջողակը, թե՞ անճարակը... բայց շուտով գրքերի կրպակին հասանք, անմիջապես միացա հերթին ափսոսալով, որ միանգամից այստեղ չեմ հայտնվել... Պեպենոտ Ինան էր վաճառողուհին, հիշարժան կարճ շրջազգեստով, որը, ինչպես միշտ, խնամարկյալներին տիրություն չէր անում... Չէի ուզենա երեւալ աչքին, բայց նրա պատճառով ինչո՞ւ զրկվեի գրքերից, եւ չեզոք մի արտահայտություն տալով դեմքիս, իբր մենք այստեղ պաշտոնական հարաբերության մեջ ենք, դանդաղորեն շարժվում էի հերթի հետ...

- Հաջորդը,- ասաց Ինան ձեռքի շարժումով, որը կարծես քշում էր առեւտուրը վերջացրած գնորդին:

Հաջորդը ես էի:

- Լսում եմ,- ասաց Ինան:

- Ֆոլկներ...

- Վերջացավ:

- Եսենին...

- Վերջացել է:

- Եսենին,- կրկնեցի աչքս դպրոցական պայուսակի տակից երեւացող գրքին:

- Դա իմն է:

- Բայց այնտեղ մեկն էլ կա...

- Արագացրեք,- ձայնեցին հերթի միջից:

- Ի՞նչ են սակարկում:

- Սա վերցրու,- Ինան անցավ համոզելուՙ Գոգոլի գիրքը դեմ անելով,- շատ լավ գիրք է...

- Գոգոլ չեմ ուզում... խնդրում եմ Եսենինի «Բանաստեղծությունները»,- այդպիսի համառություն չէի սպասում ինձնից, թեկուզ գրքի համար:

Ինայի քնքուշ բերանից մի բառ թռավ, բայց համոզված չէի, որ ճիշտ եմ լսել:

- Երկուս ու քսան,- շպրտեց նա:

- Ես չեմ վերջացրել:

- Էլ ի՞նչ ես ուզում:

- «Ոճիր եւ պատիժ»...

- Սրան տես... Դոստոեւսկի է կարդում, այնտեղ բետոնի մասին չկա գրված:

- Վերջացրեք վերջապես,- ասաց մի գեր կին, որը պայուսակը պատրաստ պահած իր հերթին էր սպասում:

- Անդրեեւ,- շարունակեցի ես:

- Թալանեց,- տրտնջաց գեր կինը,- ինչո՞ւ եք այդքան գիրք տալիս նրան, Լավրովա:

- Ես ամեն գրքից մի հատ եմ վերցնում,- ասացի,- մի՞թե չի կարելի:

- Իսկ մեզ ոչինչ չմնա՞...

Մինչ Ինան կհաշվեր, երկու ձեռքով գրքերը կրծքիս սեղմած նայում էի, թե չկա՞ արդյոք էլի ինչ- որ լավ գիրք, եւ գտա:

- «Իսպանական պարտիա՞»... դա էլ տվեք: Դուք չե՞ք առարկում,- կեղծավորաբար դիմեցի գեր կնոջը:

- Այդ ոչինչ... վերցրեք ինչքան կուզեք:

- Ինչո՞ւ,- ընդվզեց մի տղամարդ,- ինձ էլ են շախմատային գրքեր պետք:

- Դե դրանից լիքն է,- ասաց գեր կինը,- Եսենինը վերջացավ... տուր ինձ այդ գիրքը, մանկիկս,- փաղաքշեց նա:

- Երեւանից կուղարկեմ,- խոստացա ու գրքերը գրկած դուրս սողոսկեցի հերթի միջով:

Հաջորդ գնումըՙ ուսափոկով պայուսակը, թաքցրեց գրքերը հետաքրքրասեր ու կարծես նաեւ զարմացական հայացքներից, իսկ պարունակությունը վերնաշապիկներն ու փողկապը լրացրին:

Մի տեղ հենց նոր էին գարեջուր ստացել, հերթ չկար, ափսոս էր բաց թողնել նման հնարավորությունը, երկու գավաթ վերցրեցի ու մեկը դատարկելով արագորեն, որպեսզի հավաքվողներին բողոքի առիթ չտամ, լավագույն զբաղմունքին անցաՙ կում- կում գարեջուր խմելով մարդկանց դիտելուն...

Ծանոթ արմունկ երեւաց... Դիմովիչը, միշտ պատրաստ թեւանցուկի, պիջակի մեջ քրտնախաշված, գալիս էր ակներեւորեն գարեջուրը նպատակ ունենալով:

- Դիմովիչ,- ձայն տվեցի:

- Օ՜... դու ես,- մոտեցավ նա,- բարեւ...

- Բարեւ, Դիմովիչ:

- Խմո՞ւմ ես,- հեգնեց նա:

- Գարեջուր... խմե՞նք:

- Հա... պետք է այդ գործով զբաղվել:

Ես իմ գավաթը տվեցի լցնելու եւ մեկն էլ խնդրեցի:

- Բան չե՞ս առել,- հարցրեց Դիմովիչը:

- Չէ, շատ է ժողովուրդը:

- Գյուղացիները վրա են տվել... նույն ապրանքն է, ինչ կար խանութներում... Լավն էր,- շուրթերը լիզելով ասաց նա,- սիրում եմ գարեջրի հոտը...

- Մի- մի հատ էլ խմե՞նք:

- Ուրեմն սիրո՞ւմ ես գարեջուր:

- Այո:

- Իսկ օղի՞:

- Չէ, միայն գարեջուր:

- Մի շիշ կա մոտս, գնանք խմենք:

- Օղի՞:

- Հա, գիտե՞ս ինչքան լավ է խմվում գետափին:

- Շոգ է, Դիմովիչ:

- Արի, արի... շոգին օղի խմելը քար բարձելուց դժվար չէ:

Դիմովիչը բաժակներ ճարեց, գնացինք գետափ:

- Այստեղ է խեղդվել ձեր ընկերը,- ասաց նա,- ուղիղ մեր դիմաց, մոտ տասնհինգ մետր հեռու ափից...

- Այդքան մո՞տ...

- Այո... փոս է այնտեղ, «աղջկա փոսը»... իմացիր տեղը: Քսան տարի առաջ մի աղջիկ է խեղդվել, առաջին զոհն էր, մնաց անունը, շատերն են խեղդվել այդտեղ, ձեր ընկերը ութերորդը եղավ:

- Մի՞թե հնարավոր չէ լցնել այդ փոսը:

- Հնարավոր է, բայց գետը բազմաթիվ փոսեր ունի, ո՞ր մեկը լցնել:

- Սա ութ հոգու կյանք է տարել, եթե առաջին դեպքից հետո... երկրորդից հետո լցնեին, մնացածները կփրկվեին...

- Ի՞նչ գիտես, թե կփրկվեին...

Դիմովիչը նստեց կոճղին ու բացեց շիշը:

- Ճանաչո՞ւմ էիր նրան, Դիմովիչ:

- Տեսել էի, աղմկոտ մարդ էր, ուրախ... եւ դժբախտ... անունն ի՞նչ էր:

- Սամվել:

- Առաջին բաժակը նրան,- Դիմովիչը օղին խառնեց գետի ջրին,- ի ծնե դժբախտ մարդիկ կան, մաշված կյանքով ապրող, եւ կան մարդիկ, ում դժբախտությունն անսպասելի է հարվածում... Կաթիլքի տանջա՞նքն է ծանր, թե՞ կիսատ պահը...

- Տառապանքին կարելի է դիմանալ,- իսկ այդ պահը... ախր դա վերջն է...

- Դիմանա՞լ... հը... տառապանքին չեն դիմանում, ենթարկվում են:

- Բայց չեն մեռնում:

- Երբեմն մեռնում են... Լավ է, որ հույս ունես դիմանալու,- դանդաղ ասաց նա,- ասենք, ես էլ էի քո տարիքին հոխորտում:

- Մի՞թե դու չես դիմացել, Դիմովիչ:

- Ի՞նչ է նշանակում դիմանալ կամ չդիմանալ... Ինչպես տեսնում ես, կենդանի եմ, աշխատում եմ... եւ խմում այս գարշանքը,- որը նա արեց:

Խմեցի:

- Լավ գնա՞ց:

- Տաք է...

- Ոչինչ, տաք օղին իր համն ունի:

Շատ զզվելի համ էր:

- Ձեզ մոտ դու ի՞նչ ես անում,- ծխախոտի տուփը բացելով հարցրեց նա:

- Դժվար է ասել:

- Ինչո՞ւ... չէի՞ր աշխատում:

- Աշխատում էի, բայց շարունակելու միտք չունեմ:

- Մասնագիտություն ունե՞ս:

- Ժուռնալիստ եմ... էի:

- Ավարտե՞լ ես:

- Այո, պարապ էի, մի քանի ամիս աշխատեցի:

- Չե՞ս սիրում:

- Չսիրեցի...

- Թե՞ չկարողացար:

- Թերեւս:

- Դե այդ երկուսը սովորաբար միմյանցով են պայմանավորված... հետո՞, մտադիր ես մյուս տարի է՞լ գալ:

- Ո՜չ...

- Իսկ ի՞նչ ես անելու:

- Կգտնեմ մի բան:

- Մի բան միշտ կարելի է գտնել, հարկավոր է գտնել այն, ինչ քեզ է պետք:

- Հիմա ինձ այս գարշանքն է պետք:

- Անշուշտ,- ոգեւորվեց Դիմովիչը,- ես ուշացնում էի, որ առաջին բաժակից հետո շունչ քաշես:

- Դու վիրավորում ես ինձ, Դիմովիչ:

- Ներողություն,- ծիծաղեց նա,- հիմա, հիմա...

- Կենացդ, Դիմովիչ:

- Ոչ, այսօրվա բոլոր բաժակները, թեկուզ խմողները չիմանան, դժբախտին են օգնելու:

- Այո,- մրմնջացի ես,- հանգստություն նրա ոսկորներին:

- Հանգստություն նրա հոգուն... եւ թող պարծենա նա, ով չի կրելու նույն խաչը... այո, սա է միակ մխիթարությունը... եւ արդարացումը, որ նա մեռել է, իսկ մենք ապրում ենք...

- Մենք մեղավո՞ր ենք:

- Անպայման: Ողջերը միշտ մեղավոր են մեռածների առաջ, երջանիկները մեղավոր են դժբախտների առաջ, գեղեցիկներըՙ տգեղների, հաջողակներըՙ ձախորդների...

- Հերոսներըՙ վախկոտների՞, ազնիվներըՙ խաբեբաների՞...

- Վախկոտներն ու խաբեբաները զրկված մարդիկ չեն, ես խոսում եմ զրկվածների մասին, զրկվածների ու մերժվածների... Դժբախտ են սովածը, հարբեցողը, չսիրվածը, բայց ամենադժբախտն այն մարդն է, ում վիշտը անբաժան է իրենից, որ կրում է տարիներ շարունակ, թաքցնելով ուրիշներից, մենության մեջ, հիշողություններից խուսափելով, որովհետեւ այդ հիշողությունները ուրիշ կյանքից են, որովհետեւ այդ հիշողությունները վկայում են, թե ինչպիսի կյանք է ունեցել եւ ինչպիսին է հիմա... Սովածը կկշտանա, հարբեցողին բախտը կժպտա, չսիրվածն էլ գուցե երջանկանա, բայց ի՞նչ անի անհույս մարդը, անբուժելի հիվանդի պես անհույս մարդը, որը զրկված է ոչ թե մի բանից միայն, այլ զրկված է ընդհանրապե՜ս...

Դիմովիչը նորից ծխախոտ վառեց:

- Տուր ես էլ ծխեմ,- ասացի:

- Քանի՞ տարեկան ես,- հարցրեց նա:

- Քսաներեք:

- Ուշ ես սկսում,- հեգնեց սովորության համաձայն:

- Ես ամեն ինչ էլ ուշ եմ սկսել, շատ բաներ դեռ չեմ սկսել...

- Ինչքան ուշ, այնքան լավ... հիմա ո՞րն է ավելի ահավորՙ անհույս գոյությո՞ւնը, թե՞ պատահական, հանկարծակի մահը:

- Մահը, Դիմովիչ:

- Ես ցանկանում եմ, որ կյանքը հակառակը չապացուցի... սարսափելի է դա... բայց գիտե՞ս, սարսափելի է եւ լավ, որովհետեւ ազատում է մահվան սարսափից...

- Ուրեմն պետք է ապրել դրա մասին չմտածելով, իսկ վերջում, մեկ- երկու տարի, ընկնել հուսահատության մեջ, որ մահը սարսափելի չթվա...

- Ապրես,- ծիծաղեց Դիմովիչը,- այդպես ապրում են բոլորը, միայն թե չգիտեմ, ով ինչպես է մեռնում... ոչ ոք չգիտի, որովհետեւ ոչ ոք չի փորձել... Ենթադրում եմ, որ մեռնելու պահին խելագարվում են...

- Եվ հուսահատվածնե՞րը...

- Չգիտեմ... վերջացնենք այս շիշը, շատ մնաց արեւի տակ:

- Ես չխմեմ, Դիմովիչ:

- Ի՜նչ ես ասում:

- Հարբած եմ արդեն:

- Իսկ ես խմում եմ ու բթանում, ուրիշ բան չկա... վերցրու:

- Իսկապես հարբած եմ, Դիմովիչ:

- Եվ ես հավատացի, որ հարբածը խմիչքից

կհրաժարվի:

Այդ բաժակից հետո գետի խշշոցը այնպես հաճելի դարձավ, որ թերեւս էլի խմեի, եթե լիներ:

Դիմովիչը խմեց դանդաղ, վայելչորեն, ինչպես միայն ինքն էր խմում:

- Մի քիչ պարզվեց աչքերիս առաջ:

- Իսկ եթե մի շիշ էլ խմենք...

Ասացի ու վախեցա, թե ինչ եմ ասում:

- Տեղ եմ գնալու,- ասաց Դիմովիչը,- բացի դրանից, հիմա ընդմիջում է պետք... Պայուսակդ վերցրու, այսօ՞ր ես գնել:

- Այո:

- Ուրիշ ոչինչ, ասում ես, չես գնել:

- Գրքեր...

- Ի՞նչ գրքեր:

- Դոստոեւսկի, Անդրեեւ... էլի մի քանիսը...

- Տես, ինչ անուններ են,- ծիծաղեց Դիմովիչը,- ես էլ եմ գրող, գիտե՞ս:

- Անշուշտ,- մռթմռթացի ես միանգամից չհասկանալով նրա ասածը:

- Ի՞նչը անշուշտ:

- Իհարկե... գրող ես դու, Դիմովիչ... եթե կա «Ստորացվածներն ու անարգվածները», ինչո՞ւ չլինի «Զրկվածները եւ մերժվածները»:

- Եվ ես դա գրել եմ, ավելի ճիշտ, արտասանել եմ, որովհետեւ ես «բանավոր գրող» եմ... ինչքա՜ն հատորներ եմ բաց թողել օդի մեջ, ափսոս... Հենց քարհանքում մենակ եմ լինում, լինգը ձեռքիս սկսում եմ ստեղծագործել...

- Լինգո՞վ... դու հանճարեղ գրող ես, Դիմովիչ, լինգով գրածը դարեր կմնա...

- Ծաղրո՞ւմ ես,- ծիծաղեց Դիմովիչը,- արժեր քեզ հետ մի շիշ էլ խմել:

- Ես պատրաստ եմ:

- Հետո... կխմենք: Դու հավանաբար մտածեցիր, որ այն ասածը, անհույս դժբախտի մասին, ինձ է վերաբերում...

- Ոչ, Դիմովիչ, միգուցե դու ձախողակ մարդ ես, բայց անբուժելի, անհույս հիվանդը չես, դիմացկուն ես դու, Դիմովիչ:

- Անկե՞ղծ:

- Ես միշտ ջանում եմ անկեղծ լինել:

- Բացարձա՞կ անկեղծ:

- Այո:

- Հնարավոր չէ, եւ պետք էլ չէ... անկեղծ եղիր այնքան, որ մարդկանց վնաս չտաս, դրանից ավելը դաժանություն է... քարոզներով եմ խոսում, չէ՞... տարիքից է... Դե, ամեն ինչ կարգի՞ն է...

- Անշուշտ:

- Ե՞րբ ես գալու քարի:

- Չգիտեմ:

- Եվս մի խորհուրդ, եթե կարելի է:

- Լսում եմ:

- Էլ չխմես այսօր... հիմա դու այն վիճակի մեջ ես, որը միայն անսովորներին է պարգեւվում... եթե շարունակես, գուցե չխմես այլեւս, իսկ խմիչքը մարդուն պետք է... ինչքան կինը... չմոռանալով, որ կինը նույնպես մարդ է...

Գնաց Դիմովիչը գետափով, ծուռ արմունկը տնկած, փոքրիկ, կարմիր ճաղատով, առույգ... բայց արդեն անկարող ցավը թաքցնելու:

Տոնավաճառը շարունակվում էր:

Մյուս գյուղերից եկածները մեկնում էին իրենց բեռնատարներով, հերթերը նվազել էին, բայց հիմնական զանգվածն առաջվա պես լփլփում էր այգում պակասողների փոխարեն նոր մարդկանցով համալրվելով, որոնցից շատերը գալիս էին արդեն ի սեր փրփրածին երջանկության, որի շորշոփներն այսօր զգացի առաջին անգամ...

Մի հոգի քսանյոթ կոպեկ ուզեց ինձնից, կտայի, եթե մուրացկան լիներ, գարեջրով թրջեցի չորացած բերանս, քիչ հետո մի գավաթ էլ հաճույքով խմեցի Դիմովիչի խրատը մոռացած (նրա տարիքը խրատելու իրավունք էր տալիս, իմըՙ խղճալու), երրորդից հետո գրախանութի մոտ հայտնվեցի... Ինան ու երկու աղջիկ երշիկ էին ուտում, Ինան լիմոնադի շիշը ձեռքին, շուրթերը թաց, կզակըՙ նույնպես, նայում էր ինձ... Եթե բարեհաճել էի, պիտի խոսեի... իսկ ինչո՞ւ չմտածի, որ գրքերին եմ նայում... բայց գիրք չկար, տախտակները ծածկող թուղթն էլ էին վերցրել... Քանի որ գիրք չկար, Ինայի պեպեններին էի նայում անչափ հետաքրքրված, թե դրանցից կա՞ն արդյոք կրծքի վրա... Կարծես չէի տեսել նրան գետափին, լողազգեստով, եւ չէի զննել սիրահարված շախմատիստի բծախնդիր հայացքով:

Ինան շիշը բռնած ձեռքով սրբեց կզակը, առաջ եկավ ուշադիր նայելով աչքերիս:

- Ի՞նչ ես ուզում,- հարցրեց:

- Գիրք...

Բարեբախտաբար ամենակարճ պատասխանը գտա:

- Գիրք չկա:

- Իսկ վաղը ստանալո՞ւ եք նոր գրքեր...

Կարծես ոչինչ, սահուն ստացվեց:

- Ոչ:

- Վաղը չե՞ք աշխատելու:

- Ոչ:

Հիմար հարցերը վերջացան, անհրաժեշտ էր կամ չքվել, կամ անցնել որոշիչ խոսակցության, մինչդեռ ոչ մեկը չէի անում, կանգնել էի հանգիստ, հայացքս նրա կանաչ աչքերին, որոնք նայում էին ծաղրանքով, բայց մի ուրիշ բան էլ կար նրանց մեջ, եւ այդ մի բանն էր ինձ պահում:

- Ուրիշ հարցեր չկա՞ն,- խոսեց Ինան շիշը մատների մեջ պտտելով:

Հարց կար, պեպենների տեղաբաշխման մասին, շիշն էր վախեցնում:

- Դե՛...

- Կգա՞ք այսօր կինո...

Ամենայն հավանականությամբ Ինայի հոնքերը թեւավոր չէին (եթե ուներ), բայց պեպենները խլվլացին... Խորքում ուտելն ընդհատվեց:

- Կինո՞,- քմծիծաղեց Ինան:

- Այո...

- Ինչո՞ւ:

Անտանելի էր, երբ դպրոցում հարցնում էինՙ ինչո՞ւ դասը չես սովորել... Իսկ ի՞նչ պատասխանեի այս հարցին. որ ուզում եմ ռուսերե՞նը յուրացնել... նրա օգնությամբ...

- Ինչո՞ւ կարմրեցիր... երեւի քիչ ես խմել, թե չէ ավելի համարձակ կլինեիր:

- Համարձակության համար չէ, որ խմել եմ,- ամոթահար քրթմնջաց տղեկն ու հեռացավ:

Վերլուծելու ժամանակ չեղավ (շախմատային հիվանդություն է. առիթի դեպքում սկսվում է հաշվարկը. ինչո՞ւ, ի՞նչը, բայց, քանի որ, ուրեմն եւ այլն), Շուլային տեսա մի ավտոյի մոտ, կանչեց ինձ.

- Արի, Մոծակ ջան, լավ բաներ են ծախում:

- Ի՞նչ ես առնում,- հարցրեցի մոտենալով:

- Սոսիս եմ առել...

Բայց ձեռքինը սովորական կաշվե բաճկոն էր:

- Սոսիսն ի՞նչ է, Շուլա...

- Մոծա՞կ,- աչքը ճտեց նա,- ես էլ գիտեմ դու խելք ունես... տղիս անունն է Սոս, արա՛...

Այս շեշտված «արան» նշանակում էր, որ Երեւանում ապրելով ես զրկվել եմ խելքից:

- Լավն է,- ասացի մեղքս քավելու համար,- բարով մաշի...

- Մեծն էլ կա... կուզե՞ս...

- Չէ, ես կաշվե շոր չեմ սիրում:

- Ինչի՞...

- Եսիմ... ճռճռում է, խշխշում է...

- Հը- հը... նորություն իմացանք...

- Սոված չե՞ս,- շտապեցի ընդհատել նրան, որովհետեւ գիտեի, եթե հասավ «նորությանը», ձեռ է առնելու,- արի գնանք ճաշարան, համ էլ գարեջուր կխմենք...

- Է՛, դու խմած ես արդեն...

Տեսնողը կռահում էր, իսկ ես կարծում էի, թե կարողանում եմ թաքցնել:

- Աչքերդ խժի- բժի են եղել... ո՞ւմ հետ ես խմել:

- Դիմովիչի հետ, քարհանքի աշխատողի...

- Մենք Դիմովիչի չափ չկա՞նք, հետներս չես խմում...

- Արի... ուտելու բան էլ վերցնենք, գնանք գետափ:

- Չէ՜, ես խմելուց եմ փախել:

- Մերո՞նք են խմում:

- Մերոնք, Արսենի բրիգադը, քյավառցիք, քանի հոգի էլ ուրիշ... դիլիջանցի են... Առաջ ուզեցին հաց ուտել, ետեւ անուն դրին, թե Սամոյի հոգեհանգիստն է, վերջում դարձավ քեֆ... ձեները գցել են... չեչենների հետ կռվան...

- Ո՞վ, մեզնի՞ց...

- Չէ, էլի մենք չթողինք... Այ էս տղեն էր, Արամ,- Շուլան աչքերով ցույց տվեց մի կնոջ հետ եկող շիկահեր չեչենին, որն ըստ երեւույթին ուզում էր մոտենալ մեզ, իսկ կինը արգելում էր:

- Խմա՞ծ է:

- Հա, դու էս վերցրու...

Չեչենը մոտեցավ, նրա հետեւիցՙ կինը:

- Ծխելու բան չունե՞ս, հայրենակից,- Շուլային դիմեց նա:

Նման սկիզբը հանգստացրեց կնոջը:

Շուլան լուռ հանեց տուփը:

- Դու տեսար, որ ես մեղավոր չէի,- ասաց չեչենը,- ճի՞շտ է:

- Ճիշտ է,- համաձայնեց Շուլան:

- Բայց դա նշանակություն չունի, ես պարտավոր եմ ներողություն խնդրել... Այն մեկից ներողություն չեմ խնդրի, երեսին էլ կասեմ... բայց հիմա ինձ մեղավոր եմ համարում, որովհետեւ դուք հավաքվել էիք ձեր ընկերոջ հիշատակը հարգելու, իսկ ես կռվի պատճառ եղա... Գնանք ձերոնց մոտ, ես բոլորի ներկայությամբ կասեմ...

- Ռաֆիկ,- նորից անհանգստացավ կինը,- վաղը կասես:

- Ինչի՞ համար ներողություն խնդրես, երբ դու մեղավոր չես,- լուրջ, ինչպես միշտ, երբ ռուսերեն էր խոսում, եւ զարմանալի լավ էր խոսում, ասաց Շուլան,- նրանք ուրիշ տեղ են աշխատում, մենք ենք այստեղ, մենք էլ ավելի լավ ճանաչեցինք իրար:

- Հայերին ես նոր չեմ ճանաչելու, բանակում, ինստիտուտում ես հայ ընկերներ ունեցել եմ, այստեղ նույնպես շատերը գիտեն ինձ... Իսկ նա դանակ է քաշում, իբր ես վախեցա...

- Դուք մեզ ներեցեք,- ասաց կինը,- զբաղեցրինք ձեզ:

- Մի խոսքով, հայրենակից ջան, մեր ծանոթությունը այսքանով չի սահմանափակվի, համոզված եմ... Կինս էլ խանութում է աշխատում, «չոր օրենքի» ժամանակ կդիմեք առանց քաշվելու: Հիմա ասա, դու ինչո՞ւ ձեռքիդ կապոցը տվեցիր նրան, երբ մոտեցա... Ձեռքերդ էիր ազատո՞ւմ:

Շուլան ծիծաղելով խփեց նրա ուսին, Ռաֆիկը նույն կերպ պատասխանեց, գնացին ամուսինները:

- Լավ տղա է,- ասաց Շուլան:

- Ո՞վ է դանակ քաշել:

- Գնանք, կտեսնես... թե որ մինչեւ հիմի մնացել են...

Շուլան նույնպես առավոտյան ոչինչ չէր գնել, այժմ, քանի որ հնարավոր էր ազատորեն մոտենալ ու տնտղել ապրանքները, գրեթե ամեն խանութում մի բան գտնում էր, շուտով ստիպված եղա մի մասը վերցնել:

- Ի՞նչ ես անում այդքանը,- հարցրեցի,- ծախելու համա՞ր ես առնում:

- Ես հո Սաքոն չեմ,- վիրավորվեց նա,- չորգլուխ մարդը, ոնց որ դու,- ծիծաղեց,- ստերջ ձմեռ է, չգիտե ինչ է երեխեքին ուրախացնելը... ընտանիք ունեցար, քաղցրությունը կզգաս...

Իբր Շուլայի ծաղրը քիչ էր, անսպասելի հարվածի ենթարկվեցի: Վերարկու էի փորձում, մի կին հարցրեց.

- Ի՞նչ չափսի է այդ վերարկուն, երիտասարդ, հիսո՞ւն...

- Ոչ,- պատասխանեցի:

- Հիսուներկո՞ւ...

- Ո՛չ, հիսունչորս:

- Նույնիսկ հիսունչո՞րս... անհավատալի է...

Բարեբախտաբար Շուլան առաջ էր անցել եւ վկա չեղավ, թե ինչպես են վերաբերվում իմ հարյուր ութսուն սանտիմետրանոց արժանապատվությանը:

Վերջին խանութներից քիչ հեռու, որն արդեն այգի չէր, այլ անտառ, ծուռումուռ շրջանով նստել էին հայերը բազմաթիվ դատարկ եւ մի քանի դեռ լի շշերի վկայությամբ հաստատելով Շուլայի խոսքը, որ իրենց արածը, իսկապես, գրեթե կապ չունի դժբախտ դեպքի հետ: Քյավառցիները չկային, Արսենի բրիգադից ինքն ու Աշոտն էին, մերոնք, դիլիջանցիները, որոնք Վանովոյից էին եկել: Նրանցից մեկը, որի կողքին նստեցինք, խոզանը երեսին, կանաչ լայնեզր գլխարկով, վերնաշապկի կոճակներն արձակ, կարծես անբարյացակամորեն նայեց ինձ:

- Դու ո՞վ ես,- ասաց,- ես քեզ նոր եմ տեսնում:

- Արամն եմ:

- Չհասկացանք, ախպեր ջան,- սեփական անձը, իհարկե, հոգնակիով,- ո՞ւմ բրիգադից ես:

- Մեր,- ասաց Շուլան:

- Սերգեյի՞... հա, եղավ, ախպեր ջան, ցավդ տանեմ... հո չնեղացար...

- Չէ:

- Առ էս բաժակը,- հավանաբար հենց իր, մեջը փշուր,- մի բան ասա մեր անբախտ ընկերոջ հիշատակին...

- Չեմ խմում,- ասացի:

- Իյա՛...

- Սոված է, թող հաց ուտի, հետո,- ասաց Շուլան:

- Ճաշարան չի եկելՙ հաց ուտի... էդքան շնորհք չունի՞, երկու բառ ասի...

- Մնաց,- սաստեցին նրան,- ջահել է, չգիտի կարգը...

- Բան չկա, Արամ,- ականջիս տակ խոսեց Շուլան,- ձեն չհանես:

- Վերցրու,- ձեռ չէր քաշում Մնացը:

- Դու էլ վերցրու, էլի,- նետեց Արսենը,- չմեռար մի բաժակով:

- Խմի, խմի, ախպեր ջան,- մի ձայն եւս հնչեց:

Իսկ ես կողի ընկած գլուխս օրորեցի:

- Հայ չե՞ս դու,- բացականչեց Մնացը,- թե որ չխմեցիր, հայ չես ուրեմն:

Նրա դեղնած եղունգից եւ մատից սիրտ խառնող հոտ էր գալիս:

- Չեմ խմում,- կրկնեցի հետ մղելով նրա ձեռքը, բաժակն ընկավ:

Մնացը հայացքով չափեց ինձ,- անշնորհք տղա ես,- թքեց,- որտեղացի՞ ես...

- Քեզ ինչ,- կոպտեցի ես:

- Ինչ ասացի՞ր...

- Ինչ որ լսեցիր:

- Էն ի՞նչ են գոռգոռում իրար վրա,- ասաց Սաքոն,- Արամ, ի՞նչ է եղել... Մնաց...

- Մնա՛ց,- Արսենը նույնպես մոտեցավ,- ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել...

- Ձեր ջահելին լավ չեք դաստիարակել,- դուրս տվեց Մնացը:

- Մեր ջահելը դաստիարակված է,- ասաց Սաքոն,- ասա տեսնեմ, ինչ է եղել...

- Հեչ, եղածը բան չէ,- տեսնելով, որ մենք չենք խոսում, պատասխանեց Շուլան:

- Չի խմում, թող չխմի,- ասաց Արսենը,- ինչի՞ ես զոռում:

- Ոնց թե...

- Արի,- քաշեց նրան Արսենը,- քեզ բան պիտի ասեմ:

- Թող,- դիմադրեց Մնացը:

Արսենը ձեռքը գցեց նրա մեջքով ու տարավ:

- Քեզ հո բան չասաց,- հարցրեց Սաքոն:

- Չէ:

- Խմած է, քիչ առաջ էլ չեչեններին կպավ...

Արդեն կռահել էի, որ նա է եղել:

- Լավ է, ենթարկվեց Արսենին,- զարմացավ Շուլան:

- Արսենն է նրանց գործ տվել... մի ամիս պարապ ման էին գալիս շրջանով մեկ:

- Ձրի՞,- հարցրեց Շուլան:

- Հա, ձրի... հավասար ընկեր է հետները... ամիսը երկու անգամ գնա, չգնա...

- Արսենը տամա ելավ,- ասաց Շուլան Սաքոյի գնալուց հետո,- բայց ձեր գյուղացին էլ թաց տեղ պառկողը չէ... շատ խորամանկ է...

- Ի՞նչ գիտես:

- Օ՜... ես աչքս գցեմ մարդու երեսին, վռազ կջոկեմ, ինչ մարդ է... Սաքոն կուզիկ է ու ծուռքիթ, խորամանկության նշան է: Տես, Մնացի աչքերը իրար մոտիկ են, քիթը տնկված է, խելք չունի...

- Դու լավ գրբաց կլինեիր, Շուլա:

- Սարատակցիք են գրբաց,- մեր գյուղում, իրոք, մի նշանավոր գրբաց կար,- իսկ ես խելացի մարդ եմ,- աչքը ճտած,- ամեն ինչին վրահասու, ամեն ինչ հասկացող... հիմի, օրինակ, ես գիտեմ, որ մեր մնալը չարժե... լցվել են իրար գլխի: Մնացն էլ նորից ձենը գցել է...

- Վախենում ես կռի՞վ անի...

- Տեղը որ գա, հողոց հոգի կկորցնեմ... բայց ավելի լավ չէ՞ գլխացավանքից հեռու մնանք:

- Գնանք,- համաձայնեցի ես:

Շարունակությունըՙ մայիսի 25- ին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4