Բիբլիական Արարատի վրա կտեղակայվի Նոյյան տապանի մանրակերտը: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիացի լրագրող Ժան Էսքիյանը, նման նախաձեռնությամբ հանդես է եկել միջազգային բնապահպանական «Գրինփիս» կազմակերպությունը, որն այս կերպ «մեծ ութնյակի» երկրների ուշադրությունն է ուզում հրավիրել համաշխարհային ջերմացման խնդրի վրաՙ հիշատակելով համամոլորակային ջրհեղեղի մասին որպես այս ջերմացման հնարավոր հետեւանքի: Տապանի մանրակերտի բացման արարողությունը նախատեսված է մայիսի 31- ին, դրանից մեկ օր առաջ «Գրինփիսի» լեռնագնացները կբարձրանան մինչեւ 5138 մետր բարձրությունըՙ բոլոր ազգերին կոչ անելով պաշտպանել համաշխարհային կլիման: Տապանը կունենա 10 մետր երկարություն, 4- ական մետր լայնություն եւ բարձրություն: Հաղորդագրության համաձայն, այս օրերին 20 թուրք եւ գերմանացի հյուսները պետք է ավարտեն տապանի կառուցումը: