«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2007-05-16 | #92, 2007-05-17 | #93, 2007-05-18


ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային 5- րդ մրցաշարը, որին մասնակցում են մինչեւ 19 տարեկան 12 պատանի շախմատիստներ: Նրանց թվում են հայաստանցի երկու շախմատիստներ` մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրեասյանը եւ Ավետիք Գրիգորյանը: Վիճակահանությամբ Գրիգորյանին բաժին է ընկել 1- ին համարը, իսկ Զավենը 3- րդն է: Մեր շախմատիստները հաջող սկսեցին մրցաշարը: Անդրեասյանը պարտության մատնեց ադրբեջանցի միջազգային վարպետ Էլթաջ Սաֆարլիին: 15- ամյա այդ պատանին 2002 թ. մինչեւ 10 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն է, հաջորդ տարի նվաճել է մինչեւ 12 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Անցած տարի էլ Սաֆարլին հաղթող էր ճանաչվել Դուբայի պատանեկան մրցաշարում: Այնպես որ Զավեն Անդրեասյանի հաղթանակն իրոք որ արժանի է գնահատանքի:

Ավետիք Գրիգորյանի մրցակիցը հնդիկ միջազգային գրոսմայստեր, 14- ամյա Նեգի Պարամարիանն էր: Վերջինս 2004 թ. մինչեւ 12 տարեկանների աշխարհի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ դրանից մեկ տարի առաջ հաղթող էր ճանաչվել մինչեւ 10 տարեկանների Ասիայի առաջնությունում: Ներկայումս նա աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերն է: Չնայած դրան, 18- ամյա միջազգային վարպետ Ավետիք Գրիգորյանը հաջող խաղաց եւ պարտիան ավարտեց ոչ- ոքի: Հաշտություն կնքեցին նաեւ Յան Նեպոմնյաշչին ու Ռաուֆ Մամեդովը, Սերգեյ Ժիգալկոն ու Դանիել Լինչեւսկին: Ֆալկո Բինդրիչը հաղթեց Իվան Պոպովին, Էդուարդ Գորովիխն էլ առավելության հասավ Յուրի Կուզուբովի նկատմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4