«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ, ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ` ԲԱՔՎՈՒՄ

Համանախագահները գալիս են համաձայնեցնելու Քոչարյան-Ալիեւ հանդիպումը

Երկուշաբթի օրըՙ մայիսի 21-ին իր պաշտոնական այցելությունը Բաքու կսկսի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս «համազգային հերոս» Հեյդար Ալիեւի շիրիմին այցելելուց հետո կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի հետ հանդիպումը կշարունակվի նաեւ հաջորդ օրը:

Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի` Ռուսաստանի արտգործնախարարը Մամեդյարովի հետ հանդիպմանը կանդրադառնա ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին, որի մասին թերեւս տեղեկանանք նախատեսվող համատեղ ասուլիսից` ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումներով: Սակայն առավել հետաքրքրական է, թե արդյոք Լավրով-Մամեդյարով քննարկումներում որեւէ կերպ անդրադարձ կլինի՞ Իլհամ Ալիեւի «պատերազմի այլընտրանքի» հայտարարություններին:

Ամեն դեպքում, մինչ Լավրովն իր ադրբեջանցի կոլեգայի հետ բազմաբնույթ հարցեր կքննարկի, որոնք տարօրինակորեն երկու օր են պահանջում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարից, նույն օրը Երեւան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք, ադրբեջանական աղբյուրների տեղեկացմամբ, Բաքվում կլինեն մայիսի 24-ին: Այս այցելությունների հիմնական նպատակ նշվող Սանկտ Պետերբուրգում Քոչարյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստումը հավանականության ու որոշակիության դրսեւորումներ դեռ չի ստանում:

Ու մինչ համանախագահների հերթական այցելություն տարածաշրջան, որ նախատեսվում է հունիսի 5-6-ը, Հայաստան եւ Ադրբեջան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Գուցե ի դեմս ԵԱՀԿ գործող նախագահի միջազգային կառույցները ի վերջո գոնե մտահոգություն հայտնեն Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի վերջին հայտարարությունների առնչությամբ:

Թերեւս այնքան էլ սպասելի չէ որեւէ արձագանք, քանի որ ցայսօր լռություն է: Մինչդեռ, եթե հավատալու լինենք ադրբեջանական մի շարք անգլիալեզու կայքէջերի հաղորդագրություններին, Իլհամ Ալիեւը խոսում է ոչ թե ներկա դրությամբ բանակցություններին այլընտրանքի բացակայության մասին, այլ հնարավոր պատերազմի: «Մենք դեռ հավատարիմ ենք բանակցային գործընթացին: Եթե բանակցությունները արդյունք չտան, ապա այլընտրանք կլինի պատերազմը: Ադրբեջանը պետք է պատրաստ լինի դրան», հայտարարել է Ալիեւը: Ճիշտ է, երկրի շրջաններից մեկի գյուղական բնակավայրում բարձրաձայնված այս մտքերը նախ եւ առաջ ներքին սպառման նշանակություն ունեն, բայց եւ չեն կարող անտարբերության «արժանանալ» միջազգային հանրության կողմից:

Եվ հետո, բանակցային գործընթացում գտնվող եւ հետեւաբար դեռեւս քննարկումների ու խորհրդակցությունների մակարդակում սկզբունքների համաձայնեցմամբ զբաղվող Ալիեւի համար թերեւս էլի ներքին պահանջ բավարարելու փորձ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության առումով զիջումների չգնալու պնդումը: Հուսանք, որ ալիեւյան այս հայտարարությունների առնչությամբ զուտ դիվանագիտական մեկնաբանություններից բացի, որ տրվել են համանախագահողների կողմից, կհնչեն իրական գնահատականներ:

Այլապես այն պատճառաբանությունները, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունները որոշակի առումով արգելակում էին բանակցային գործընթացը, ի դերեւ կելնեն` ոչ մի կերպ չբացատրելով ստեղծված իրավիճակը: Ավելին, կրկին պատերազմից ու դրան պատրաստվելու անհրաժեշտությունից խոսող Ադրբեջանն ակնհայտորեն սեփական արհամարհական մոտեցումն է ցույց տալիս եվրոպական կառույցներին, միջնորդներին, քանի որ տարածաշրջանում նորից ռազմական գործողություններ ծավալելու ցանկությունն ու առավել եւս ախորժակը ոչ մի կերպ ու ոչ ոք չի սահմանափակում: Մինչդեռ արժե, եւ որքան շուտ, այդքան լավ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4