Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով հունգարական բանտում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը հնարավոր է, որ տեղափոխվի Ադրբեջան: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Բաքու պաշտոնական այցելության ընթացքում նման հայտարարություն է արել Հունգարիայի արտգործնախարար Ինգի Հենցը: Հունգարիայի արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Սաֆարովի Ադրբեջան տեղափոխումը հնարավոր է, բայց ոչ հիմա, քանի որ նրա գործը դեռ քննվում է տարբեր դատական ատյաններում: Ապագայում, երբ դատական բոլոր գործընթացները կավարտվեն, հնարավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ», նշել է Հունգարիայի արտգործնախարարը: Սաֆարովի հարցի քննարկումը կլինի նաեւ մոտ ժամանակներս Ադրբեջանի ներքին գործերի նախարարի Հունգարիա այցելության ընթացքում: