«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Յուրաքանչյուր տարվա մայիսի 19-ին Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները, մասնակցությամբ Երեւանում Հունաստանի դեսպանության պաշտոնյաների, այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ոգեկոչելու Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Հունաստանը մայիսի 19 պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Հունաստանի նախագահ Կոնստանտին Կարամանլիսը 1994թ. մարտի յոթին հաստատել է հմր 2193 օրենքը, որով սահմանվել է Հիշատակման օրը: 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել 353.000 հույներ: Սա արձանագրվել է պատմության մեջ իբրեւ քսաներորդ դարի երկրորդ եղեռն:

Պատմական Պոնտոսը գտնվում էր Թուրքիայի կազմում եւ ընդգրկում Սեւ ծովի ափամերձ տարածքները: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Պոնտոսի հունական բնակչությունը 700.000 մարդ էր: Փաստորեն Պոնտոսում ապրող հույների 50 տոկոսը բնաջնջվեց թուրք բարբարոսների կողմից:

Սալոնիկ (Հունաստան) քաղաքի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտինոս Ֆոտիադիսը սպառիչ ձեւով ուսումնասիրել է նշված պատմական փաստերին առնչվող փաստաթղթերը եւ 2004 թ. հունարեն հրատարակել 600 էջանոց մենագրություն: Սակայն այս պատմական դաժան իրադարձություններն ուսումնասիրել են ոչ միայն գիտնականները:

Երկու տարի առաջ Աթենքում իմ հայ բարեկամներից մեկը, իմանալով, որ մայրս հույն է, նվիրեց անգլերեն մի գիրք` «Not Even My Name» վերնագրով: Հեղինակը` ամերիկահույն Զիա Հալոն, պատմում է իր մոր հիշողությունների մասին, որն այս պատմական իրադարձություններին ականատես է եղել:

70 տարի անց Զիա Հալոն իր մայրիկի հետ այցելում է Թուրքիա, որպեսզի գտնի մոր հայրական տունը, օջախը:

Իր հարցազրույցներից մեկում Զիա Հալոն նշում է. «Երբ մայրիկս Դիարբեքիրում հայտնվեց կարիքի եւ աղքատության մեջ ու միայնակ իրեն զգաց, հայերի ընտանիքը մայրիկիս օգնության հասավ եւ պաշտպանեց ինչպես հարազատ աղջկան»:

Հեղինակի հոդվածներից մեկը` «Պատմության ոգին», նույնպես նվիրված է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Հեղինակի թույլտվությամբ ես սիրով թարգմանեցի այն ու ներկայացնում եմ հայ ընթերցողին մի քանի հատված:

Երբ ես գրեցի «Not Even My Name» գիրքը, որոշեցի գրել այն ամենի վերաբերյալ, ինչ հիշել էր մայրիկս իր կյանքի մասին: Ես վաղուց էի որոշել այդպես անել: Եթե նա հիշում էր ինչ-որ բան ութսուն տարվա ընթացքում, կարեւոր չէ, թե որքան աննշան կթվար այդ պահին, դա կարող էր զգալի կարեւորություն ունենալ նրա ամբողջ կյանքի համար: Ես գրանցեցի, թե ինչպես են Պոնտոսի հույները թաքնված ապրել Սեւ ծովի ափերին` Պոնտական սարերում, քսաներորդ դարի սկզբին, ինչպես են ապրել ասորիները Թուրքիայի հարավի գյուղերում, ինչպես են հայերը` որպես քաղաքի բնակիչներ, ապրել Դիարբեքիրում: Եվ անշուշտ գրել եմ աքսորի` մահվան երկար ճանապարհի մասին:

Նա ինը տարեկան էր, երբ թուրք զինվորները եկան իրենց գյուղ` բարձրաձայնելու Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրքի) հրամանը. «Դուք պետք է լքեք այս վայրը, պետք է վերցնեք միայն այն, ինչ կարող եք տանել: Պատրաստ եղեք հեռանալու երեք օրից»:

Այսօր պատմությունը հաճախ գրում են նրանք, ում քաղաքական օրակարգը նվաճողական մոտեցում ունի պատմության նկատմամբ: Թուրքական կառավարությանը սպասարկող լրատվամիջոցները եւ պատմաբանները շարունակում են ապամարդկայնացնել, դիվայնացնել, ոչնչացնել (Dehumanize, Demonize, Destroy) պատմությունը` դրան «ճիշտ ընթացք» վերագրելով ու մոռանալով, որ ցեղասպանության հանցագործները կոտորել են ավելի քան երեք միլիոն մարդու` Պոնտոսի ու Փոքր Ասիայի հույների, հայերի, ասորիների: «Սպանել մի ազգ» գրքի հեղինակ Միքայել Պարենտին նկատում է. «Նրանց գործը ոչ թե տեղեկատվություն, այլ ապատեղեկատվություն տարածելն է, ոչ թե ժողովրդավարությունը զարգացնելն է, այլ այն բովանդակազրկելն ու համրացնելը»:

Ահա թե ինչու է հիշողությունն այդքան կարեւոր: Հիշողությունը պատուհան է, որից մենք նայում ենք վերապրողների պատմությանը: Թերեւս կարող ենք ասել, որ հիշողությունը պատմության ոգին է, քանի որ այդ պատմական իրադարձությունների ականատեսները նույնպես կարող են մեզ օգնել` ըմբռնելու այն ամենը, ինչ զգացել են, ինչի մասին երազել են, ինչի համար հույսեր են փայփայել ու ինչպես են ի մի բերել իրենց փշրված կյանքը: Առանց այդ հիշողության մենք լիովին կհանձնվեինք մեր սեփական պատմությունը կեղծողների կամքին:

Հիշատակման պաշտոնական այս օրը, որ ամբողջ աշխարհում հիշվում է մայիսի 19-ին, Պոնտոսի հույների ցեղասպանության 91-րդ տարելիցն է, եւ տեղին է հիշել Ալեքսանդր Սոլժենիցինի նախազգուշացումը. «Այս ըմբռնումների օգտագործումը լիովին կախված է մեզանից»: «Այրվող Տիգրիսը» վեպի հեղինակ Պիտեր Բալաքյանը ասում է. «Հիշողությունը բարոյական գործողություն է»: Գուցե մեզ` Փոքր Ասիայի պատմական քրիստոնյաների երեխաներիս ու թոռներիս է վստահված գրանցել նրանց հիշողությունները` որպես բարոյական գործողություն, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա նրանց դժբախտ ճակատագրերի մասին ու նրանց կենդանի կերպարը միշտ ապրի մեր սրտերում ու հոգիներում:

Հիշատակման օրեր

Հայեր` ապրիլի 24

Պոնտոսի հույներ` մայիսի 19

Ասորիներ` օգոստոսի 7

Փոքր Ասիայի հույներ` սեպտեմբերի 9

***

Պոնտոսի հույների ցեղասպանության թեմային անդրադառնալու գաղափարը ծնվեց ապրիլի 24-ին, երբ հազարավոր հայերի հետ Ծիծեռնակաբերդ գնացի, մտովի մի փոքր առաջ անցա` դեպի մայիսի 19: Կրկնակի ցավ զգացի անմեղ զոհերի համար...

ՄԱՐԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ, Երեւան քաղաքի հունական համայնքի վարչության անդամ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4