«Ազգի» հրապարակմանը այս վերնագրով է արձագանքում թուրքական «Վաթան» թերթը
Մայիսի 14-ին «Գլոբալ հայ» լրատվական ծառայությունն «Ազգի» խմբագրություն է ուղարկել այն հաղորդագրության պատճենը, որը ֆաքսով հասցեագրվել է Պոլսո Թոփգափու թաղամասի Սբ. Լեւոն Վարդուխյան դպրոցին: Հաջորդ օրվա համարում «Սա վերջին հուշագիրն է, չի կրկնվելու» վերնագրով մեր թերթը հրապարակեց սպառնալից այս նամակը:
Մայիսի 16-ին «Մահ հայերին» վերնագրով այդ նամակին անդրադարձել է նաեւ թուրքական «Վաթան» թերթը եւ գրել. «Պարզվեց, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հայկական դպրոցներին եւ հայ գործարարներին հաշվեհարդարի սպառնալիքով նամակներ է ուղարկվում»:
«Վաթանը» միաժամանակ արձագանքել է «Գլոբալ հայի» մեր խմբագրություն ուղարկած նամակի հրապարակմանն «Ազգում», ապա եւ ավելացրել. «Հայկական այս լրատվամիջոցները նամակը մեկնաբանել են իբրեւ ամենացայտուն ապացույցը այն ճնշումների եւ սպառնալիքների, որոնց ենթարկվում են Թուրքիայի հայերը»:
Պետք է ասենք, որ այս մեկնաբանության վերագրումը «Ազգին» իրականությանը չի համապատասխանում: Մենք, նկատելով, որ նամակը մեկնաբանության կարիք չունի, իսկ հայերի նկատմամբ ճնշումները թուրքական իրականության մեջ սովորական երեւույթ են, որոշեցինք մեկնաբանելու փոխարեն բացահայտել նամակի հեղինակներին, որովհետեւ դա անստորագիր էր: Նամակի ավարտը Քեմալ Աթաթուրքի հանրահայտ ասույթներով որեւէ կասկած չէր թողնում, որ դա քեմալական ազգայնականության հայատյաց հերթական դրսեւորումն է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ