«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՓՈՂԸ ԵՎ ՈՒԺԸ»

«Շոգեքարշը» կհանվի «ԱԼՄ»-ի եթերից, բայց երեխաները կշարունակեն երգել

«Փաստարկ» ակումբում ընտրությունների գնահատմամբ երեկ հյուրընկալված «Ժողովրդական» կուսակցության (ԺԿ) ղեկավար եւ «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններում հաղթել է փողը եւ, ինչու չէ, նաեւ ուժը: Հաղթել է նաեւ ԺԿ-ն, որովհետեւ նրա ղեկավարի համոզմամբ, իրենք, կենտրոնամետ ուժ լինելով, արժանացել են ազնիվ ձայների: «Ես համարում եմ, որ այս խորհրդարանն արտահայտում է իշխանության եւ արտաքին ուժերի դաշինքը, որովհետեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահին աջակցում են Միացյալ Նահանգների որոշ ուժեր, իսկ Արթուր Բաղդասարյանն էլ երբեք չի թաքցրել իր եվրոպական կողմնորոշումը: Այնպես որ մենք հիմա ունենք ներդաշնակված խորհրդարան», ընդգծեց Տիգրան Կարապետիչը: Նրա խոսքով, դա վատ էլ չէ, քանի որ մեր երկրին հարկավոր էին դրսի լավ գնահատականները, բայց դրանից տուժում է ներքին քաղաքականությունը. «Մենք զոհ ենք գնում մեծ քաղաքականությանը, որի զոհը ժողովուրդն է, որի անցումային փուլը դեռ երկար կշարունակվի»:

Տիգրան Կարապետիչը չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները, քանի որ «նախ անիմաստ է, հետո էլՙ այս պայմաններում օրինաչափ էր մեր պարտությունը: Բայց մենք շարունակելու ենք մեր քաղաքականությունը` հզորացնելով մեր շարքերը. բարին ուշ թե շուտ հաղթում է»: Քաղաքականության մեջ Կարապետիչի գործի շարունակությունը լինելու է նախագահական ընտրապայքարին պատրաստվելը, քանի որ ԺԿ նախագահը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Հարցին, թե չի՞ վախենում, որ դրսի գործոնն այս անգամ էլ իրեն պարտության կտանի, ԺԿ ղեկավարը պատասխանեց. «Այդ դրսի գործոնն այսուհետեւ ոչ թե մեզ, այլ իշխանություններին է խանգարելու»: Նա չբացառեց, որ իր թեկնածությունը կարող է հանել հանուն մեկի, նշեց նաեւ, որ այսօր մտածում է միավորման մասին:

Ակնհայտ էր, որ «ԱԼՄ հոլդինգի» ղեկավարը սրտնեղել էր այն խոսքերից, թե ինքը հեռուստացույց է բաժանել մարդկանց կաշառելու համար: Նա նշեց, որ թեեւ այս ընթացքում ինքը «Շոգեքարշ» հաղորդման ժամանակ 5 հազար հոգու հեռուստացույց է բաժանել, բայց դրանով տարեցների նկատմամբ ուշադրություն ցուցաբերելու եւ մարդկանց ինքնարժեքի բարձրացման հարցն է լուծել: «Ես դիմացը բան չեմ ուզել, եթե բան ուզեի, անձնագրերը կհավաքեի, էդ թվերը կգրեի: Կարո՞ղ ա իրանց չափ խելք չունեի», լրագրողներին է հարցնում Կարապետիչը: Հետո էլ խորհուրդ տվեց օրենքը կարդալ տեղեկանալու համար, որ ընտրակաշառքը բաժանվում է նախընտրական շրջանում:

«ԱԼՄ» հեռուստաընկերության ղեկավարը վճռական է. եթերային քաղաքականությունը որոշակի փոփոխություններ կկրի` «Շոգեքարշ»-ը կփակվի, բայց երեխաները կշարունակեն երգել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4