«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՐԱՐ ԵՆ ՄՐՑԱԿԻՑ, ԱՅԼ ՈՉ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Դժբախտություն չէ, որ որեւէ մեկը չի անցել խորհրդարան: Եթե ճիշտ հետեւություն անեն, մյուս անգամ կանցնեն: Հետընտրական շրջանի մասին խոսելով այսկերպ ներկայացրեց ԱԺ-ից որոշ ուժերի դուրս մնալը «Տեսակետ» ակումբի հյուր, խորհրդարանի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Ընտրությունների գնահատման առումով Թորոսյանը նախընտրեց դիտորդների ձեւակերպումներից ավելին չասել. «Ամենաճիշտն ապավինելն է դիտորդների գնահատականներին, որովհետեւ նրանք առավել անաչառն են, շահեր չունեն ընտրությունների մեջ: Դրան ես որեւէ բան չեմ ուզում ավելացնել»:

Ինչ վերաբերում է քաղաքական որոշ ուժերի այն հայտարարություններին, թե նրանցից ձայներ են գողացել, Հանրապետական կուսակցության փոխնախագահը թերեւս քաղաքագիտական սեփական բացատրությունը տվեց, թե այդ ուժերը իրենց ստացած եւ, այսպես կոչված, գողացված ձայների գումարն էին ներկայացրել որպես կանխատեսում նախընտրական շրջանում, հետո էլ պիտի արդարացնեին: «Անհաջողության պատճառը պետք է փնտրել վերջին տարիներին սեփական գործունեության մեջ: Յուրաքանչյուրը որակապես ստացել է այն գնահատականը, որը ինքը նախապատրաստել էր իր նախորդ գործունեությամբ», նշեց Տիգրան Թորոսյանը:

Իսկ ՀՀԿ բարձր քվեն Թորոսյանը պայմանավորեց էլի կատարած աշխատանքով: Փաստորեն, եթե հետեւենք Թորոսյանի տեսությանը, Հանրապետականից բացի մյուսներն իրենց գործունեությունը ծավալել էին երեւի Հայաստանից դուրս, որ «չարժանացան» վստահության բավարար քվեի: «Թերեւս բոլորը գտնում են, որ երկրում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: (Ընտրություններում - Ա.Հ.) Վերջնական հաջողությունը եթե գնահատենք, ապա ակնհայտ է, որ ընդդիմությունը չկարողանալով ճիշտ գնահատել իրավիճակը եւ այլ քայլերը, որ պետք էր անել հաջողություն ունենալու համար, ի վերջո թողեց ձայների պատկառելի մի զանգված` մոտ 25 տոկոս, որը հետագայում վերաբաշխվեց եւ էլ ավելի մեծացավ Հանրապետականի բաժինը ապագա խորհրդարանի տեղերում»:

Ձեւավորվելիք կառավարության առնչությամբ Թորոսյանն ընդգծեց, որ մի քանի քայլ կա քաղաքական գործընթացների պարզ տրամաբանությամբ, որի համաձայն ցանկալի է համագործակցել խորհրդարանում, ընդ որում, որքան շատ կուսակցություններ ներգրավված լինեն համագործակցության մեջ, այդքան ավելի լայն կլինեն բազմակարծությունը եւ արդյունավետ աշխատանքը: Թեեւ դժվար է հասկանալ ինչ նկատի ուներ Թորոսյանը երկրում զգալի փոփոխությունների պարագայում, այնուամենայնիվ, չհստակեցրեց նաեւ, թե բազմակուսակցություն համագործակցության արդյունավետությունը որն է:

Միեւնույն ժամանակ, կառավարության անդամ ընդդիմադիր մեկը լինել չի կարող, քանի որ կառավարության անդամ ունեցող ուժն ընդդիմություն լինել չի կարող: Ամեն դեպքում, կոալիցիայով, համագործակցությամբ թե առանց դրա, Հանրապետականը (կարծես շարունակելով նախընտրական պաթետիկան), ըստ Տիգրան Թորոսյանի, լիարժեք կաշխատի:

Անդրադառնալով հաջորդ տարվա նախագահական ընտրություններին` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանի հաջորդ նախագահը կլինի կուսակցության ներկայացուցիչ` չնշելով առանց այն էլ ամենից հաճախ եւ ամենից մեծ հավանականությամբ նշվող միակ թեկնածուի անունը: Ինչ վերաբերում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի այն հայտարարությանը, թե նախագահական ընտրություններում հիմնական թեկնածու է տեսնում իրեն, Սերժ Սարգսյանին եւ Արթուր Բաղդասարյանին, Թորոսյանը կարծիք հայտնեց, թե նախագահական մեկ տասնյակից ավելի թեկնածուներ կլինեն եւ նշեց. «Ես «Օրինաց երկրի» եւ «Նոր ժամանակների» նախագահներին իրար մրցակից համարում եմ»: Թերեւս կռահելի էր, որ անգամ Տիգրան Թորոսյանը Սերժ Սարգսյանին մրցակից թեկնածու չի տեսնում, ինչը նշում են անգամ փորձագետները: Թորոսյանի նշած մեկ տասնյակից ավելի թեկնածուներն ամենայն հավանականությամբ միայն կապահովեն «այլընտրանքային» ֆոն:

Թե կմնա ԱԺ նախագահ, Թորոսյանը չպատասխանեց` խորհուրդ տալով համբերել մեկ շաբաթ-տասը օր եւ կլինեն այդ հարցերի պատասխանները:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4