«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԵՎԱՆԸ ԼՈՒՍԱՎՈՐՎԵՑ 60 ՏՈԿՈՍՈՎ, ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԱՅԴ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԿՀԱՍՆԻ 90-92 ՏՈԿՈՍԻ

Գիշերային սարսափները մնացին անցյալում

1992-ի ծանր տարվանից Երեւանը բառացի թաղվեց խավարի մեջ եւ «մութ ու ցուրտ տարիներ» արտահայտությունն այն ժամանակի բնորոշիչը դարձավ: Արդյունաբերական մյուս ձեռնարկությունների պես «Երքաղլույսն» էլ փլվեց ու անգործության մատնվեց: Մինչդեռ բավական հզոր կառույց էր` 600 աշխատողներով, ամուր տնտեսությամբ` 2 տասնյակից ավելի մեքենաներով, վարչական հզոր շենքերով ու տեխնիկական բազայով:

Նույնիսկ էներգետիկ ճգնաժամից հետո էլ քաղաքը երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել մութը: 1992-ից մինչեւ 2001 թվականը Երեւանը խավարի մեջ էր: Էլեկտրաէներգիան թանկ էր, «Երքաղլույսը»` անվճարունակ:

Փողոցներում լույսի միակ շերտը Մաշտոցի պողոտայում, «ծածկած» շուկայի հատվածի գետնատարած լույսերն էին, ուրիշ ոչինչ: Մնացածը` համայնքների միջոցներով կիսատ-պռատ, քաոսային լույսերն էին քաղաքի այս կամ այն անկյունում: Այն ժամանակ ձեռնարկության նախկին 600 աշխատողից մնացել էին 47 մարդ եւ 2 - 3 մեքենա, որոնք ամիսներ աշխատում էին առանց աշխատավարձի: 2001 թվականից նորոգման միջոցառումները մեկնարկեցին նախ եւ առաջ կարգավորման կենտրոնի վերականգնումով: Եվ քանի որ ֆինանսները չափազանց սուղ էին, օգտագործվում էին միայն ոչ ծախսատար, հնուց առկա ռեսուրսները` մաշված մալուխներն ու կիսաքանդ սյուները, էժանագին լուսատուները: Սրանք քիչ աշխատունակ սնդիկային լամպեր էին, որոնք արագ շարքից դուրս էին գալիս, եւ, ֆինանսական նվազ միջոցների պայմաններում փաստորեն, նոր ու անիմաստ ծախսերի պատճառ դառնում: Ստիպված էին լինում հաճախակի նորերով փոխարինել: Այդպես շարունակվեց մինչեւ 2003 թվականը: Նոր քաղաքապետի գործունեության հենց սկզբի շրջանում ամեն ինչ սկսեց հաշվարկվել Երեւանը մթի ճիրաններից հնարավորինս փրկելու տրամաբանությամբ: Կամաց-կամաց առաջին քայլերն արվեցին, եւ սնդիկային լամպերն աստիճանաբար սկսեցին փոխարինվել նատրիումականով, որոնց լուսատվությունն ավելի բարձր էր եւ կյանքն ավելի երկար:

Թեեւ ոլորտում ֆինանսական հոսքերն սկսվեցին 2003 թվականի երկրորդ կեսից, բայց մինչեւ 2004 թվականի կեսերը ստիպված էին միայն էլեկտրաէներգիայի եւ աշխատավարձերի պարտքերը մարել: Հետո ավելացավ մեքենաների քանակն ու ամրացվեց տեխնիկական բազան, եւ ձեռնարկությունը վերջապես ուշքի եկավ: Նախապես, Երեւանի ողջ տարածքում լուսավորությունը վերականգնելու ծրագիրն ընդգրկում էր 2003-2011 թվականները: Հետո, ֆինանսական միջոցների ավելացման հետ այդ ժամանակը կրճատվեց մինչեւ 2008 թվականը, իսկ 2004 թվականին մշակվեց առաջին ծրագրային նախագիծը 2004-2007 թվականների համար:

Այսօր արդեն, ընդամենը 2 տարվա մեջ լուսավորված է Երեւանի մոտ 60 տոկոսը, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսված է այդ ցուցանիշը հասցնել 90-92 տոկոսի: Հընթացս լույս են ստանում նաեւ բակային բազմաթիվ տարածքներ Կենտրոնում, Էրեբունիում, Աջափնյակում, Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, իսկ Ավանում համարյա խավար բակ չկա: Սկզբից եւեթ աշխատանքն իրականացվեց մեկ հիմնական սկզբունքով` նախ լուսավորել քաղաքի դարպասները, Երեւան մտնող եւ դուրս եկող մայրուղիներով` Իսակովի, Աշտարակի պողոտաները, Թբիլիսյան խճուղին, Սեւանի մայրուղին եւ քաղաքի կենտրոնը: Հետո հաջորդաբար, ըստ նախապես կազմված ինժեներական սխեմայի ու գույքագրման, լուսավորվեցին ու լուսավորվում են մայրուղիների շրջակայքերը: Կարգավարական մեկ կենտրոնացված կետից քաղաքի բոլոր հատվածները լույս են ստանում միանգամից, նույն պահին, եւ այդպես մնում մինչեւ գիշերվա ժամը 2-ը: Այսօր արդեն 546 օբյեկտներ` փողոցներ, դրանց առանձին հատվածներ, այգիներ, փակուղիներ, նրբանցքներ, այլեւս նման խնդիր չունեն:

«Երքաղլույսի» շահագործման ցանցը 690 կմ է կազմում, մինչեւ տարեվերջ կդառնա մոտ 900 կմ , եւ Երեւանը 90-92 տոկոսով դուրս կգա խավարի տիրապետությունից: Բակային տարածքների լուսավորման պարտավորությունն առայժմ համայնքներինն է:

Ոլորտի բնականոն գործունեության հարաբերական խոչընդոտն այս պահին, ըստ «Երքաղլույս» ՓԲԸ գլխավոր տնօրենի, Երեւանը համակած բուռն շինարարությունն է: Փողոցների կապիտալ վերանորոգումները, մինչեւ շինարարության ավարտն այդ հատվածներում աշխատանքների ժամանակավոր դադարեցման պատճառ են դառնում: Այսօր այդպիսի վիճակում է Կոմիտասի պողոտան` ողջ երկայնքով, այդպես 2 ամիս մթության մեջ էր Տերյան փողոցը: Արդեն 10-12 օր հոսանքազրկված է Օրբելին, ուր շինմոնտաժային աշխատանքներ են կատարվում: «Մեկ ամսից այն կլուսավորվի այնպես, ինչպես հիմա Տերյանն է», խոստանում է Սամվել Գաբրիելյանը: Այս տարի մինչեւ տարեվերջ եւս 76 փողոց կլուսավորվեն:

Խավարի գաղափարը սովորաբար ասոցացվում է բացասական զգացողությունների հետ, եւ այդպես էր հատկապես 1991-2001 թվականներին, երբ Երեւանը գլխովին ընկղմվեց մթան մեջ: Մութը մանր ու մեծ հանցագործությունների նպաստավոր միջավայր է, իսկ գիշերային Երեւանի սարսափներն այն տարիներին զուգորդվում էին նաեւ խորդուբորդ փողոցների պատճառած տհաճությունների եւ թափառական քաղցած շների անսպասելի հարձակումների վտանգով:

Երեւանի այն փողոցները, որոնք կապիտալ նորոգումների ենթարկվեցին, նաեւ իրենց լուսավորվածության մակարդակով չեն զիջում եվրոպական երկրների քաղաքներին: Այդպիսի հատվածները բավական մեծ քանակ են կազմում արդեն` Տերյան, Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Աճառյան փողոց, Գայի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Տիգրան Պետրոսյան, Ռուբինյանց, Դավիթ-Բեկի փողոցներ: Դրանք այսօր նորացվել են եվրոպական չափանիշներով, օգտագործելով սյուների ու լուսատուների դիզայնի նրանց չափորոշիչները: Այսօր Երեւանում ոչ մի հին լուսատու չի տեղադրվում: Օգտագործվում են «Ֆիլիպս», «Օսրամ» ֆիրմաների լամպերը, որոնց կյանքի տեւողությունը 2000-6000 ժամ է:

Գեղարվեստական լուսավորություն իրականացվում է քաղաքի ճարտարապետական նշանակության շենքերի, արձանների վրա: Դրանք ենթադրում են ինժեներական կոնկրետ լուծումներ ու կերպավորումներ: Այդպիսին է Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված արձանի լուսավորումը Ազատության պողոտայի սկզբնամասում, Իսակովի արձանը: Քաղաքի արձաններից 23-ն արդեն 2 տարի անցորդին ու զբոսաշրջիկին ընկալելի են դարձել նաեւ մութն ընկնելուն պես: Ընդհանրապես, ամեն քաղաք առաջին անգամ ոտք դնողի ուշադրությունը, անկախ ամեն ինչից, գրավում է սանիտարական վիճակը, իսկ գիշերն ընկնելուն պես` նաեւ լուսավորության մակարդակը: Երբ մութն ընկնում է, Մատենադարանի շենքը հառնում է իր ողջ պերճաշուքությամբ: Սպիտակ լույսի մեջ ընկղմվածՙ իշխում է շրջապատի վրա, կյանք տրված նույն սկզբունքով, ինչպես Մայր Հայաստանը, Թումանյանի տուն-թանգարանը Գլխավոր պողոտայի սկզբնամասում:

Գիշերային լուսավորության միջին տարեկան ցուցանիշը Երեւանում մինչեւ 10 ժամ է: Առավելագույն ժամկետները վերաբերում են ձմռան եւ տոնական օրերին: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 14-ն ամեն տարի գիշերային լույսերը չեն մարում մինչեւ առավոտ, դրանք վառ մնացին, ի դեպ, նաեւ վերջերս` ընտրությունների ընթացքում: Մութուլուսի սահմանազատումը կատարվում է բարձր զգայնությամբ լուսային ռելեների միջոցով, եւ ըստ դրանց տվյալների, ամեն օրվա համար հատուկ գրաֆիկ է կազմվում:

Երեւանն առայժմ լուսավորվում է մինչեւ գիշերվա ժամը 2-ը: Սամվել Գաբրիելյանը հակված է լավատեսական կանխատեսումների` «Շուտով մեզ մոտ էլ, ինչպես եվրոպական քաղաքներում, ողջ գիշեր լույս կլինի, ինչպես ցերեկը: Ինձ նույնիսկ թվում է` 2008 թվականից արդեն դա հնարավոր կլինի: Տարիներ առաջ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ քաղաքային միջոցներից տարեկան 850 մլն դրամ կհատկացվի այս տնտեսությանը: 2001 թվականին այդ թիվն ընդամենը 47 մլն էր»:

Ամեն ամիս «Երքաղլույսը» 25-26 մլն դրամի հոսանք է օգտագործում, օրական միջին հաշվով` 800 հազար դրամի: Հաշվարկված է, որ ողջ գիշեր քաղաքը վառ պահելու համար ամեն ամիս 55-60 մլն դրամ կծախսվի: Եվ էլեկտաէներգիայի հետ կապված մեծ ծախսերի հեռանկարն առայժմ թույլ չի տալիս նման շքեղություն:

Քաղաքի լուսավորության ոլորտն այսօր վստահաբար կարելի է դասել տնտեսության այն բնագավառների շարքում, որոնք հաջողությամբ վերակենդանացան ոչնչից, չկործանվեցին, ասենք, ինչպես, ջեռուցման համակարգը:

Մեր մասնագետներն ամեն տարի եվրոպական քաղաքներում (Լիոն, Գլազգո) մասնակցում են միջազգային, այսպես կոչված` «լույսի սեմինարների», ուսանում զարգացած երկրների փորձն ու ավանդույթները: Ի դեպ, եվրոպացիներին նույնպես հետաքրքրում է մեր փորձը: Համեմատական վերլուծություններն օգնում են շատ բան փոխել քաղաքի գիշերային կերպարի մեջ, այն դարձնել առավել դիտարժան ու հրապուրիչ:

Մեկ տարի առաջ Երեւանում էր «Ֆիլիպս» համաշխարհային ճանաչում ունեցող ֆիրմայի փոխտնօրենը: Նրան, ինչպես եւ դրսի մյուս մասնագետներին հետաքրքրում են հատկապես ճարտարապետական նշանակության շենքերի լուսավորվածության սկզբունքները, եւ բազմիցս հիացմունք են հայտնել այդ առթիվ: Ճարտարապետական արժեքավոր կառույցների գիշերային կերպարի ինքնատիպությունն ստեղծվում է դրանց զանգվածի, զարդապատկերային առանձնահատկությունների ու լուծումների մանրակրկիտ դիտարկումներից հետո, ճարտարապետական մանրամասների հետ ներդաշնակության տրամաբանության մեջ, այնպես որ դրանք ցերեկվա նման դիտարժան ու տեսանելի լինեն: եվ շատ անգամ արդյունքն ու տպավորությունն ավելին են լինում. լույսերով ողողված Հանրապետության հրապարակը գողտրիկ պատմություն է դառնում հայ մարդու ստեղծագործ հանճարի մասին, Մատենադարանը` խոսքով անարտահայտելի գեղեցկություն: Հանրապետության հրապարակը լուսավորելու նախագիծը մշակվել է այնպես, որ նրա ճարտարապետական նրբին ուրվագծերն արտացոլվեն լույսի ու ստվերի կախարդական խաղերի մեջ:

Էներգետիկ ճգնաժամի տարիներին քաղաքը ողողվեց ձախ լարանցումների ցանցով, առանձին անհատներ, ամեն մեկն իր ճաշակով, Երեւանն աղավաղեց, օգտագործվեցին էլեկտրացանցի, տրամվայների ու տրոլեյբուսների, հեռահաղորդակցության սյուները: Մինչ օրս կախկխված մալուխների ու լարերի խառնիխուռն, քաոսային տիրապետությունից քաղաքը դեռ չի ազատվել: Քաղաքապետի հանձնարարականով նաեւ դրանց կարգաբերման աշխատանքներն են այսօր օրակարգում:

Երեւանն ԱՊՀ երկրների մեջ արդեն առանձնանում է իր լուսավոր կերպարի առանձնահատկություններով եւ այն իրականություն դարձնելու տեխնիկական մակարդակով ու հնարավորություններով: ԱՊՀ շատ երկրներ նոր-նոր են փորձում կիրառել նատրիումական լուսատուներ: Իսկ մեզ համար առայժմ անմատչելի են այն հնարավորությունները, որոնք լայնորեն կիրառվում են Եվրոպայում: Թանկարժեք տեխնիկական միջոցներ ու գեղարվեստական նախագծեր օգտագործվում են միայն հատուկ օրերի, կարեւորագույն միջոցառումների ժամանակ, ինչպես եղավ Շառլ Ազնավուրի համերգի կամ բանակի 15-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ, երբ Հանրապետության հրապարակում վառվեցին շլացուցիչ պայծառ լուսային զարդեր ու պատկերներ: Եվրոպական քաղաքներում դրանք այսօր կիրառվում են շենքերի ճակատների, արձանների, ծառերի, նույնիսկ սովորական փողոցների լուսավորման ժամանակ, ամեն օր: Մեզ մոտ առայժմ միայն մանր ու միջին բիզնեսի սպասավորներն են, հատկապես սպասարկման ոլորտում, նման փորձեր անում: Օպերային թատրոնի շրջակայքի սրճարանների ծառերն, օրինակ, գունային տարբեր փայլատակումներով շողշողում են մութն ընկնելուն պես:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4